HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պայքար ինքնության համար

Օնիկ Գրիգորյան

Երբ Ազիզ Թամոյանը նստում է իր գրասեղանի մոտ, ճնշող և խարխուլ սենյակում, որը ծառայում է որպես գրասենյակ, նա ասում է, որ երկրի ամենամեծ էթնիկ փոքրամասնության՝ եզդիների պրեզիդենտն է։ 

Ցույց տալով իր խառնաշփոթ գրասեղանի մի կողմում՝ պատի վրա փակցված պլակատները, նա բարձրաձայն կարդում է «Ազգությունս՝ եզդի, լեզուս՝ եզդիերեն, կրոնս՝ շարֆադին», որը նաև իրենց թերթի նշանաբանն է, և բացում է «Եզդիխանա» թերթը, որպեսզի ցույց տա երեք տարի առաջ Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքները։ 

«Հայաստանում 40,620 եզդիներ և 1,519 քրդեր են ապրում։ Սրանք մարդահամարի պաշտոնական տվյալներն են, և սա այն ամենն է, ինչը ձեզ պետք է։ Եզդիները ոչ մի կապ չունեն քրդերի հետ։ Հայաստանում մուսուլման քրդեր չկան և, ըստ մարդահամարի տվյալների, ոչ ոք քրդերեն չի խոսում»,- ասում է Թամոյանը։ 

Գերմանիայի Գոթինգենի համալսարանի իրանագիտության բաժնի ղեկավար և Թուրքիայի ու հյուսիսային Իրաքի քրդերի և եզդիների հարցերով զբաղվող առաջատար մասնագետ Ֆիլիպ Քրեյենբրոեքը համամիտ չէ. «Եզդի կրոնը և մշակութային ավանդույթները խոր արմատներով կապված են քրդական մշակույթին, և գրեթե բոլոր եզդիական սուրբ գրքերը քրդերեն են,-ասում է նա,-լեզուն, որով բոլոր եզդիական համայնքները խոսում են, քրդերենն է, և մեծամասնությունը իրեն քուրդ է համարում, հաճախ, չնայած, որոշ վերապահումներով»։ 

Պատկերացնելու համար, թե ինչպիսի պրոբլեմատիկ դրսևորումներ են ստացել այդ վերապահումները, այցելում ենք Թամոյանի հարևան գրասենյակը, որը զբաղեցնում է Ամարիկ Սարդարը՝ 1930թ.հիմնված և մինչ օրս գործող աշխարհի ամենահին քրդական պարբերականի՝ «Ռյա Թազայի» խմբագիրը։ 

«Որոշ մարդիկ շփոթում են ազգությունը կրոնի հետ,-ասում է նա,-ես կրոնով եզդի եմ, ազգությամբ՝ քուրդ։ Հայաստանի քրդերի մեծամասնությունը եզդի է, բացի կրոնի տարբերությունից ուրիշ տարբերություն չկա»։ 

Կողքի սենյակում Թամոյանը բարկացած է արձագանքում սրան. «Ոչ ոք իրավունք չունի այդպիսի բաներ ասել։ Եթե մենք քրդեր ենք, ապա ինչու՞ Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության ժամանակ 1,5 միլիոն հայերի հետ մեկտեղ 300,000 եզդիներ են սպանվել։ Ինչու՞ են թուրքերը եւ քրդերը տեղահանել մեզ։ Քրդերը հայերի և եզդիների թշնամիներն են»։ 

Իհարկե, Հայաստանի եզդի փոքրամասնության մեծ մասը փախել է Օսմանյան Թուրքիայում 20-րդ դարասկզբի կոտորածներից, եւ երեւի այս համատեղ ճակատագիրն է, որ խնդիրը այդքան զգայուն է դարձնում այսօր։ 

Եզդիական շարժումը Հայաստանում 

Եզդիները Հայաստանի ամենամեծ էթնիկ փոքրամասնությունն է, դրա հետեւորդները կազմում են ընդամենը մի քանի տասնյակ հազար։ Նրանց ճշգրիտ թիվը աշխարհում հայտնի չէ . այս հնագույն կրոնի հետեւորդները սփռված են Իրաքում, Սիրիայում, Թուրքիայում, Վրաստանում, Հայաստանում և վերջին տարիներին որպես փախստականներ` Գերմանիայում։ 

