Երեքշաբթի, 17 հուլիսի

70-ամյա հաշմանդամ կինը կարող է կորցնել ընտանեկան փոքր բիզնեսը. ի՞նչ կապ ունի Արմեն Ամիրյանը



Խոշոր բիզնեսն՝ ընդդեմ ընտանեկան փոքր բիզնեսի՞

Երևանի բնակչուհի, թոշակառու, 3-րդ կարգի հաշմանդամ, 70-ամյա Ժենյա Մարգարյանը՝ ամբողջ ընտանիքով, արդեն մի քանի տարի պայքարում է Հարավ-արևմտյան թաղամասում՝ իրենց շենքի ու «Կինո Հայաստանի» հարևանությամբ գտնվող ընտանեկան փոքր բիզնեսը պահպանելու համար: Ընտանիքը դիմել է «Հետքին»՝ նշելով, որ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի համահիմնադրությամբ ստեղծված «Արմեն Ակոբ» ՍՊԸ-ն է ցանկանում վերցնել իրենց օրինական տարածքը՝ 104 քմ-անոց խանութը՝ հիմնավորելով, որ այդ տարածքը համադրվում է «Կինո Հայաստանին» պատկանող հողամասի տարածքի հետ: 

Արմեն Ամիրյանը «Արմեն Ակոբ» ՍՊԸ-ի համահիմնադիրներից է

2015-ին հանրապետության նախկին նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց վերանորոգված շքեղ կառույցի` «Կինո Հայաստանի» բացմանը, որի վերանորոգման համար ծախսվել էր 8 մլն դոլար: Սերժ Սարգսյանին ուղեկցում էին Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Ամիրյանը:


Արմեն Ամիրյանը՝ «Կինո Հայաստանի» բացման ժամանակ

Փաստորեն, մի կողմում շքեղ շինությունն է՝ ներկայիս «Կինո Հայաստանը»՝ իր բազմահազարանոց քառակուսի մետրերով, մյուս կողմից՝ մեկ ընտանիքի ապրուստի միջոց փոքր բիզնես տարածքը:

«Կինո Հայաստանի» շենքը և «Անտառային ձայներ» խանութը

Արդեն 4 տարի Հակոբյանների ընտանիքը՝ իրենց խանութի տարածքը պահպանելու համար դատական քաշքշուկների մեջ է: Թեև այն օրինական է, առկա է սեփականաշնորհման վկայական, այդուհանդերձ «Կինո Հայաստանի» շենքի նախկին սեփականատեր «Արմեն Ակոբ» ՍՊ ընկերությունը վարչական դատարանում վիճարկել է քաղաքապետարանի որոշումը, որով խանութի տարածքը օրինական կարգով տրվել է Հակոբյանների ընտանիքին: Վարչական դատարանում՝ դատավոր Հրաչ Այվազյանի նախագահությամբ, 4 տարի տևած դատական պրոցեսը լուծվել է հօգուտ «Կինո Հայաստանի» շենքի նախկին սեփականատիրոջ: Տիկին Ժենյայի ներկայացուցիչ, փաստաբան Գևորգ Մկրտչյանը, որոշումը բողոքարկել է Վերաքննիչ վարչական դատարան:    

«Ապրուստի միջոցը կորցնելու վտանգից քայքայվեց ամուսնուս առողջությունը»

Պայքարի ճանապարհին՝ 2016-ին, Ժենյա Մարգարյանը կորցրել է ամուսնուն՝ Գագիկ Հակոբյանին: Համոզված է, որ ամուսնու առողջությունը քայքայվել էր Երևանի Անդրանիկի 50/5 հասցեում գտնվող, իր ձեռքերով, ուժերով կառուցած, օրինական գրանցված խանութն իրենից խլելու վտանգը.

«Օր ու գիշեր մտածում էր, ուզում էր մեր ապրուստի հարցը լուծեր, նոր գնար: Ասում էր՝ էս մտածմունքը մեզ տանելու ա: Հաջորդը ես եմ՝ սիրտս վիրահատված ա, շաքար ունեմ, կուրծքս հեռացված»,-ասաց Ժենյա Հակոբյանը:

Իսկ ամուսինը՝ Գագիկ Հակոբյանը, երկու վիրահատություն է տարել՝ սրտի ու գլխի: Մահվանից հետո՝ 2016-ին Վարչական դատարանում կասեցվել է վարույթը իրավահաջորդության հարցը լուծելու նպատակով: Քանի որ խանութի ժառանգությունն ընդունել է կինը՝ Ժենյա Մարգարյանը, նա էլ դարձել է ամուսնու իրավահաջորդը:   

«Լրիվ հող էր, ամեն ինչ իր ձեռքերով սարքեց ամուսինս»

Տիկին Ժենյան այսօր էլ, ինչպես 20 տարի, սովորականի նման, առավոտյան բացում է խանութի երկու դռները: 104 քմ տարածքում երկու մուտք կա՝ մեկը՝ անտառային ձայներ, որտեղ վաճառվում են դեկորատիվ կենդանիներ, մյուսը՝ կոշիկի բաժինը: Խանութում աշխատել են ընտանիքով՝ ամուսինը, ինքն ու դուստրերը: Ինչպես իրենք են նշում՝ 1997-ից այն ընտանիքի ապրուստի միակ միջոցն է եղել: Տիկին Ժենյան հիշում է, թե ինչպես է ամուսինը 1987-ից սկսել կառուցել խանութը.

«Լրիվ հող էր, երևի 100 մեքենա հող ենք հանել, ամեն ինչ իր ձեռքերով սարքեց ամուսինս»:

Սկզբում այն ինքնակամ շինություն է եղել, ապա 2003-ին օրինականացվել է: Կա գլխավոր հատակագիծ:

«Անգամ մինչև օրինականացումը հայրս վճարումների բոլոր կտրոնները պահում էր, այդ ամենը ներկայացրել ենք դատարան»,-ասում է Գագիկի ու Ժենյայի դուստրը՝ Արաքսյա Հակոբյանը:


Հակոբյաններին պատկանող խանութի հողամասի գլխավոր հատակագիծը

Այն, որ խանութը Գագիկ Հակոբյանն է կառուցել, նշում են ոչ միայն իր ընտանիքի անդամները, այլև վարչական դատարան ներկայացված շինության հարևանությամբ բնակվող բազմաթիվ քաղաքացիները՝ գրավոր հայտարարությամբ, որ շինությունը 1987-1988թթ. կառուցվել է Գագիկ Հակոբյանի կողմից: Այդ շինությունում ծավալած ձեռնարկատիրական գործունեության մասին փաստում են 1998թ.-ից կատարված վճարները (զբաղեցրած տարածքի օգտագործման վարձավճարի մուծման անդորրագրեր, ջրամատակարարման, հողի վարձավճարի, գույքահարկի և հողի հարկի վճարման անդորրագրեր, կոմունալ վճարների անդորրագրերը)։

«Իրենց կողմը հզոր է, իսկ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»

Գագիկ Հակոբյանի այրին՝ Ժենյա Մարգարյանը մեզ պատմեց, որ մահանալուց մի քանի ամիս առաջ ամուսինն իրեն ասել է Արմեն Ամիրյանի հետ ունեցած հանդիպման մասին: Ամուսնու պատմելով՝ Արմեն Ամիրյանն իրեն փոխանցել է՝ հանելու եմ քեզ էստեղից:

«Փաստորեն իրենց կողմը հզոր է, իսկ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»,-ասաց 70-ամյա թոշակառուն:

Հարավ-արևմտյան թաղամասի Անդրանիկի փողոցի բնակիչները կհիշեն, որ անկախացումից հետո չգործող «Հայաստան» կինոթատրոնի շենքի վրա 2000-ականներին գրվեց «Արմենակոբ» հեռուստաընկերություն: Այն հիմնվել էր Արմեն Ամիրյանի կողմից 2000 թվականին։ 2010 թվականին այն վաճառվել է «Հոպար Մեդիա» ընկերությանը: Այդ հաճախականությամբ սկսել էր հեռարձակվել ATV հեռուստաալիքը։

Իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրից պատվիրված տեղեկատվության համաձայն՝ «Արմեն Ակոբ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1996-ին՝ նույն «Հայաստան» կինոթատրոնի շենքում՝ Անդրանիկի 74 հասցեում, ունեցել է 21 հիմնադիր, այդ թվում նաև՝ Արմեն Ամիրյանը, սակայն նրա գործունեությունը դադարեցված է:

2014-ին ՍՊԸ-ն օտարել է Անդրանիկի 74 հասցեում գտնվող շինությունը: Շինության հարևանությամբ արդեն 20 տարի գործող խանութի սեփականատեր Ժենյա Մարգարյանի ներկայացուցիչ, փաստաբան Գևորգ Մկրտչյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կինոյի շենքը «Արմեն Ակոբ» ՍՊԸ-ի կողմից օտարվելուց հետո՝ 2014-ից են առաջացել հիմնական խնդիրները, քանի որ տարածքը նշված է եղել 5000 քմ, սակայն փաստացի տարածքը այդքան չի կազմել, այլ պակաս՝ 3923 քմ: Սակայն 2010-ից արդեն դա պարզ է եղել, քանի որ քաղաքապետարանը տվել է նման փաստաթուղթ: Այնինչ դրանից հետո տարածքը չի ներկայացվել գրանցման: Փաստաբան Գևորգ Մկրտչյանը նշեց, որ 5000 քմ-ի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչվել է 2006-ին, իսկ Գագիկ Հակոբյանի 104 քմ մակերեսով խանութինը՝ ավելի վաղ՝ 2003-ին:

Հակոբյանների իրավական դիրքորոշումը

«Մեզ համար իրավական առումով անհասկանալի է մնացել, թե ինչով է դատարանը ապացուցված համարել այն, որ հատկապես Գագիկ Հակոբյանի կողմից զբաղեցրած հողամասը գտնվել է 5000 քմ հողամասի տարածքում, քանի որ դատարանում դա հիմնավորող որևէ ապացույց՝ թույլատրելի ու վերաբերելի, չի ներկայացվել: Նույնիսկ Կադաստրի ներկայացուցիչը նման տեղեկատվության չէր տիրապետում»,-ասաց Հակոբյանների փաստաբան Գևորգ Մկրտչյանը:

Փաստաբան Գևորգ Մկրտչյանը, լուսանկարը՝ pastaban.am կայքից

ՍՊԸ-ի և Գագիկ Հակոբյանի անվամբ գրանցված հողամասերի համադրությունն ապացուցելու համար ՍՊԸ-ի կողմից դատարան է ներկայացվել «Էքսպերտ լոբորատորիա» ՍՊԸ-ի կողմից տրված փորձագետի եզրակացությունն, ըստ որի՝ Անդրանիկի փողոցի թիվ 50/5 և 74 հասցեներում գտնվող ներկայացված շինությունները փաստացի համադրվում են 104,2 քմ մակերեսով։ Սակայն, ըստ Գևորգ Մկրտչյանի, փորձագիտական եզրակացություն տված անձը նշանակվել է ոչ թե դատարանի կողմից, այլ որպես այդպիսին ընտրվել է դատավարության մասնակցի կողմից արտադատական կարգով՝ պայմանագրային հիմունքներով, առանց ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգի պահպանման, իր դատավարական կարգավիճակով չի կարող համարվել փորձագետ: Սա, ըստ փաստաբանի, անթույլատրելի ապացույց է:

Երևանի քաղաքապետի 28.04.2010թ. թիվ 1704-Ա որոշմամբ հենց «Արմեն Ակոբ» ՍՊԸ-ի 31.03.2010թ. դիմումի (մուտք թիվ 10/6556) հիման վրա ճշտվել են ՍՊԸ-ին պատկանող հողամասի չափերը, որը 0,5 հեկտարի՝ 5000 քմ-ի փոխարեն կազմել է 3923,53քմ: Այսինքն՝ ըստ փաստաբան Գևորգ Մկրտչյանի՝ ՍՊԸ-ն հողամասի չափերի մասին տեղյակ է եղել դեռևս Երևանի քաղաքապետի 28.04.2010թ. թիվ 1704-Ա որոշման կայացման ժամանակ և այն որևէ կերպ չի բողոքարկվել կամ վիճարկվել: Սակայն դատարանում նշվել է, որ ՍՊԸ-ն նման տեղեկատվություն չի ստացել: Քաղաքապետարանն էլ հաստատել է, թե չի տրամադրել կողմին:

 «Տարօրինակ էր քաղաքապետարանի ներկայացուցչի դիրքորոշումը, մենք՝ որպես 3-րդ կողմ, ակամայից մեր վրա էինք վերցրել պաշտպանվելու գործը: Երբեմն ներկայացուցիչը նույնիսկ նիստերին չէր գալիս»,-ասաց փաստաբան Գևորգ Մկրտչյանը: 

Փաստաբանը նշեց, որ ՍՊԸ-ին պատկանող հողամասի վերաբերյալ գլխավոր հատակագիծ առկա չէ, որով հնարավոր կլիներ պարզել հողամասի սահմանները և հստակ գտնվելու վայրը, իսկ Ժենյա Մարգարյանին պատկանող՝ Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 50/5 հասցեում գտնվող հողամասի նկատմամբ գրանցված սեփականության իրավունքն ամրագրված է գլխավոր հատակագծով:

«Արմեն Ակոբ» ՍՊԸ-ի դիրքորոշումը

 Վարչական դատարանը հաստատված է համարել, որ Երևանի քաղխորհրդի գործկոմի 07.05.1986թ. նիստի արձանագրության քաղվածքի համաձայն՝ Հայկական ՍՍՀ կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեին կինոթատրոնի շենքի շինարարության համար հատկացվել է 0.5 հա՝ 5000 քմ մակերեսով հողամասի առկայությունը, որն էլ հետագայում սեփականաշնորհվել է «Հայաստան-2001» ՍՊ ընկերությանը (իրավահաջորդ «Արմեն Ակոբ» ՍՊ ընկերություն) ու հանգել այն եզրակացության, որ որոշմամբ Գագիկ Հակոբյանի անվամբ օրինկանացված շինության զբաղեցրած հողամասը ընդգրկվել է ՍՊԸ-ին պատկանող հողամասի սահմաններում։

 «Հետքը» զրուցեց նաև «Արմեն Ակոբ» ՍՊ ընկերություն ներկայացուցիչ, փաստաբան Սյուզաննա Մալխասյանի հետ, ով համոզմունք հայտնեց, որ Վարչական դատարանը կայացրել է արդար վճիռ. 

«Դատական ակտը շատ արդարացի է ու բխում է օրենքի տառից»,-ասաց փաստաբան Մալխասյանը: Նա կարևորեց «Արմեն Ակոբ» ՍՊԸ-ի՝ որպես սեփականատիրոջ շահը:

«Հիմա գուցե էդ կողմը եկել-դիմել է լրատվամիջոցների ու փրփուրներից է կախվել, ուրեմն նաև ընդունում է էդ դատական ակտի մեջ եղած բոլոր բացասական բաները ի վնաս իրեն: Ինչի համար է էս ամեն ինչը, ես չեմ հասկանում... այդ ամեն ինչը տեղի է ունեցել դատական կարգով, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»:

Փաստաբան Սյուզաննա Մալխասյանը, լուսանկարը՝ pastaban.am կայքից

Մենք փորձեցինք «Արմեն Ակոբ» ՍՊ ընկերության ներկայացուցիչ փաստաբանից ճշտել ՍՊԸ հիմնադիրների փոփոխության մասին տեղեկատվությունը, մասնավորապես այն, որ բարձրաստիճան պաշտոնյա հանդիսացող Արմեն Ամիրյանի մասնակցությունը դադարեցված է: Սակայն Սյուզաննա Մալխասյանը նախ նշեց, որ այդպիսի բան չկա, հետո հակադարձեց, թե ինչու եք մտնում ընկերության «ներքին կուխնյայի մեջ», եթե մեզ դիմել են դատական գործով: Փաստաբան Մալխասյանը շեշտեց, որ ընկերության կանոնադրության ու մասնակիցների կազմի մեջ մեջ ընդհանրապես չի մտնում: Ավելին՝ նման բան անելը համեմատեց ուրիշի ընտանիք մտնելու հետ:

ՍՊԸ-ն նշված տարածքը՝ 0.5 հա մակերեսով հողամասը և 1572.6քմ շինությունը, ձեռք է բերել դեռևս 07.10.1996թ.-ից` համաձայն սեփականաշնորհման պայմանագրի: Ըստ «Արմեն Ակոբ» ՍՊԸ-ի ներկայացրած դիրքորոշման, Գագիկ Հակոբյանը «ապօրինի կերպով զավթել և օգտագործել է հողամասը, ավելին՝ «Արմեն Ակոբ» ՍՊԸ-ին պատկանող հողի և շինության ստորգետնյա հատվածի նկատմամբ հետագայում ձեռք է բերել սեփականության իրավունք»։

Ըստ ՍՊԸ-ի դիրքորոշման, Երևանի քաղաքապետարանը Գագիկ Հակոբյանի սեփականության իրավունքը ճանաչել է առանց հաշվի առնելու, որ շինությունը ուղղակի հանդիսանում է ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողի ստորգետնյա հատվածը։ Իսկ քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ «Հողամաuի նկատմամբ uեփականության իրավունքը տարածվում է դրա uահմաններում գտնվող վերգետնյա և uտորգետնյա տարածքի վրա…», իսկ համաձայն 3-րդ, 5-րդ, 6-րդ կետերի՝ հողամաuի uեփականատիրոջն է բացառիկ իրավունքով վերապահված օգտագործելու այն ամենը ինչն առկա է հողամասի մակերեսին և դրա տակ։

Ուշագրավ է

Ուշագրավ է, որ ՍՊ ընկերությունը դեռ դատական պրոցեսի սկզբին միջնորդություն է ներկայացրել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ. միջնորդել է արգելել Գագիկ Հակոբյանին ք. Երևան, Անդրանիկի 50/5 հասցեի գույքի շահագործումը:

Ուշագրավ մեկ փաստ ևս՝ Վարչական դատարան դիմելու 4000 դրամ պետական տուրք հանդիսացող գումարի գանձումը «Արմեն Ակոբ» ՍՊԸ-ն միջնորդել է հետաձգել, ինչը դատարանը բավարարել է:

Լուսանկարներ՝ խանութի տարածքից

«Մենք՝ մեր տան դիմաց, հորս ձեռքերով կառուցած խանութում չենք կարողանում հանգիստ աշխատել: Անընդհատ մտածմունքի մեջ ենք՝ ինչ կլինի հետո: Բայց պայքարելու ենք, եթե ոչ Հայաստանում, ապա մինչև եվրոպական դատարան կհասցնենք գործը, բայց եթե չունենանք ապրուստի միջոց, պիտի ստիպված գնանք երկրից»,-ասում է փոքր ընտանեկան բիզնես ունեցող Արաքսյա Հակոբյանը:

Հակոբյանների գործը միակը չէ. ՍՊԸ-ն վիճարկել է նաև մոտ 17 քմ այլ տարածք

Դատական տեղեկատվական համակարգում առկա է նույն ՍՊԸ-ի ևս մեկ վարչական գործ՝ ընդդեմ քաղաքապետարանի, այս անգամ երրորդ անձը Ալվարդ Գրիգորյանն է: Վիճարկվել է Անդրանիկի փողոց, թիվ 48/2 հասցեում գտնվող՝ որպես պետական սեփականություն որակված 16,93քմ մակերեսով հողամասում Ալվարդ Գրիգորյանի կողմից ինքնակամ կառուցված 16,93քմ մակերեսով շինության նկատմամբ Երևանի քաղաքապետի 2007 թվականի մայիսի 14-ի թիվ 1117-Ա որոշումը:  2008 թվականի մայիսի 21-ի պայմանագրով այն վարձակալության իրավունքով տրամադրվել է Ալվարդ Գրիգորյանին: Փաստորեն, վիճահարույց հողամասը գտնվել է Երևան համայնքի սեփականության ներքո և վարձակալության իրավունքով հանձնված է եղել Ալվարդ Գրիգորյանին: Սակայն վարչական դատարանը քաղաքապետարանի որոշումը դարձյալ անվավեր է ճանաչել՝ հարցը լուծելով հօգուտ «Արմեն Ակոբ» ՍՊԸ-ի: Վերաքննիչ ատյանում բողոքը ետ է վերցրել Ալվարդ Գրիգորյանը, գործի վարույթը կարճվել է:

Հ.Գ. «Հետքը» անդրադարձել է Արմեն Ամիրյանին պատկանող գույքի ու եկամուտների հայտարարագրին՝ գրելով, որ Արմեն Ամիրյանն անշարժ գույքի պակաս չունի. 2017-ի խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ ԿԸՀ է ներկայացրել 14  անշարժ գույքի մասին տեղեկատվություն, որոնցից 5-ը առանձնատուն, 7՝ հողամաս, 2՝ շինություն:

Առաջին լուսանկարում՝ սեփականատեր Ժենյա Մարգարյանն է՝ իր խանութի դեկորատիվ կենդանիների բաժնում


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (8)
1. Կարեն 23:19 - 12 ապրիլի, 2018
Ցավալի, ամոթալի բայց արդեն սովորական պատմություն է։ Միայն մնում է թքել ու հարցնել - ոնց գետինը չեն մտնում այդ խիղճ ու պատիվը մոռացած ինտելեգենտներն ու դատավորները
2. Արա01:40 - 13 ապրիլի, 2018
Ամոթ Արմեն Ամիրյանին
3. Մերի09:56 - 13 ապրիլի, 2018
Ամիրյանի մասին լավ կարծիք Ունեի:...... Քանց թե հին հայկական պատմամշակութային կոթողները վերականգնեն ու պահպանեն, որ մեր պատմությունը չգնա կորի ընկել ինչով են զբաղվում: Չեն հասկանում, որ սենց մարդկանց հետ վարվեն` փոքր բիզնես Էլ մարդ չի կարում ունենա բոլորը թողելու են գնան հետո ում վճարած հարկերով են ապրելու գոնե դա մտածեք: Մենակ ձեր երեխեքը չեն ուրիշի երեխեքին էլ թողեք նորմալ առանց դատական քաշքշուքների ապրեն իրանց հողում:
4. Կարինե11:07 - 13 ապրիլի, 2018
Եթե այսքան ապացույցներւց հետո պետքա արդարությունը չհաղթի, էլ ինչի մասին խոսք կարող է գնալ: Չեք ամաչում Արմեն Ամիրյան!!!!!??? շատ եմ ցավում որ արդար մարդիք ստիպված են պայքարել իրենց իսկ սեփականության համար
5. Արմինե20:17 - 13 ապրիլի, 2018
Այս պատմությանը ծանոթանալուց հետո, կրկին անգամ համոզվեցի , որ Ամիրյանն էլ պատկանում է այդ գայլերի ոհմակին, որն ուտում է խեղճ ժողովուրդի 《ՄԻՍԸ》. Ամոթ է. Ամոթ. Վերջապես քո դեմքն էլ տեսանք. Մեկա չեք մարսելու. Վախխեցեք ԱՍՏԾՈ դատաստանից:
6. Արևիկ21:55 - 13 ապրիլի, 2018
Ի վերջո այսպիսի "երկարաթև" մարդկանց ձեռքերը երբ են կարճվելու ,որ իրենց իսկ կողմից սահմանված օրենքները չշրջանցեն ։ Չի կարելի մի մարդու աշխատանքը , ով շարժվելա օրենքով , ուղղակի վերցնել իր քմահաճույքի համար ու մի բան էլ մեղադրել դիմացինին անիրավության մեջ ։
7. թոշակառու08:50 - 14 ապրիլի, 2018
Մի կողմում բարձրադիր պաշտոնյա է, ով ջրի գնով սեփականաշնորհել է (այսինքն հափռել է) ժողովրդին պատկանող հսկա ունեցվածքը, իսկ մյուս կողմում իր արյուն քրտինքով մի պստիկ բան ստեղծաց չարքաշ քաղաքացին: Եւ պետա-իրավական համակարգը միահամուռ պաշտպանում է առաջինին, ոչնչացնելով երկրորդին: Ուրեմն ի՜նչ ապագա կարող է սպասվել նման երկրին:
8. Gohar14:35 - 16 ապրիլի, 2018
Հետք, կանգնեք խեղճի թիկունքին, գոնե մե՛կ անգամ այդ գարշելիները պետք է պարտվեն՞, թե ոչ։ Հիշեցրեք Ամիրյանին թե ինչպես էր տալանում ու լոլո անում Ավետարանչական եղբայրներ Ջամբազյանների գլուխը։ Հե՛նց Հակոբ Ջամբազյանի միջոցներով էլ "գնեց", թռցրեց այդ շինությունը։ Ամոթ նախարարին,որի աչքը մենակ հողից կկշտանա։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

-orerin.html">Եղանակն առաջիկա օրերին
  • 14:58 Արայիկ Հարությունյան. «Նախարարին կից հասարակական խորհուրդը պետք է իրական դերակատարություն ունենա»
  • 14:51 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդիպել են
  • 14:49 ՀՀԿ-ն ընտրակարգի չորս տարբերակ առաջարկեց
  • 14:46 ԱԱԾ-ն կքննի «Օպերա» ակումբի վարձակալին առևանգելու դեպքը
  • 14:35 Մալիշկա համայնքի ղեկավարին կալանավորելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերվել
  • 14:26 Հայաստանի դեսպանը քննադատում է Սլովակիային Ադրբեջանին զենք մատակարարելու համար. «Oգնել եք մեզ սպառնացող պետությանը»
  • 13:21 Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարված քննությամբ վերականգնվել է մոտ 43 միլիոն դրամ
  • 13:02 Քրեակատարողական բժշկության կենտրոնը աշխատանքի է հրավիրում բժիշկների և միջին բուժաշխատողների
  • 12:57 Նախարար Արթուր Գրիգորյանն ասում է, թե խղճահարությունից դրդված՝ պարտքով 7 կամ 8 մլն դրամ է տվել ծանոթներից մեկին
  • 11:32 Դեպի արտահերթ ընտրություններ
  • 11:25 Կրթության և գիտության նախարարությունը պարզաբանում է
  • 11:00 Նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած երկու օրենք
  • 10:56 Փլուզման հետևանքով արդարադատության նախարարության աշխատակիցը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել
  • 10:45 Արամ Մկրտչյանը նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
  • 10:07 Ջրային կոմիտեի նախագահն աշխատանքային շաբաթը սկսել է մարզային այցերով
  • 00:06 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ հուլիսի 17-ին
  • 00:02 Ջրանջատումներ Արմավիրի մարզում և Վանաձորում հուլիսի 17-ին
  • 16.07-22:59 Ինչո՞ւ են ԱՄՆ-ն ու ԵՄ-ն անտարբեր հայկական հեղափոխության հանդեպ
  • 16.07-22:30 Անպատժելիությունն ամենամեծ խնդիրն է խոշտանգումների գործերով
  • Բոլոր նորությունները

    Արխիվ
    Ամենա

    Մեկնաբանված

    Կարդացված