Շաբաթ, 21 ապրիլի

ՄԻՊ-ը կամրապնդի կարողությունները սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում



Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ կամրապնդի իր կարողությունները սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։

Համատեղ մեկնարկած ծրագրի շրջանակում նախատեսվում է կարողությունների զարգացման ու հասարակության իրազեկվածության բարձրացման համար կազմակերպել սպառողների իրավունքների վերաբերյալ տեղեկատվական հոլովակների պատրաստում և հեռարձակում, փոխադարձ այցելություններ, սեմինարներ ու քննարկումներ, համաժողով և այլ միջոցառումներ:

Ապրիլի 13-ին՝ ծրագրի բացման արարողության ժամանակ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարևորել է Բուլղարիայի Հանրապետության փորձը սպառողների իրավունքների արդյունավետ պաշտպանության ոլորտում և նշել, որ դրա ուսումնասիրությունն ու տեղայնացումը կօգնի բարելավել ոլորտը:

«Մեզ վերապահված նոր գործառույթի շրջանակում իրավունք ունենք հանրային ծառայության ոլորտում գործող կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ բողոքները քննել այն դեպքում, եթե տեղեկություն կա զանգվածային խախտումների մասին, իսկ անհատական բողոքների դեպքում մենք դրանք հիմնականում փոխանցում ենք իրավասու մարմնի՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկմանը։ Այս առումով հաջողված համագործակցություն ունենք և բազմաթիվ դրական ելքով գործեր»,- ասել է Արման Թաթոյանը։

ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովան հույս է հայտնել, որ ծրագիրը կտա իր դրական արդյունքները սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում։

«Ուրախ ենք, որ Բուլղարիան Հայաստանի հետ զարգացման մասին համագործակցության ծրագիրը սկսել է ԵՄ խորհրդում Բուլղարիայի նախագահության ընթացքում։ Ծրագրերի ընտրության հարցում մենք փորձել ենք առանձնացնել ոլորտներ, որոնք համապատասխանում են ԵՄ-Հայաստան համատեղ գործընկերության առաջնահերթություններին, որով մեր օգնությամբ իրական փոփոխություններ կապահովի հայ ժողովրդի համար»,- նշել է Մարիա Պավլովա Ցոցորկովան։

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Եկատերինա Դորոդնովան շեշտել է ծրագրի կարևորությունը ոլորտի բարելավման համար և կարևորել Պաշտպանի նոր լիազորությունների շրջանակում հասարակական սեկտրի, միջազգային կառույցների ու պետական մարմինների հետ արդյունավետ համագործակցության կարողությունը։  Նա ԵՄ պատվիրակության անունից գործուն աջակցություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը։ Իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Արմեն Բաղդասարյանը նշել է, որ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պարբերաբար քննարկում է հանրության կողմից բարձրացված խնդիրները ջրամատակարարման, էլեկտրամատակարարման և գազամատակարարման ոլորտներում։

«Պաշտպանի աշխատակազմին առաջարկվել է նաև հանձնաժողովի ընդունած նորմատիվ իրավական ակտերը դիտարկել մարդու իրավունքների տեսանկյունից և անհրաժեշտության դեպքում առաջարկներ ներկայացնել փոփոխություններ իրականացնելու համար»,- տեղեկացրել է Արմեն Բաղդասարյանը։

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է այս ոլորտում հասարակական կազմակերպությունների, պետական մարմինների ու լրագրողների համատեղ աշխատանքն արդյունքի հասնելու համար։ Ծրագրի ավարտին Պաշտպանը հանդես կգա արտահերթ զեկույցով, որում կամփոփվի  սպառողների իրավունքների վերաբերյալ օրենսդրական դաշտը, գործնական կիրարկման խնդիրները և կներկայացվի համապատասխան առաջարկություններ դրանք լուծելու ուղղությամբ։

 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