Չնայած տարածված սխալ «սատանայի պաշտամունք» ընկալմանը` եզդիականությունը իրականում զրադաշտական, իսլամական, քրիստոնեական եւ հուդդայական կրոնների համակցում է, եւ չնայած այն տարածված համոզմանը, որ նրանք էթնիկ քրդեր են, որոնք ընդդիմացել են իսլամ ընդունելուն, սովետական իշխանության վերջին տարիներից սկսած` Հայաստանում եզդիներին որպես առանձին էթնոս ներկայացնելու փորձեր են արվում։ 

Սովետական դեմոգրաֆիան, որը շեշտում էր համայնական ինքնությունը՝ հիմնված լեզվի փաստի վրա, անտեսելով կրոնը,Հայաստանում համատեղ բնակվող եզդիներին եւ մուսուլման քրդերին դասակարգել էր որպես միևնույն էթնիկական խումբ։ Բայց մինչև 1988-ը` «գլասնոստի» շրջանում, Հայաստանի եզդիների հոգեւոր եւ քաղաքական որոշ լիդերներ սկսեցին մարտահրավեր նետել այս ընկալմանը, եւ սրանով «եզդիական շարժման» հիմքը դրվեց։ 

Հաջորդ տարի խնդրանք ներկայացվեց սովետական ղեկավարությանը` պահանջելով եզդիներին համարել առանձին էթնիկական խումբ։ Նրանց պահանջը բավարարվեց, եւ 1989թ.վերջին սովետական մարդահամարի ժամանակ մոտ 60,000 մարկանցից, որոնք նախկինում համարվում էին Հայաստանի սովետական հանրապետությունում ապրող քրդեր, 52.700-ը առաջին անգամ պաշտոնական նոր` եզդի ինքնություն ստացան։ 

Այս «անմիջականության» ժամանակահատվածում, որը բնորոշ էր Սովետական Միության վերջին տարիներին, միայն եզդիները չէին ազգային շարժումներ սկսում։ 1988թ. փետրվարին հայերը համընդհանուր ցույցեր սկսեցին` պահանջելով, որ Ադրբեջանի կազմում գտնվող մեծամասամբ հայաբնակ Լեռնային Ղարաբաղը միավորվի Հայաստանին։ Ադրբեջանցիները սրան հարձակումներով պատասխանեցին։ 

Մինչեւ այժմ չլուծված էթնիկական կոնֆլիկտի սկիզբը «նշանավորվեց» երկու հանրապետություններից փոխստականների հոսքով։ 350.000 հայեր գաղթեցին Ադրբեջանից, 200.000 ադրբեջանցիներ՝ Հայաստանից։ Եզդիները մյուս ոչ մուսուլման սակավաթիվ փոքրամասնությունների հետ մնացին Հայաստանում։ Մինչև 1991թ., երբ ղարաբաղյան խնդրի շուրջ լարվածությունը վերածվեց ռազմական կոնֆլիկտի, Հայաստանում ապրող գրեթե բոլոր մուսուլմաններն արդեն հեռացել էին։ 

Եզդիների` որպես առանձին ազգ համարվելու աջակիցները, ինչեւէ, պնդում են, որ ղարաբաղյան կոնֆլիկտի եւ եզդիական քրդերից առանձին ինքնության զարգացման մեջ ոչ մի կապ չկար։ 

Իրանագիտության Կովկասյան կենտրոնի տնօրեն Գառնիկ Ասատրյանը վիճում է, որ ատելությունը եւ թշնամությունը միշտ էլ հատուկ են եղել երկու խմբերին։ Միայն բնական էր, որ անկախ Հայաստանի պետության վերածնունդը դրդեց եզդիներին վերագտնել իրենց ինքնությունը եւ կրոնը»,- կարծում է նա։

