Շաբաթ, 21 ապրիլի

Գյումրի-Ալեքպոլ-Լենինականի եզակի կառույցներից՝ Գեւորգ աղայի արեւելյան բաղնիքը 150 տարի առաջ եւ հիմա


19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի Գյումրվա ճարտարապետությանը բնորոշ սեւ քարից կառուցված մի հարկանի շենքն արտաքինից շատ քիչ է տարբերվում «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքում գտնվող մյուս շինություններից: Նախկին Բեհբութովսկի՝ ներկայիս Գորկու 28 հասցեում գտնվող կառույցի ճակատագիրը կանխորոշված էր դեռ 150 տարի առաջ: Քաղաքի հարուստ վաճառականներից Գեւորգ Կոստանյանի (Գեւորգ աղա) նախաձեռնած շինարարությունը, որ տեւեց 20 տարի եւ ավել, Ալեքսանդրապոլ-Լենինականին պարգեւեց իր տեսակի մեջ եզակի մի կառույց: Եզակիությունը հիմնականում ոչ թե արտաքին, այլ ներքին ճարտարապետությանն էր վերաբերում:

Մոտ 700 քմ տարածք զբաղեցնող շինությունը հասարակական բաղնիք էր՝ կառուցված արեւելյան (հին հռոմեական եւ թուրքական) բաղնիքների ոճով:

Պատմությունը շատ բան չի պահպանել Գեւորգ աղայի մասին, միայն այն, որ Ալեքպոլ է տեղափոխվել Արեւմտյան Հայաստանից, ամենայն հավանականությամբ՝ Կարին քաղաքից: Չկան մանրամասներ նաեւ բաղնիքի շինարարության վերաբերյալ (որպես շինարարության սկիզբ նշվում են 1860-ականները)՝ թերեւս միայն այն, որ երկու եւ ավելի տասնամյակների ընթացքում է կառուցվել՝ մաս-մաս, փողոց նայող ճակատային հատվածի կառուցապատումը, որն առավել մոդեռն ոճով է արված՝ մոտավորապես 1900-ականների սկզբներին:

Խորհրդային տարիներին այն պաշտոնապես անվանվել է թիվ 4 բաղնիքային տնտեսություն, սակայն, սովորության համաձայն, բնակիչները շարունակել են կոչել «Գեւորգ աղի բաղնիք»: Մինչեւ համատարած կուլակաթափությունը, բաղնիքը պատկանել է Կոստանյաններին, հետո պետականացվել է, իսկ 2002թ.-ից կրկին վերածվել սեփականության: Նորօրյա սեփականատերերի կատարած փոփոխությունների արդյունքում վերականգնվել է շինության արտաքին տեսքը, սակայն փոխվել է բուն գործառույթը:

Հասարակական այս բաղնիքը, որ հայտնի է եղե, որպես «օբշչի» բաղնիք, 88-ի երկրաշարժից հետո չի գործել: «Կումայրի» արգելոց-թանգարանի տիրույթում գտնվող շինությունը նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի օրոք հանվել է աճուրդի: Վերջնական քայքայումից շենքը փրկած սեփականատերերը դեղին շերտից ազատել են քարերը, վերականգնել շինության տեսքն ամբողջովին, նորացրել եւ վերածել սրճարան-ռեստորանային համալիրի:

Ես երբեք առիթ չեմ ունեցել, թեկուզ մանուկ հասակում, այցելել Գեւորգ աղի բաղնիք: Սակայն 2003-ին, արդեն աշխատանքի բերումով, առիթ եղավ նկարահանել կառույցը ներսից ու դրսից: Երկրաշարժից հետո անտերության մատնված շինությունը, մեղմ ասած, ողբալի վիճակում էր՝ ապակուց զրկված պատուհանների մի մասը փակված էր շինության ճակատային հատվածից պոկված քարերով, սրահները վերածված էին շինարարական աղբանոցի: Բաղնիքի սրահներից մեկում պահպանվել էր գուռն ու հատակի ծաղկազարդ սալիկների մի մասը:

Գեւորգ աղան բաղնիքի հատակը սալիկապատել էր տվել ալեքպոլցի մեկ այլ հայտնի մեծահարուստ Տայոնց Արտաշես աղին պատկանող գործարանի ծաղկավոր սալիկներով: 2009թ., երբ բաղնիքն այլեւս կոչվում էր «Գորկու 28» ռեստորան, առիթ ունեցա մասնակցելու այնտեղ կազմակերպված ծննդյան տոնի արարողության: Եվ միայն վեր խոյացող գմբեթները` կառուցված արեւելյան ոճով, որի վրա պահպանվել էին փոքրիկ բացվածքները, սրբատաշ, քարե կամարները, պատի հատվածում 1 մ լայնություն ունեցող խորանիստ պատուհաններն էին հուշում, որ ժամանակին հայտնի ու սիրված արեւելյան բաղնիքի սրահներից մեկում ենք:

Նոր սեփականատերը՝ մասնագիտությամբ ճարտարապետ Կիմա Փանոսյանը, հնարավորինս պահպանել էր կառույցի ներքին դիզայնը: Ծնունդով գյումրեցի տիկինը 48 տարի է` բնակվում է ԱՄՆ-ում եւ բաղնիքի վերականգնման պատմությունը «Հետք»-ին փոխանցում է տիկին Կիմայի զարմիկը՝ Մկրտիչ Հովհաննիսյանը, որն ապրում է Գյումրիում: «Հորաքույրս մշտապես ցանկություն ուներ որեւէ բան անելու իր քաղաքի համար, ինչ-որ ներդրում, եւ հավանաբար լավագույն տարբերակը հենց Գեւորգ աղի բաղնիքը վեջնական քայքայումից փրկելն էր,- պատմում է Մկրտիչը,- 2002թ. բաղնիքի շենքը աճուրդի էին հանել, ու հորաքույրս որոշեց այն գնել, վերականգնել եւ Գյումրիում ապրող ազգականների օգնությամբ ծառայեցնել որեւէ մեկ նպատակի»:

Զրուցակցիս հիշելով` դեռ 15 տարի առաջ Կումայրի արգելոց-թանգարանից իրենց առաջարկել են վերագործարկել հասարակական բաղնիքը եւ չփոխել գործառույթը, եթե հնարավոր է: Սակայն, երկար մտորումներից հետո տիկին Կիման որոշել է չգնալ ռիսկի: Ժամանակաշրջանն էր այլ, մարդկանց մտածելակերպը, կենցաղավարությունն էր փոխված:

«Մտավախություն ունեինք, որ որպես բաղնիք վերականգնելուց հետո այցելու չենք ունենա կամ այնքան քիչ կլինեն, որ ծախսերը չենք հանի: Իսկ սա, ինչպես տեսնում եք, բավական մեծ շինություն է՝ բակային հատվածն էլ հետը մոտ 1000 քմ, եւ, բնականաբար, առաջանալու էին պահպանմանն ուղղված համապատասխան ծախսեր: Ի վերջո, երկար մտածելուց հետո որոշեցինք հրաժարվել առաջարկից: Որոշվեց, որ կլինի ռեստորան եւ մանկական սրճարան: Այդ տարիներին քաղաքում այնքան էլ շատ ժամանցի վայրեր չկային, չկային նաեւ ինքնատիպ սրճարաններ, ու մեր «Գորկու 28»-ը շատ սիրվեց, չնայած արդեն մեկ տարի է` չի գործում»,-ասում է Մկրտիչը: Անունն ընտրելիս շատ չեն տատանվել՝ շենքը գտնվում էր Գորկու փողոց 28 հասցեում, եւ, թերեւս, սա լավագույն ու պարզ լուծումն է եղել:

Նախքան բուն շինարարական աշխատանքները սկսելը հարկ է եղել մոտ 35 մեքենա աղբ թափել: Շատ են չարչարվել ճակատային հատվածը դեղին ներկից ազատելիս: «Չեք պատկերացնի, թե ինչքան ենք տանջվել էդ դեղին ներկը մաքրելուց` շատ հաստ շերտով էր արած, անգամ փորձել ենք վառել,- Մկրտիչը ժպտում է,- ոչ մի կերպ չէր մաքրվում: Հետո արդեն, քար առ քար, ձեռքով, քերելով, էն, որ ասում են միլիմետր առ միլիմետր մաքրել ենք: Չնայած, որ ուշադիր նայեք, էլի տեղեր կան, որ քարերի արանքում էդ դեղինը մնացել է՝ ամբողջությամբ չի մաքրվել»:

«Կումայրի» արգելոց-թանգարանի երկարամյա աշխատակից, նախկին տնօրեն Պարույր Զաքարյանը շենքի գունավորման վերաբերյալ հետաքրքիր մանրամասներ է փոխանցում: Քաղաքում բնակելի եւ հասարակական շենքերը բաց գույնով ներկելու որոշումը 1908-09թթ. կայացրել է քաղաքային Դուման՝ Ալեքսանդրապոլի առաջին քաղաքապետ Գեղամ Մարգարի Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, եւ դա չի եղել սեփականատերերի պարզ քմահաճույքը:

«Քաղաքում հիմա էլ կան տներ, որ դեռ ֆասադների վրա պահպանվում է անցած դարում արած ներկը,- ասում է Պարույր Զաքարյանը,- փողոցներն այն ժամանակ գիշերային լուսավորության խնդիր ունեին, էդ փոքր լամպերն էդքան էլ նորմալ լուսավորվածություն չէին ապահովում: Շենքերի` փողոց նայող ֆասադների ներկման պահանջը դրանով է բացատրվել: Մարդիկ ինչ-որ ելք են մտածել, որ մութն ընկնելուց հետո շատ խավար ու տխուր չերեւա քաղաքը: Եվ հետո, այդ նույն ժամանակահատվածում ռուսական կայսրությունում, որտեղ աղյուսից էին կառուցում տները, նույնպես ներկում էին: Կարծում եմ, հենց այդ տենդենցն է հասել Ալեքպոլ ու որպես խնդրի լուծում՝ կիրառություն գտել»:

Պարույր Զաքարյանը հիշում է, որ 1980-ականերին, երբ Կումայրի արգելոց-թանգարանը նոր էր ստեղծվել, եւ ինքն էլ արդեն աշխատում էր այնտեղ, բախտ է վիճակվել կարդալ մի քաղաքացու նամակ՝ գրված 1900-ականներին եւ ուղղված այդ ժամանակվա քաղաքագլխին: Նամակագիրը քաղաքային Դումայից տունը որեւէ բաց գույնով ներկելու թույտվություն է խնդրել:

21-րդ դարում, երբ այլեւս գիշերային լուսավորությունը խնդիր չէ, բաղնիքի նոր սեփականատերերի համար շենքի ճակատն ամբողջությամբ ծածկող դեղինն առնվազն պիտի այլանդակություն համարվեր: Գուցե հենց նույն այդ դեղին գույնն է եղել պատճառը, որ «Կտոր մը երկինք» ֆիլմի հայտնի տեսարանը, երբ Թորիկը կառքով գնում է Անժելին բաղնիքից բերելու, նկարվել է բոլորովին այլ շինության մոտ: Ֆիլմում հայտնվելու մեկ այլ ձախողված փորձ էլ է եղել Գեւորգ աղի բաղնիքի համար: Անժելի դերակատարուհուն՝ Գալինա Բելյաեւային, նկարահանել են մերկ, եղել է տեսարան, որտեղ կանայք լողացել են, սակայն, ինչպես հայտնի է, դերասանուհին հղի է եղել, հանգամանք, որ եթե ֆիլմի այլ հատվածներում հնարավոր է եղել թաքցնել` ձեռքին ինչ-որ իր պահելով, ապա այս դեպքում բացառվել է: Նկարահանված կտորը տեղ չի գտել ֆիլմում, Գեւորգ աղի բաղնիքն էլ զրկվել է մի գեղեցիկ լեգենդից:

Ալեքսանդրապոլ-Լենինական-Գյումրի 150-ամյա շրջանը հաղթահարած շինության ճակատագիրը վճռելիս ճարտարապետ սեփականատերը որոշում է հատկապես շինանյութի ընտրության հարցում լինել հետեւողական: «Մենք, ճիշտն ասած, սկզբում եվրոդուռ ու պատուհան էինք դրել,- հիշում է տիկին Կիմայի զարմիկը՝ Մկրտիչը,- հորաքույրս եկավ Ամերիկայից, տեսավ, որոշեց, որ սխալ բան ենք արել: Ինքն ուզում էր, որ շենքի ճարտարապետական տեսքը վերակառուցումից հնարավորինս չտուժի: Այնպես որ պլաստիկե ինչ դրել էինք, ամբողջությամբ փոխարինեցինք փայտով: Շենքի պակասող բոլոր քարերը վերականգնվել են նույնությամբ: Մենք միայն մի փոքրիկ պատշգամբ ենք ավելացրել շենքի մի հատվածի երկրորդ հարկը կառուցելուց հետո, բայց այնպես, որ համահունչ լինի, ու չիմացողները չեն էլ պատկերացնում, որ դա նախկինում չի եղել»:

Խնդրահարույց են եղել շենքի երկու սրահների վրա վեր խոյացող գմբեթները, որոնց պատերին «նստած» խոնավությունը վերացնելու համար 10 տարի է պահանջվել: «Չմոռանանք, որ, ի վերջո, նախկինում բաղնիք է եղել,- նկատում է զրուցակիցս,-մոտ մեկ դար գործել է, տաք գոլորշին դուրս է եկել գմբեթի փոքր բացվածքների միջով, կուտակվել պատերին: Հիշում եմ, որ գնելուց հետո սկսեցինք շենքն ուսումնասիրել ներսից ու դրսից, երբ հասանք գմբեթներին, շատ զարմացանք, որովհետեւ քարերը դեռ խոնավ էին, ոնց որ ջրի մեջ թաթախված լինեին, չնայած երկրաշարժից հետո 14 տարի բաղնիքը չէր գործել»:

Գեւորգ աղայի բաղնիքի հատակը տաքացվել է: Այդ նպատակով օգտագործվել են տաք ջրի խողովակները, որոնք անցել են շենքի տակով: Սրա շնորհիվ հնարավոր է եղել ջուրը խնայողաբար օգտագործել: Պարույր Զաքարյանի փոխանցմամբ, այդ խողովակների մեծ մասը խորհրդային տարիներին ապամոնտաժվել են: Մկրտիչ Հովհաննիսյանը հիշատակում է սառը ջրի համար նախատեսված ջրավազանի մասին, որ եղել է հիմնական լողասրահին կից տարածքում: Ներկայում այդ հատվածում կահավորված է ռեստորանի խոհանոցը: Գյումրեցիների հիշողություններում պահպանված ցնցուղարանները բաղնիքում հայտնվել են շատ ավելի ուշ՝ 1960-70-ականներին:

Գուցե շատերին հետաքրքրի, թե ինչու՞ են Գյումրիում կառուցված բաղնիքները հիմնականում կրել իրենց կառուցողների անունները: Արեւելյան բաղնիքների նախահայր համարվող հին հռոմեական հասարակական բաղնիքները կառուցել են հարուստ ու նշանավոր մարդիկ, անգամ կայսրեր: Բաղնիքները կոչվել են նրանց անուններով:  

բաղնիք Հին Հռոմում

Մ.թ. 1-ին դարում հին Հռոմում գործել է 150 բաղնիք 11 հա-ի վրա: Ինչպես հայտնի է, ի տարբերություն հույների, որ բավարարվում էին սառը ջրով իրենց ցողելով, հռոմեացիները գերադասում էին երկար ժամանակ տրամադրել լողանալուն: Հենց նրանք են առաջինը պատրաստել տաք ջրամատակարարման համակարգը բաղնիքների համար, նրանց փորձն է, որ հետագայում տարածում է գտել այլ երկրներում կառուցված արեւելյան ոճի բաղնիքներում: Հին Հռոմում բաղնիք հաճախում էին ոչ միայն լողանալու, այլեւ հիվանդություններ բուժելու նպատակով: Բաղնիքը մի վայր էր, որտեղ հավաքվում էին` քննարկելու քաղաքական հարցեր, զվարճանալու կամ պարզապես զրուցելու:

Գեւորգ աղի բաղնիքն ամենահարմար տեղն էր այդ առումով, որտեղ անցկացվում էին նաեւ զանազան ծեսեր՝ հարսնաբաղնիքի, սգո բաղնիքի, աղջկատես, ընկերական հավաքույթներ, որոնք ուղեկցվում էին ուտել-խմելով եւ շատ հաճախ տեւում ողջ օրը:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանություններ (3)
1. Անդրանիկ10:43 - 15 ապրիլի, 2018
Այնքան գունեղ են պատկերներն ու այնքան հյութալի: Կարծում եմ այս անկրկնելի շարքը մի լուսավոր օր կզետեղվի մեկտեղ ու կդրվի գյումրեպաշտ ընթերցողի սեղանին: Շնորհակալություն քեզ Երանուհի ջան:
2. Երանուհի Սողոյան10:49 - 15 ապրիլի, 2018
Ձեզ եւս շնորհակալություն, հավատարիմ ընթերցող: Գյումրու պատմությունը մեկ գրքով ամբողջացնելու մտադրություն կա...
3. Վարդան Մովսիսյան17:11 - 18 ապրիլի, 2018
կարող եք վերափոխել հյուրանոց-հյուրատան.հիմա մենք Գյումրիում շատ ունենք դրա կարիքը
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։