Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ընտրությունների կեղծիքը բացառելու իր քայլերը



Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է «Իմ քայլը» շարժման հերթական հանրահավաքը, այսօր ցուցարարներով շրջափակված հրապարակի երրորդ օրն է։

«Իմ քայլը» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ողջունելով ցուցարարներին, ասաց, որ իր տրամադրությունը շատ բարձր է, ինչը պայմանավորված է աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի ուղերձով։ Տեղեկացնենք, որ երաժիշտն այսօր իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հայաստանյան ներքաղաքական կյանքին և մասնավորապես՝ Ֆրանսիայի հրապարակի ցույցերին։ Թանկյանը գրել է, որ քաղաքացիական անհնազանդությունը կախարդանքի է նման, վերջինիս բավականաչափ մարդ է մասնակցում: Դա պատմության ամենահզոր զենքերից է:

Ֆրանսիայի հրապարակում Թանկյանի ուղերձին անդրադարձավ «մերժիրսերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը։ Վերջինս շեշտեց, որ իրենց շարժման գաղափարախոսությունն արդեն Հայաստանի սահմաններից դուրս է եկել, և մեծ զորակցություն կա դրսից։ Գրիգորյանը հիշեցրեց, որ իրենց շարժման հիմքում դրված է խաղաղ անհնազանդության գաղափարը, և շատ ողջունելի է, որ Թանկյանը հենց դրա մասին էլ գրել է։

«Թանկյանը գրել է, որ քաղաքացիական անհնազանդությունը կախարդանքի պես է աշխատում, երբ դրան բավականաչափ մարդ է մասնակցում։ Շատ կարևոր է, որ հարթակում բավականաչափ մարդ լինի ու գործողություններ կատարի, օրինակ ուսանողները կարող են վաղվանից դասադուլ սկսել և խաղաղ անհնազանդության միջոցով օգնել այս գործընթացին։ Հենց երեկ էլ եղավ հանրային ռադիո այց, որը կարող եմ ասել՝ պսակվեց հաջողությամբ, ու հետաքրքիր է, որ Թանկյանն ասում է՝ պատմության ընթացքում դա ամենազորեղ գործիքներից է, իսկապես խաղաղ անհնազանդությունը մենք անում ենք ոչ թե այս պահի համար, այլ պատկերացնում ենք, որ ունենալու ենք բարեկեցիկ ապագա, հզոր Հայաստան, և հենց այդ խաղաղ անհնազանդության համար է, որ կատարում ենք այս քայլը»,- ասաց Գրիգորյանը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ քաղաքացիական ակտիվիստ Հայկ Բարսեղյանը Գյումրիից ավտոերթ է կատարում, մի շարք քաղաքացիներ, արագաչափերը փակելով, գալիս են Երևան։ Փաշինյանն ասաց, որ ակտիվիստները կոչ են արել բոլոր մարզկենտրոններից իրենց միանալ ավտոերթով։

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ այս հանրահավաքների նպատակին, նա շեշտեց՝ Սերժի դեմ պայքար ասելով՝ պետք է հասկանալ առաջին հերթին ընտրությունների կեղծման դեմ պայքար։

«Ես չեմ ուզում նորից գնալ շատ հեռվից գալ, ներկայացնել, թե ինչպես են ընտրությունները կեղծվում, ես ուզում եմ ասել՝ արդյոք կկարողանա՞նք փոփոխություններից հետո ստեղծել մի համակարգ, որը կապահովի ընտրությունների թափանցիկությունը, այո, կկարողանանք»,- վստահեցրեց նա։

Փաշինյանը ներկայացրեց մի քանի քայլ, թե ինչպես են ընտրությունները առանց կեղծվելու անցկացվելու։

«Առաջին քայլ՝ մատնահետքերի այն համակարգերին, որ հիմա գործում են Հայաստանում, մի գործողություն ենք ավելացնելու, դուք գիտեք, որ ԵՄ ճնշման տակ մատնահետքերի համակարգը դրվեց, ի՞նչն է թերությունը, այդ համակարգերը իրար միացված չեն, որևէ մեկը, երբ մատնահետք է դնում, միայն այդ տեղամասի համակարգն է գրանցում,  եթե այլ տեղամաս գնա, համակարգը նրան կգրանցի որպես չքվեարկած։ Պետք է այնպես անենք, որ բոլոր տվյալները միացնենք մի բազայի մեջ, որ այդ սարքերը միանան իրար»,- ասաց Փաշինյանը։

Երկրորդ քայլը ընտրական ցուցակների մոբիլիզացումն է, եթե ՀՀ քաղաքացին ՀՀ-ից ելումուտ է անում, համակարգը պետք է դա գրանցի։

«Եթե քաղաքացին դուրս է գալիս երկրից և չի վերադառնում օրինակ մեկ շաբաթվա ընթացքում, համակարգն ավտոմատ հանում է նրան ընտրական ցուցակից, եթե վերադարձավ, համակարգը ներառում է անունը, սա հնարավորություն կտա բացառել բացականների անուները ընտրական պրոցեսում»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ երրորդ քայլն ընտրական հանցագործությունների քննող մարմնի ստեղծումն է, որ ղեկավարի թեկնածուին պետք է առաջադրի ընդդիմությունը։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երեկ ավարտվեց գործողությունների առաջին փուլը, ինչը, ըստ ընդդիմադիր պատգամավորի, մեծ հաջողություն է ունեցել։

«Հիմա կասեք՝ ինչ հաջողություն, ոնց որ թե հարյուր հազարավոր քաղաքացիներ այս հարթակում չկային, 14+2-ի ընթացքում կարող ենք արձանագրել, որ ունենք համատարած համակրանք Հայաստանից ու սփյուռքից։ Դա արտահայտվում է  տարբեր կերպ՝ ամենատարբեր զբաղմունքի, տարիքի սոցիալական կարգավիճակի մարդիկ են գալիս այստեղ, գրեթե բոլոր մարզերից, և մենք երթերի, ցույցերի ընթացքում տեսնում ենք այդ համատարած համակրանքը»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ վաղվանից սկսվելու է քաղաքացիական անհնազանդության երկրորդ փուլը․ արվելու է ամեն ինչ, որպեսզի ապրիլի 17-ին շրջափակելով խորհրդարանի շենքը՝ թույլ չտրվի վարչապետի ընտրությունը։

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան 18.30-ին կրկին հանրահավաք է նախատեսված։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