Ինքնության քաղաքականություն 

Մինչ եզդիների կրոնը խիստ տարբերվում է քրդերի կրոնից, թվում է, թե քաղաքական գաղափարախոսությունը ձգում է եզդիներին քրդական խնդիրների շուրջ։ 

Վերջերս մեծամասամբ եզդիաբնակ գյուղում տեղի ունեցած տոնակատարության ժամանակ լսարանը ունկնդրում էր քրդամետ ճառեր և երգեր, որոնց մի մասը եզդի երեխաներն էին կատարում։ Տոնակատարության խոսնակներից մեկը Հեյդար Ալին էր՝ իրաքցի քուրդ, որը բացահայտորեն իրեն ներկայացնում է որպես Կոնգրա-Գելի (նախկինում հայտնի որպես Քրդական բանվորական կուսակցություն) ներկայացուցիչը Կովկասում (PKK)։ 

Հարեւան Թուրքիայի հարավարեւելյան շրջաններում անջատողական կոնֆլիկտներ առաջացնեյու պատճառով ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից այն համարվում է տեռորիստական կազմակերպություն։ Քրդական Բանվորական Կուսակցությունը կորցրեց իր խթանիչ ուժը, երբ 1999թ. Թուրքիան ձերբակալեց նրա առաջնորդ Աբդուլլահ Օջալանին, բայց այն դեռեւս ակտիվ է Թուրքիայում եւ արտասահմանում։ 

«Որոշ պաշտոնյաներ օգտագործում են համայնքի այս արհեստական պառակտվածություը իրենց շահերի համար,-ասում է Ալին,-իրականում եզդի կրոնը քրդերի սկզբնական հավատքն է եղել, միչեւ հետագայում մեծամասնությունը իսլամ է ընդունել։ Ինչպես որ հայերը հեթանոս են եղել քրիստոնեություն ընդունելուց առաջ։ 

Իհարկե, երբ մուսուլման քրդերը եւ ադրբեջանցիները հեռացան Հայաստանից Ղարաբաղյան կոնֆլիլտի սկզբնական շրջանում, որոշ եզդիներ միգուցե թաքցնում էին իրենց քրդական ինքնությունը վախի պատճառով,-շարունակում է նա,-բայց հայ հասարակության վերաբերմունքը քրդական հարցերին հիմնականում դրական է։ Մենք դարերով ապրել ենք միասին եւ ընդհանուր շահեր ունենք»։ 

19-ամյա Գոհար Սարոավան, որը ներկա էր սեպտեմբերյան տոնակատարությանը, համամիտ է։ 

Նա այն մի քանի մուսուլման քրդերից է, որ մնացել են Հայաստանում եւ ասում է, որ իրենց եւ հայկական գյուղում ապրող երկու հարեւան քուրդ ընտանիքների նկատմամբ երբեք խտրականություն չի դրսեւորվել։ Որպես Երեւանի Քուրդիստան Կոմիտեի երիտասարդ ժուռնալիստ` նա չի թաքցնում եզդիների մասին իր տեսակետը։ 

«Ես գրում եմ Հայաստանի քրդերի և մեր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի մասին,-ասում է նա,-ես եկել եմ այս եզդիական տոնակատարությանը, որովհետև մենք քրդեր ենք։ Մեր կրոնները միգուցե տարբեր են, բայց մենք նույն ազգն ենք»։

Ըստ հավաստի տվյալների` մի քանի հարյուր մուսուլման քրդեր դեռեւս մնացել են Հայաստանում։ Նույնիսկ որոշ պետական պաշտոնյաներ ոչ պաշտոնական շրջանակներում ընդունում են, որ 2001թ. մարդահամարում գրանցված 1,519 քրդերը հիմնականում այն եզդիներն են, որոնք իրենց քուրդ ինքնությունն են հաստատել։ 

«Մեկ այլ բարդացնող հանգամանք է PKK-ի գաղափարախոսությունը, որը հրապուրում է Հայաստանի եզդիների մի մասին եւ շատ այլ եզդիների»,-ասում է Քրեյենբրոեքը։ 

«Ինչպես PKK-ն շեշտում է, որ իրենց քրդական ինքնությունը նախորդել է կրոնական որդեգրումներին, նրանք, ովքեր ազդվել են սրանից, բնականաբար հետ են դառնում իրենց քուրդ անվանը։ Մյուս կողմից էլ ավելի ավանդապաշտները՝ եզդիները, վտանգված են զգում եւ ավելի ուժգնորեն են ժխտում իրենց կապը քրդերի հետ։ Ավելի փոքր մասշտաբով նույն զարգացումները կարելի է նկատել Գերմանիայում, որտեղ բացասական վերաբերմունքը PKK-ի նկատմամբ դրդում է որոշ եզդիների թաքցնել իրենց քրդական ինքնությունը եւ ավելի շեշտել եզդիական ասպեկտը։ 

«Հայաստանի եզդիների բաժանումը մի խմբի, որոնք իրենց կոչում են քրդեր եւ Կուրմանջիախոս (քրդերեն) են, եւ մյուս խումբը, որն իրեն անվանում է եզդիներ, ովքեր ունեն իրենց առանձին լեզուն, հետսովետական շրջանի ինքնության որոնման պրոցեսի մի մասն է,-ասում է Գերմանիայի Հայդելբերգի համալսարանի գիտնական Ռոբերտ Լանգերը, որը ուսումնասիրում է Հայաստանի եզդիների ծեսերն ու ավանդույթները։ 

Եվ լեզվի խնդիրը համայնքի առջեւ ծառացած ամենավիճելի, ծեծված խնդիրն է։ Ըստ Կառավարության ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետ Հրանուշ Խառատյանի` «այն Հայաստանի ազգային փոքրամասնությունների առջև կանգնած ամենահրատապ խնդիրն է»։ 

Երբ Հայաստանի կառավարությունը առաջարկեց կուրմանջիերեն վավերացնել այն լեզվի անունը, որով խոսում են քրդերը եւ եզդիները, կրքերը այնքան շիկացան, «որ իրեն մեղադրեցին եւ սպառնացին երկու կողմերն էլ»,-ասում է Հ. Խառատյանը։ Նա ասում է, որ հատկապես եզդիների հոգեւոր առաջնորդները պահանջում էին, որ իրեց լեզուն անվանվի «եզդիերեն», եթե նույնիսկ ոչ պաշտոնական շրջաններում նրանք ընդունում են, որ դա կուրմանջիերենն է։ 

Չկարողանալով բավարարել համայնքի երկու կողմերին` Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի պահանջով կառավարությունը վավերացրեց եւ՛ եզդիերենը, եւ՛ քրդերենը։ «Ստույգ թիվը հայտնի չէ, բայց բավական թվով եզդիներ իրենց քուրդ են համարում, եւ նույնքան էլ եզդիներ կան, որ իրենց քուրդ չեն համարում։ Արդյունքում,-ասում է Խառատյանը,-կառավարության կողմից ճիշտ էր կողմերին չմիջամտելը»։ 

«Չնայած այն հանգամանքին, որ ես ազգագրագետ եմ եւ գիտնական, ես մարդկանց կկոչեմ այն անունով, որով իրենք են իրենց կոչում,-ասում է Խառատյանը,-ես հասկանում եմ, որ ազգային ինքնության կայացման ժամանակ այսպիսի տրանսֆորմացիան շատ բարդ եւ լուրջ խնդիրներ է առաջ բերում, եւ այդ պատճառով ՀՀ կառավարությունը չի միջամտի։ 

Ես չգիտեմ, թե ինչ կպատահի համայնքի երկու կողմերին էլ,-եզրակացնում է նա,- բայց սա աշխարհում միակ դեպքը չէ։ Խորվաթները և սերբերը այժմ թշնամիներ են, չնայած գենետիկորեն նույն ազգն են։ Ինչեւէ, ազգերը սոցիալական երևույթ են, եւ ժամանակ առ ժամանակ իրադրությունները փոխվում են»։

Առաջին անգամ տպագրել է «Transitions Online» պարբերականը 2004թ.

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter