HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չընդունեց Սիրիայի հարցով Ռուսաստանի առաջարկած բանաձևի նախագիծը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ժամանակ, որի հրավիրվել էր Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ, չընդունվեց ռուսական կողմի առաջարկած բանաձևի նախագիծը, որը դատապարտում էր ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կողմից ապրիլի 14-ին գիշերը Սիրիայի հրթիռակոծումը, ինչպես նաև պահանջում էր դադարեցնել Սիրիայի նկատմամբ ագրեսիայի դրսևորումները:

Բանաձևի նախագծի ընդունմանը, բացի Ռուսաստանից, կողմ են քվեարկել միայն Չինաստանն ու Բոլիվիան: Անվտանգության խորհրդի 8 անդամներ դեմ են քվեարկել, ևս 4-ը ձեռնպահ են մնացել: 

Նախագծի տապալումից հետո ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան իր դժգոհությունն է հայտնել կոալիցիայի գործողություններից.

«ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան շարունակում են իրենց ստեղծած հորինվածքի մթնոլորտում խորտակել համաշխարհային քաղաքականությունն ու դիվանագիտությունը, դա վատ գործողություն է»,- նշել է Նեբենզյան:

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նիկի Հեյլին, իր հերթին հայտարարել է, որ ամերիկյան կողմը պատրաստ է կրկին հարվածել Սիրիային քիմիական զենքի կիրառման դեպքում:

Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Քերըն Փիրսն էլ նշել է սիրիական ճգնաժամի դիվանագիտական հանգուցալուծման 4 նախապայման. դրանք են՝ քիմիական զենքի ոչնչացումը, ռազմական գործողությունների դադերցումը, վերադարձը բանակցային գործընթացին և քիմիական զենքի կիրառման և այլ ռազմական հանցագործությունների համար պատասխանտվության ենթարկումը:

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ի գիշերը ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հրթիռային հարվածներ հասցրին Սիրիային: Կոալիցիայի հիմնական թիրախները եղել են մայրաքաղաք Դամասկոսի գիտահետազոտական կենտրոնը, որը ենթադրաբար կապված է քիմիական զենքի արտադրության հետ, ինչպես նաև Հոմսի քիմիական զենքի երկու պահեստները:

Արևմուտքը Սիրիայի իիշխանություններին մեղադրում է Արևելյան Գուտայի Դումա քաղաքում ապրիլի 7-ին խաղաղ բնակչության դեմ քիմիական զենքի ենթադրյալ կիրառման մեջ, սակայն Ասադի ռեժիմը և նրան սատարող ռուսական կողմը կտրականապես հերքում են այդ մեղադրանքները: Ներկայում Քիմիական զենքի արգելման կազմակերպության առաքելությունը փորձում է պարզել՝ Դումայում քաղաքացիական բնակչության դեմ կիրառվե՞լ է քիմիական զենք, թե՝ ոչ: 

Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալների՝ Սիրիայի ուղղությամբ արձակվել է 103 հրթիռ, որոնց մեծ մասը խոցվել են Սիրիայի ՀՕՊ զորքերի կողմից, չնայած որ Պենտագոնը պնդում է, թե կոալիցիայի արձակած հրթիռներից և ոչ մեկը չի խոցվել:

ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հասցրած հարվածների և նրա հետևանքների մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

Լուսանկարը՝ Reuters / Eduardo Munoz

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter