HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հոտած խաշլաման ու երշիկը, բուֆետչիկի «պատիժն» ու «թուլափայը»

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Դատապարտյալների ուղղումը պետք է սկսվի ազատազրկման առաջին պահերից: Բայց 22 տարի տեսածս եմ ասում՝ այստեղ հայտնված քաղաքացիների ուղղմամբ զբաղվում են ավելի շատ ոչ թե ՔԿՀ-ների աշխատակիցներն անձամբ, այլ՝ հենց իրենք`ազատազրկվածները՝ այստեղ տարիներով արմատավորված պայմանների հետևանքով: Այդ գործընթացը նման է մի յուրահատուկ էքսպերիմենտի, որի արդյունքները կարող են շատ անկանխատեսելի լինել:

Այսօր իմ բանտային 22-ամյա կյանքից մի քանի դրվագ կպատմեմ: Դրանց մասին չեմ գրել ոչ նամակ-հոդվածներումս, ոչ էլ իմ գրքերում: Անունները փոխված են, պատմությունների պերսոնաժները հիմնականում ողջ են` ոմանք ազատության մեջ, ոմանք դեռ բանտերում:

Հոտած խաշլաման ու բուֆետչիկի «պատիժը»

1996թ. անտանելի շոգ ամառ, «Նուբարաշեն» բանտի համար 52 խուց: Ժամանակ առ ժամանակ 15-20 կալանավորներիցս ընտրում էինք մեկին, ով առավել մաքրասեր էր՝ խոհանոցային գործերով զբաղվելու համար: Սառնարան առհասարակ գոյություն չուներ այդ թվերին, իսկ փոքրիկ պլիտա, սև ու սպիտակ հեռուստացույց ունենալու համար ամսեկան 10 հազար դրամ պետք է մուծեինք բանտի աշխատակցին: Որպես «սառնարան-խոհանոց» օգտագործում էինք մահճակալներից մեկը, որը առանձնացված էր սավանով, իբրև վարագույր: Այդ մասում տեղավորվում էր հարազատների բերած սնունդը: Նկատի ունենալով պահպանման հնարավոր ժամկետը՝ խոհանոցային հարցերով զբաղվող կալանավորը պետք է օրը 3 անգամ`հաց ուտելու ժամերին, դներ սեղանին: Բոլորս միասին էինք սեղան նստում, իսկ վերջում ամեն մեկը ասում էր.

-Ապրե՛ն բերողները, ազատությո՛ւն կալանավորներին:

Ուրեմն մի անգամ ամռան շոգին կալանավորներից մեկին գյուղից բերել էին մի մեծ ղազանով խաշլամա: Խոհանոցով զբաղվող մոտ 30 տարեկան կալանավորը սննդի շատ լինելու պատճառով մի անկյունում թողել- մոռացել էր խաշլաման: Ահավոր շոգին 2 օրվա մեջ խաշլաման հոտել էր: Տհաճ հոտից հասկացանք՝ սնունդ է փչանում: Տարիքն առած մարդը, ում տնեցիք բերել էին այդ խաշլաման, ազդված էր: Կալանավորներից մեկը, թե՝ էս մարդու ընտանիքը էրեխեքի բերանից կտրել` բերել ա մեզ, իսկ մեր բուֆետչիկը փչացրեց խաշլամեն, ուրեմն թող նստի ու լրիվ ուտի, որ մյուս անգամ ուշադիր լինի:  

Բուֆետչիկը՝ խեղճ, մեղավոր դեմքով, սեղան նստեց ու մեծ ղազանը դեմը դրած՝ սկսեց ուտել հոտած խաշլաման: Մի 2 րոպեից խնդրեց, որ այդքանով բավարարվեն, էլ չպատժեն: Քննարկում սկսվեց, եկան եզրակացության, որ «պատիժը» բավարար է,  քանի որ հետո էլ ստիպված զուգարանի հոտից կ խեղդվեինք. այն ժամանակ զուգարանը դեռ առանձնացված չէր խցից, ընդամենը վարագույր էր կախվում: Արդեն 2000- ականներին Եվրոպան պահանջեց զուգարաններն առանձնացնել`պատ շարել, դուռ դնել:

Հոտած երշիկը

Մահապատժի տարիներին, երբ արդեն թույլատրեցին ամսեկան 10 հազար դրամի առևտուր անել, մի անգամ այլ մթերքի հետ բանտի խանութից գնել էի մի մեծ երշիկ, որը կախել էինք դռան մոտ. Ամենազով տեղն էր: Երբ խցակիցներիցս մեկը ածելիով մի փոքր կտրեց (դանակ չէին թույլատրում), երշիկն ուղղակի պայթեց`գազեր էին հավաքվել մեջը: Խցում անտանելի հոտ լցվեց: Վերցրեցի երշիկը, որ գցեմ աղբարկղը, բայց Ռուսաստանի գաղութներում իր ճակատագիրը կերտած մի տարեց մահապատժի դատապարտված ձեռքս բռնեց:

-Բանտում սնունդ չի կարելի թափել:

Նրա ցանկությունը կիսեցին ևս երկուսը, մեկը՝ ձեռնպահ մնաց: Ես էլ պնդեցի, որ չի կարելի ուտել`վնաս է օրգանիզմին: Չլսեցին:

«Թուլափայը»

Ավելի ուշ տարիներին, երբ մահապատժի դատապարտվածներիս թույլատրեցին ամսվա մեջ մեկ անգամ հանձունք ստանալ, մի զարհուրելի իրողության ականատես դարձա:

Այն ժամանակ կարող էին խցի դուռը բացել և առանց ցանկություն հարցնելու`կամ քեզ տեղափոխերին այլ խուց կամ քո մոտ ուրիշ դատապարտյալների բերեին: Այդպես մահապատժի դատապարտվածների հինգ խցերը որոշել էին խառնել իրար: Նոր բանտարկյալներ բերեցին մեր խուց: Ոմանց անունները լսել էի, բայց երբեք չէի հանդիպել: Նրանցից մեկին հաջորդ օրը հարազատները 3-4 մեծ տոպրակներով սնունդ բերեցին`մայրիկի սարքած ճաշեր, միրգ, բանջարեղեն, թխվածք: Մի ուրիշ մահապարտ վեր կացավ ու վերցրեց այս ամենը, դրեց սեղանին ու միջից մի երկու բան առանձնացնելով`այսպես ասած՝ «թուլափայ» տվեց հանձունքի տիրոջը: Մնացած խցակիցներիս ասաց.

-Տղե՛րք, դե՛, էկե՛ք քեֆ անենք:

Նստեցին ու սկսեցին ուտել: Շվարած նայում էի:

-Մհե՛ր, արի, ի՞նչ ես կանգնել նայում:

-Ուրիշի ձեռից խլածը չեմ ուտի, եթե կարաք`անուշ արեք:

Ամբողջ օրը ճիշտ ու սխալից էինք խոսում, մեկ է` ամեն մեկս մնացինք մեր կարծիքին:

Բանտային օրենքները մարդկանց չեն ուղղում, միգուցե ավելի վատն են դարձնում: Այսօր, երբ դատարաններում արդեն քննվում է մոտ 30 ցմահականի ուղղված լինել-չլինելը, պարզում են վտանգավորության աստիճան, հասարակություն վերադառնալու հարց, սակայն չեն բարձրացնում այն հարցը, թե 20 տարի շարունակ ինչ դժոխքի միջով է անցել քարե վանդակի մեջ փակվածը և ինչ է արել համակարգը նրան ավելի լավը դարձնելու համար: Բայց այստեղ, անշուշտ, կան մարդիկ, ովքեր, անկախ դժոխային պայմաններից, հազար չարիք տեսնելուց, պահպանել են մարդկային նկարագիր ու արժանի են ազատության:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter