HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանում թեքահարթակների կառուցման հարցերը «քննարկման փուլում են»

Խորհրդարանում թեքահարթակների կառուցման ժամկետների հարցով հստակություն չկա: Այս մասին տեղեկանում ենք «Հետք»-ի՝ խորհրդարանի լրատվության և հանրության հետ կապերի վարչությանն ուղղված գրավոր հարցման պատասխանից:

Մեր գրավոր հարցման տեքստում խնդրել էինք հստակեցնել, թե երբ է խորհրդարանի նիստերի դահլիճը հարմարեցվելու սահմանափակ կարողություններ ունեցող անձանց տեղաշարժի համար, և որքան գումար է անհրաժեշտ խորհրդարանի տարածքում թեքահարթակներ կառուցելու համար:

Խորհրդարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանի մակագրությամբ պատասխանում ասվում է.

«Տրված հարցերը քննարկման փուլում են, այդ ուղղությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ: Գործընթացի ավարտից հետո հնարավոր կլինի անդրադառնալ ձեզ հետաքրքրող հարցերին»:

Հիշեցնենք, որ մարտի 26-ին խորհրդարանում հրավիրված «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու և դեղեր բաց թողնելու» թեմայով լսումներին «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը դժգոհեց, որ սահմանափակ կարողություններ ունեցող անձանց տեղաշարժի համար խորհրդարանում պատշաճ պայմաններ չկան:

Հավանաբար խորհրդարանի՝ հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժի համար ոչ հարմար նիստերի դահլիճն էլ այն պատճառն էր, որ մարտի 28-ին «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքի նախագծի խորհրդարանկան քնարկումները անցկացվեցին ոչ թե խորհրդարանում, այլ «Կոնգրես» հյուրանոցում:

Disabilityinfo.am կայքի խմբագիր Զարուհի Բաթոյանը մինչ լսումները իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ չեն մասնակցելու լսումներին, քանի որ խորհրդարանական  հարթակը կարող էր լսելի դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները և հանրային լայն հնչեղություն առաջացնել խնդրի հարցով:

Մեր հարցման մեջ խնդրել էինք նաև հայտնել, թե ինչու են լսումներն իրականացվել «Կոնգրես» հյուրանոցում, քանի որ խորհրարանական լսումերի ձևաչափն արդեն իսկ ենթադրում է, որ այն լինելու է խորհրդանում, պատասխանը ներկայացնում ենք ստորև.

«ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովից ստացված տեղեկության համաձայն՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» թեմայով խորհրդարանական լսումները ԱԺ-ում անցկացնելու վերաբերյալ հասարակական կազմակերպությունների առաջարկը ստացվել է «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում վերոնշյալ խորհրդարանական լսումները կազմակերպելու վերաբերյալ տեղեկությունը ԱԺ պաշտոնական կայքի «հանձնաժողովներ» բաժնի «խորհրդարանական լսումներ» ենթաբաժնում տեղադրելուց և շահագրգիռ կողմերին միջոցառման անցկացման վայրի ու ժամի մասին իրազեկելուց հետո»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter