HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիային

19:10

«Հետքը» ավարտում է օնլայն տեքստային հեռարկաձումը, սակայն կշարունակի տեղեկացնել իրադարձությունների հետագա ընթացքի մասին:

18:43

Պենտագոնը պնդում է, որ կոալիցիայի արձակած հրթիռներից և ոչ մեկը չի խոցվել

Ամերիկյան բանակի գեներալ Քենեթ Մաքքենզին հայտարարել է, որ գործողության մաս կազմած ինքնաթիռներից և հրթիռներից և ոչ մեկը չի խոցվել Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից: 

Նշենք, որ սիրիական կողմը հայտնում է 30 խոցված հրթիռի, ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբը 71, իսկ սիրիացի ակտիվիստները 65 խոցված հրթիռի մասին: Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ապրիլի 14-ի գիշերը Սիրիայի Դամասկոս և Հոմս քաղաքների ուղղությամբ արձակել էր 103 հրթիռ:

16:39

Թրամփ. «Առաքելությունը կատարված է»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիային հասցված հարվածներից հետո առաջին մեկնաբանությունն է արել.

«Գերազանց կատարված հարված էր անցած գիշեր: Շնորհակալություն Ֆրանսիային և Միացյալ Թագավորությանը իրենց իմաստության և իրենց հրաշալի զինված ուժերի հզորության համար: Ավելի լավ արդյունք չէր էլ կարող լինել: Առաքելությունը կատարված է»,- գրել է ԱՄՆ 45-րդ նախագահը Թվիթերի իր էջում:

Նշենք, որ Reuters-ի փոխանցմամբ՝ Երևանի ժամանակով 19:00-ին Ռուսաստանի նախաձեռնությամբ կսկսվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստը:

16:02 

ՔԶԱԿ-ը կշարունակի աշխատանքները

Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը (ՔԶԱԿ) հաղորդել է, որ իր մասնագետները կշարունակեն աշխատանքները Սիրիայում՝ չնայած գիշերային ռմբակոծումներին:

ՔԶԱԿ-ի առաքելությունը փորձում է պարզել՝ Դումայում քաղաքացիական բնակչության դեմ կիրառվե՞լ է քիմիական զենք, թե՝ ոչ: 

14:34

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Իրանի իր պաշտոնակից Հասան Ռոուհանիի հետ զրույցում նշել է, որ կոալիցիայի հարվածներից հետո «Սիրիայի ժողովուրդը էլ ավելի կհամախմբվի ահաբեկչության դեմ պայքարում»: Այս մասին հայտնում է Reuters-ը:

13:41

Սիրիայի ուղղությամբ արձակվել է 103 հրթիռ

«Առկա տեղեկությունների համաձայն՝ կիրառվել է ընդհանուր 103 թևավոր հրիթռ, այդ թվում «Տոմահավկ», ինչպես նաև B-1B ինքնաթիռից GBU-38 կառավարվող ավիառումբեր: F-15 և F-16 ինքնաթիռները կիրառել են «երկինք-երկիր» հրթիռներ: «Տորնադո» ինքնաթիռների միջոցով բրիտանական ռազմաօդային ուժերը արձակել են Scalp EG տեսակի 8 հրիթռ»,- РИА Новости-ն մեջբերում է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Սերգեյ Ռուդսկոյի խոսքերը:


13:19

Ռուս զինվորականները հայտնում են, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հրթիռային հարվածների հետևանքով ոչ ոք չի զոհվել

«Նախնական տվյալներով՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հասցրած հարվածներից խաղաղ բնակչության և սիրիացի զինվորականների շրջանում զոհեր չկան»,- BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ասել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Սերգեյ Ռուդսկոյը:

ՌԴ ՊՆ-ի գնահատմամբ՝ Դամասկոսում և Սիրիայի այլ քաղաքներում իրավիճակը հանգիստ է:

12:24

Պուտինի հայտարարությունը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դատապարտել է Սիրիայի վրա հարձակումը՝ ընդգծելով, որ կատարվածը «կործանիչ ազդեցություն կունենա միջազգային հարաբերությունների ամբողջ համակարգի վրա»:

«Ռուսաստանը լրջագույնս դատապարտում է Սիրիայի վրա հարձակումը, որտեղ ռուս զինծառայողները օգնում են օրինական իշխանություններին ահաբեկչության դեմ պայքարում: Իր գործողություններով ԱՄՆ-ն էլ ավելի է խորացնում հումանիտար ճգնաժամը Սիրիայում և տառապանք է պատճառում խաղաղ բնակչությանը»,-նշել է Պուտինը:

Կրեմլի կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է նաև, որ ռուսական ռազմական փորձագետները, Դումայում քլորի կամ այլ թունավոր նյութի հետքեր չեն հայտնաբերել, և տեղի բնակիչներից ոչ ոք չի հաստատել քիմիական հարձակման փաստը:

Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել՝ քննարկելու ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների գործողությունները:


12:06

Արձագանքներ 

«Բարբարոսական ագրեսիան ոչ մի կերպ չի ազդում Սիրիայի ժողովրդի և նրա հերոսական զինված ուժերի վճռականության վրա»,- ասվում է Սիրիայի արտգործնախարարության հաղորդագրությունում:

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն էլ Սիրիային հասցված հարվածները համարել է «հիմնավորված պատասխան»՝ խաղաղ բնակչության դեմ քիմիական զենք կիրառելու համար:

«Այս հարձակումից հետո իրավիճակը կբարդանա, և առաջին հերթին կտուժեն ԱՄՆ-ի շահերը: Նրանք պատասխանատվություն կկրեն տարածաշրջանում սկսվող իրադարձությունների հետևանքների համար, որոնք միանշանակ վնաս կհասցնեն ամերիկյան շահերին»,- այսպես է արձագանքնել կատարվածին Իրանի Իսլամական հեղափոխության պահակախմբի ներկայացուցիչ Յադոլլահ Ջավանին

11:53

Միմյանց հակասող հայտարարություններ

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլին հայտարարել է, որ ռուսական կողմին նախօրոք տեղեկացվել է նախատեսվող ավիահարվածների մասին: Ֆրանսիայի ՊՆ ղեկավարի այս խոսքերը, սակայն, հակասում են ԱՄՆ-ի շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդի հայտարարությանը.

«Մենք ռուսների հետ ոչինչ չենք համակարգել հարվածներ հասցնելու առնչությամբ և նրանց չենք ծանուցել նախօրոք: Միակ քննարկումը՝ կապված այս գործողության իրականացման հետ, եղել է սովորական ծանուցումը թռիչքների անվտանգության ապահովման մասին»,- նշել է Ջոզեֆ Դանֆորդը:

11:44

ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիային 

Ապրիլի 14-ի գիշերը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հարվածներ են հասցրել Սիրիայի Դամասկոս և Հոմս քաղաքներին: Հրթիռակոծումը սկսելու մասին հայտարարությունը այս գիշեր արել է ԱՄՆ նախագահ Դոնադ Թրամփը՝ մեղադրելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադին Արևելյան Գուտայի Դումա քաղաքում հնարավոր քիմիական հարձակում իրականացնելու մեջ: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Սիրիային հարվածներ հասցնելու մտադրության մասին Դոնալդ Թրամփը հայտնել էր դեռևս ապրիլի 11-ին, սակայն այդ հայտարարությունից մի քանի րոպե անց առաջարկել էր դադարեցնել սպառազինությունների մրցավազքը:

ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հիմնական թիրախները եղել են մայրաքաղաք Դամասկոսի գիտահետազոտական կենտրոնը, որը ենթադրաբար կապված է քիմիական զենքի արտադրության հետ, ինչպես նաև Հոմսի քիմիական զենքի երկու պահեստները: Նշվում է նաև, որ հարվածներ են հասցվել Սիրիայի հանրապետական գվարդիային, Դամասկոսի Մեզզե և Արևելյան Գուտայի Ադ-Դումեր օդանավակայաններին:

Չնայած որ ավելի վաղ Ասադի իշխանությանը սատարող Ռուսաստանի Դաշնությունը հայտարարել էր, որ կխոցի Սիրիայի ուղղությամբ արձակված ցանկացած հրթիռ, այնուամենայնիվ, ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը որևէ գործողություն չեն արել: 

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ կոալիցիայի հարվածներին դիմագրավել են Սիրիայի ՀՕՊ զորքերը: 

«Թևավոր հրթիռների նշանակալի մասը և ավիացիոն «երկինք-երկիր» տեսակի հրթիռները խոցվել են իրենց թիրախին հասնելու ընթացքում»,- ՌԴ պաշտպանական գերատեսչությանն է մեջբերում РИА Новости-ն: ՊՆ-ի տվյալներով՝ կոալիցիայի հրթիռների դեմ կիրառվել են սիրիական բանակի С-125, С-200, «Бук» и «Квадрат» հակաօդային պաշտպանության միջոցները՝ արտադրված ԽՍՀՄ-ում ավելի քան 30 տարի առաջ:

Սիրիայի ուղղությամբ հարվածներ են հասցվել Կարմիր ծովում գտնվող ամերիկյան երկու ռազմանավերից, Միջերկրական ծովի վրա գտնվող մարտավարական ավիացիայից և B-1B ռազմավարական ռմբակոծիչներից՝ Ալ-Թանֆ շրջանից:

Լուսանկարը՝ AP-ի

Մեկնաբանություններ (2)

Գեւորգ
Հեքիաթի նման է - մոտ 100 հռթիռ է արձակվում ու համարյա ոչ մի վնաս! Կարելի է եզրակացնել ինչ է կատարվել իրականում: Քանի որ երկու կողմերի զին ղեկավարությունը անընդմեջ կապի մեջ են ու իրենք էլ հիմար չեն, ապա լավ են պատկերացնում իրենց վիճակը իսկական բախման դեպքում: Երեւի սրտանց հայհոյել են իրենց անուղեղ գերագույններին ու ուսումնավարժական անվնաս շոու ցուցադրել: Իսկ հանուն ինչի իրենք էշ նահատակ պիտի դառնան սիրիական անապատներում?
Հայկ
Բացառվում է, որ ՄԱԿ անվտանգության խորհուրդը ընդունի Ռուսաստանի առաջարկությունը, քանի որ Ռուսաստանը հանդիսանում է աշխարհի թիվ մեկ ագրեսորը՝ Մոլդովա,Վրաստան, Ուկրաինա և շատ այլ երկրներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter