HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Բալկոնում Միկա Վաթինյանն է

Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրություն պետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելունա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։

Բալկոնում  Միկա Վաթինյանն է։

Միկա Վաթինյանը՝ երրորդ տարածությունում (ինքն իր մասին)

Փոքր էի, մեծ թենիսով էի զբաղվում (մամայի որոշումն էր. կարծում էր, որ թենիսիստները սիրուն են: Այդպես էլ չհապատասխանեցի իր իդեալներին): Հիշում եմ, որ ինչ-որ տոնական տրամադրություն էր, մարզիկներով պիտի շարք կազմեինք, ես 7-8 տարեկան էի՝ կարճ տաբատով, շապիկով ու ակնոցով։ Ինձ կանչեցին, կանգնեցի, սկսեցին հերթով մնացածին էլ կանչել։ Անընդհատ դիրքս փոխում էի, որ առաջին տեղում կանգնեմ, շարքն ինձնից սկսվի։ Երբ բոլորն արդեն իրենց տեղում էին, եւ ես առաջինն էի, մարզիչը ասաց․ «Զգա՛ստ, ա՛ջ դարձ», շրջվեցինք, ու ստացվեց, որ վերջում հայտնվեցի։ Այդպես մեխանիկորեն առաջինը լինելու պայքարս ապարդյուն եղավ։

Ինձ թվում է՝ այս պատմության մեջ իր մասին ինչ-որ բաներ կան․․․ Ու այս պատմությունը առաջինը կամ վերջինը լինելու մասին չի․ այդ պահից սկսած իր համար պարզ դարձավ հարաբերականությունը։

Երբ ինձ նայում եմ «ինքի» տարբերակով, չգիտեմ՝ ինչու փոքր տարիքում եմ տեսնում, հենց այդ ակնոցով շրջանն է աչքիս երեւում։ Առաջ ինքն իր հետ ինչ-որ պրոբլեմ ուներ, բայց վերջին շրջանում թվում է՝ «գտել» են իրար, եւ «ինքն» իրեն հեռվից ողջունում է։ Զգում եմ, որ վերադառնում եմ իրեն, չգիտեմ, երեւի ծերանում եմ, դրանից է․․․

Քո ու Հայաստանի հարաբերությունները։

Շատ շերտեր ունի, եւ ամեն շերտ տարբեր դրսեւորումներ։ Մի շերտով շատ անտարբեր եմ։ Չէի ցանկանա հենց այսպես ասել, բայց, եթե անկեղծ, ուրեմն իսկապես կա այդ անտարբերությունը․ մեծ հաշվով ստացվում է, որ ինչ-որ առումով հարաբերություն չունեմ Հայաստանի հետ․․․ Եվ դա ինձնից է, ոչ թե Հայաստանից․ երեւի որտեղ էլ լինեի, այդպես կլիներ։ Հայաստանի դեպքում ավելի խորն է արտահայտվում, որովհետեւ քիչ բան կա, որ ինձ հետաքրքրում է։

Երեւի ես այլեւս չեմ «հանդիպում»․ ինձ ինչ-որ ծակի մեջ եմ մտցրել ու սահմանափակ քանակությամբ մարդկանց եմ տեսնում։ Այստեղից է, որ հարաբերության մասին կարծիքս օբյեկտիվ չի, բայց չմանրանալու համար էլ ասում եմ, որ գլոբալ առումով հարաբերություն չունեմ։

Այն, ինչ անում եմ, ուղղված է այս տարածքին․ արդեն երկրորդ շերտին անցա։ Այդ «անտարբերության» հետ մեկտեղ ես շատ «ուղղված» եմ։ Արածս հենց այս տարածքի մեջ եմ դնում, նայում եմ, թե որքանով եմ հենց այստեղ, որովհետեւ ինձ աշխարհի քաղաքացի չեմ համարում։

Այս տեղի հետ առնչությունը ո՞րն է ուրեմն։

Աշխատում եմ ռացիոնալ նայել։ Իմ ու այս տարածքի հարաբերությունը շատ օբյեկտիվ գործոններից է կախված՝ տարածքի մասշտաբից, մարդկանց քանակից, սոցիալական շերտերից, որոնք կան, նաեւ նրանից, թե ով է գնացել, ով է մնացել, որովհետեւ գործս նախ մարդկանց է ուղղված։

Չեմ կարող ասել, որ մարդիկ թատրոն չեն գալիս, երբ գիտակցում եմ, որ շատ քիչ մարդ կա այս տարածքում․ հասկանում եմ, որ թատրոն եկած վեց հոգին մի այլ տեղի վեց հարյուրն են, եւ այնպես չի, որ այնտեղ թատրոնը սիրում են, այստեղ՝ ոչ․․․

Փաստորեն մասշտաբն ազդեցություն ունի քեզ վրա։

Եթե մասնագիտական տեսանկյունից նայենք, հա՛։ Դու դիմում ես մարդկանց, ուզում ես՝ իրենք շատ լինեն։ Ինչքան իրենք շատ, այնքան դու բավարարված ես։ Խոսքն, իհարկե, քո արածի ու այդ արածի հետ կապ ունեցող լսարանի մասին է, թե չէ կարող ես Լիլիթ «եսիմինչյան» լինել եւ մարզահամերգային համալիր «լցնել»։

Տեղի փոփոխության մասին միտք չի՞ ծագել։

Ծագել է․․․ Որ ասեմ՝ ուզում եմ մեռնել սարերի մեջ, չէ, բայց նորից փորձում եմ օբյեկտիվ կերպով գնահատել․ տեղափոխվել ինչի՞ համար կամ ու՞ր։ Հասկանում եմ, որ շատ հարցեր ես ինքս ինձ  պիտի ուղղեմ, եւ տեղն այդ առումով էական չէ։

Բնորոշում ունեցող մարդիկ։

Հիմա խոսում եմ հանդիսատեսի, ոչ թե, ասենք, քո մասին, որովհետեւ այն մարդիկ, ովքեր ինձ շրջապատում են, իրենց ընկալում եմ այն բորշչի մեջ, որում ես ինքս եփվում եմ․․․ Բայց ես իրենց չեմ ուղղվում, եւ, եթե որեւէ մեկին էլ ուզում եմ «ուղղվել», հանդիսատես կոչվածն է, որն ինձ լսում է, տեսնում է ու ինձ հետ ուղիղ իմաստով կապ չունի։

Խաղում ես թատրոնում, երգում ես, ցուցադրություններով ես հանդես գալիս։ Շերտերն ու ներկայանալու ձեւերը շատ չե՞ն։

Մասնագիտությամբ ռեժիսոր եմ ու կարծում եմ արտառոց բան չկա, որ ռեժիսորը կարող է նաեւ գրել, նկարել, լուսանկարել, երաժշտությամբ զբաղվել։ Դրա համար չեմ մտածում, որ մի քիչ այս եմ, մի քիչ այն․ ընդհանուր բնական պրոցես է, արհեստական կերպով ինձ ինչ-որ ձեւակերպման մեջ չեմ դնում։ Անում եմ այն, ինչ ուզում եմ։

 «Deenjes»-ն ինչպե՞ս է ստեղծվել։

Ինչ-որ իմաստով պատահական է եղել։ Այն, որ դու տասներկու տարեկանում ռոք ես լսում ու քեզ պատկերացնում երկար մազերով, կիթառը ձեռքիդ, ֆանտազիաներ են, որոնք միշտ ուզում ես իրականացնել։ Ինչպես արդեն ասացի, ինչ-որ տարիքից սկսած ինձ թվում է, որ հետ եմ գնում, փորձում իրականացնել այն, ինչ ժամանակին ուզել եմ։

Երաժշտությամբ զբաղվելը այդպիսի ուժեղ ցանկություններից մեկն էր։ Նվագում էի դեռ այն ժամանակ, բայց տեղից չէր շարժվում։ Հանդիպեցի Թամամին․ այն դեպքն է, որ ասում էի՝ այլեւս «չեմ հանդիպում»։ Պարզվում է՝ կարող ես հանդիպել մարդու, ում հետ մի ամբողջ էտապ կանցնես։ Մինչ այս եղել են դեպքեր, բայց բան դուրս չի եկել։

Ակտի՞վ քաղաքացի ես։

Չեմ համարում, թե առանձնապես ակտիվ քաղաքացի եմ, բայց լուրջ իրադարձությունների ժամանակ տեղում եմ։ Ամեն դեպքում կարծում եմ, որ շատ ավելի էական է այն տեղը, որտեղ  գործում ես․ ա՜յ այդտեղ պիտի լինես մտածված, հստակ ու հետեւողական։

Ինչու՞ են իշխանություններն այսպես «ուժեղ», որովհետեւ իրենց տարածքում շատ պինդ են, իսկ մենք մեր տարածքներում ինֆանտիլ ենք։ Իրենք իշխանություն ուզում են, մենք չեն ուզում․ մեր պահանջը «իրենց գնալն» է, այդքան բան։ Իրենք հեշտ են լուծում մեզ հետ կապված հարցերը, որովհետեւ մենք ամուր չենք մեր տեղում, որովհետեւ վտանգ չենք ներկայացնում մեզնից։

Իրենք մեզ տեսնում են «էրեխեքի» պես, որ ժամանակ առ ժամանակ «չարություն» են անում, բայց հիմնականում չեն ձեւակերպվում։

Ձեւակերպվելու հարցը երկխոսություն ենթադրում է, չէ՞։ Գուցե չենք կարողանում ինքնակազմակերպվել, առնչվել։

Մենք հաճախ դժգոհությունից ենք հաղորդակցվում, ոչ թե ինչ-որ բան ստեղծելու ցանկությունից։ Մենք սիրում ենք բառեր, մեծ հաշվով հակված ենք աբստրակտ բաների հետ գործ ունենալ։ Արձանը դրեցին, վազում ենք «դեմ», բայց որ չտեղադրվեր, չէինք վազելու, շենքը քանդեցին, նույնն է, անօրինական այլ բան եղավ, էլի նույնն է․․․ «Չենք դնում մերը», իսկ իրենք «դնում են»։ 

Իսկ մենք պիտի կարողանանք ասել՝ «ձե՛ռ չտաս, սա ես եմ դրել ու․․․ Շատ մտածված, ու շատ ամուր»։

Ուզու՞մ ես ասել՝ գործողության գնում ենք գործողությունից հետո։

Մեծ հաշվով սիմվոլիկ գործողություն ենք ծավալում․ անում ենք մի բան, որն ամուր հիմք չունի։ Նոր ժամանակների փիլիսոփայությունն ինչ-որ առումով նպաստում է դրան, որ խորանալն այնքան էլ կարեւոր չի․ նշանը տվեցինք, արդեն լավ է․․․ Բայց այս իրավիճակում դա չի անցնում։ Գործողությունը պիտի մտածված լինի, ագրեսիվ, որ ոչ մեկի ձեռքը չհասնի։

Ինչու՞ է Ֆեյսբուքը բոլորին ձեռք տալիս, որովհետեւ բավարարում է մեզ․ նվնվում ենք, բնազդաբար գործում, գրում ենք մի բան, արտահայտվում․․․ Իսկ հետոն արդեն ձանձրալի է։

Դու ինքդ կոնկրետ ձգտու՞մ ես իշխանության։ Ունե՞ս նման խնդիր։

Իշխանություն հասկացողությունն ինձ համար ռեալ է․ այն գոյություն ունի, եւ ես հաշվի եմ նստում իր հետ։ Եթե նույնիսկ ինչ-որ պահի պիտի պայքարեմ իշխանության դեմ, ուրեմն պիտի ընդունած լինեմ իր գոյությունը․ հակառակ դեպքում ինչի՞ դեմ եմ պայքարում։

Բայց համակարգի մե՞ջ ես։

Քաղաքականության մեջ չեմ, ու դա չի նշանակում, որ չէի ուզենա։ Գուցե մի երկու տարի հետո հայտնվեմ դրա մեջ։

Իսկապե՞ս։

Հա,  որովհետեւ ինձ չեմ առանձնացնում, կտրված չեմ ոչ մի բանից։ Առհասարակ արվեստագետներին չեմ տեսնում մի առանձին մոլորակի վրա, որտեղ «փոքրիկ իշխաններով» հավաքված ամեն մեկն իր վարդն է ջրում, իսկ մյուս կողմում այլ մոլորակ է, որտեղ չար «բոբոներն» են հավաքված։

Գործողության նշանները կարեւորու՞մ ես։

Հա, շատ։ Երեկ գնացել էի ցույցի, Արա Գեւորգյանի գործերից մեկն էր միացրած։ Հենց այդ պահին թեման ինձ համար փակվեց։ Դա նրանից չէ, որ ես էսթետ եմ կամ եսիմ ինչ, ուղղակի հասկանում եմ, որ տեսլականը միակողմանի լինել չի կարող։ Եթե ինքը տեսնում է ապագա Հայաստանը նաեւ այսպես, ապա ես նման Հայաստանը չի, որ ուզում եմ տեսնել։

Հարցը Արա Գեւորգյանը չի, իմ վերաբերմունքը չի, այլ այն, որ հրապարակում հնչում է չմտածված, չպլանավորված երաժշտություն ու ինձ համար պատկերացում ստեղծում վաղվա գործողության մասին։ Հասկանու՞մ ես ինչ եմ ասում։

Հա, փորձում եմ․․․ Դե այդ առումով քո ասած ուրիշ մոլորակն ուրեմն կա, որովհետեւ այդպիսի նշանները, որոնք չեն կարեւորվում իրենց կողմից, քեզ հեռացնում են հրապարակից։

Ավելի պարզ՝ «կազմակերպիչն» իր գործը վատ է անում, ես մտածում եմ, որ ինքը հարցին պրոֆեսիոնալ չի մոտենում, ինքն իմ կարիքը չունի, որովհետեւ չի նստել ու մի հինգ րոպե մտածել, թե ինչ «սաունդտրեք» պիտի լինի այդ հրապարակում, ինքն ինչ է ուզում ասել այդ երաժշտության միջոցով։

Այսինքն ինքն այդ մասը հերքում է, մի ամբողջ մշակույթ գցում է մի կողմ։ Այդ դեպքում ես ինչու՞ պիտի մաս կազմեմ, եթե ինքն ուղղակի ասում է՝ «ինչ կարեւոր է․ եկեք, հավաքվենք, վազվզենք» ․․․ Չէ՜, այդ պրոցեսի մեջ ամեն նշան խիստ կարեւոր է եւ մտածված պիտի լինի։ Պայքարն ունի տեսանելի սիմվոլներ, որոնք անտեսվոմ են․․․ Եթե ուղղակի հերթական «ժաշքն» է, ուրեմն ես չկամ։

Երեւանի հետ առնչությունը․․․

Չեմ ուզում այսպես նեգետիվ, դեկոնստրուկտիվ զրույցի գնալ, բայց անկեղծ խոսելու հետեւանքով այդպես է ստացվում։ Քաղաքի հետ առնչության խնդիրները նախ իմ պատմության խնդիրներն են․ կորավ մի երկիր, մյուսը երեւի եկավ, ու ես բաց թողեցի «այ այստեղ համբուրվում էինք», «այստեղ կինո էինք նայում» պահերը։

Այսինքն քաղաքում չկան տարածքներ, որոնք նշանային կերպով բերեն այդ առնչությանը։ Չկա իմ շենքը, որտեղ ես մեծացել եմ, չկան շատ բաներ, որոնց հետ ես առչվել եմ․ ձեւավորվել է ինչ-որ քաղաք, որից դուրս եմ։

Մեկ-մեկ գուցե տխրում եմ, մտահոգվում, որ տարածքային առումով խոցելի ենք, ելքեր չունենք, ճանապարհները փակ են, կապերն ուժեղ չեն, բայց մտածում եմ նաեւ, որ շատ բան կարելի է անել։ Օրինակ ինձ հետաքրքիր է, թե ինչ կարող ենք անել, որ մարդիկ թատրոն վերադառնան։ Դիրքավորված ասել, որ նրանք չեն գալիս, սխալ է, համոզված եմ, որ բան չկա, որի համար կգան։

Այդ առումով Տաթեւ Մելքոնյանի բեմադրած «Я здесь» ներկայացումը, որտեղ դու էլ ես խաղում, ուժեղ տպավորություն է գործել։ Տարբեր միջավայրերում այս ներկայացման մասին խոսում են, հանդիսատեսի հոսքը չի դադարում, երբ տեղերի քանակն էլ սահմանափակ է։

«Я здесь»-ը լավ օրինակ է։ Իսկ ինչի՞ չսահմանափակել քանակը, ինչի՞ չհասկանալ, որ գործը կամերային է․․․ Նման շատ հարցեր, որոնց շուրջ մտածել են, լուծումներ են գտել եւ հաջողվել է։ Ներկայացումը երկու տարի շարունակ խաղացանկում է։

Երբ ինձ հրավիրում են հեռաստատեսություն, մերժում եմ, շատերը մտածում են սնոբ եմ։ Հարցը դա չի։ Ես հասկանում եմ, որ իմ ստեղծած «ապրանքը» առավոտյան եթերում խոսելու համար չի նախատեսված։ Չեմ թերագնահատում պոպուլյար դառնալու հնարավորությունները, ամսագրի շապիկին հայտնվելու ցանկությունը չեմ բացառում, բայց չեմ կարող իմ ստեղծածը իր կոնտեքստից կտրել, չի աշխատի ուղղակի։

Սա նորմալ հաշվարկ է, որն ամեն դեպքում պիտի  գործի․ մտածում ես առաջարկի մասին, հասկանում ես, որ եթե ներկայացումը 50 հոգու համար է, ուրեմն պետք չի 200 հոգանոց դահլիճ «լցնել»։

Իսկ ինչու՞ է այդ ներկայացման մասին խոսվում, ինչու՞ են շարունակում գալ, որովհետեւ բացի մեծ աշխատանքը, որ կատարվել է, կա հրաշալի դերասանական խաղ։ Իմ մասին չի խոսքը, Կարախանյան Արամի մասին եմ խոսում։ Մարդիկ գալիս են նայելու նախ Արամին։ Երբ ես նայեցի ներկայացումը (այն ժամանակ դեռ Սամվել Թադեւոսյանն էր Արամի խաղընկերը), համաձայնեցի բեմ բարձրանալ 20 տարի անց․․․ Որովհետեւ բարձր որակի կողքին եմ «ֆռֆռում», որքան էլ էգոիստական հնչի։

Միկա, արվեստագետին «դիրքավորելու»  շատ փորձեր են արվում։

Հա, երեւի, բայց չեմ կարող օբյեկտիվ կարծիք ասել այս մասով։ Ես «արհեստավորի» կողմն եմ հակվում, որ նման որակումներից, նման պիտակներից պաշտպանվեմ։ Չեմ թերագնահատում նման փորձերը, կարող է նաեւ անալիզը այդպես գնալ, բայց հիմնական խնդիրներն այդպես չեն լուծվի։

Վերջնական արդյունք, պինդ ներկայացում ստանալու համար ի՞նչն է պակասում։

Երբեմն շատ ենք բարդացնում վիճակը։ Նորմալ է, որ արվեստագետները ցրված են, հաճախ կապեր չեն ստեղծվում, բայց մենք այդ կապերի թուլությունից բացի նաեւ քիչ ենք։ Ասենք ունենք վեց ռեժիսոր, որից չորսը ամբիցիոզ է, երկուսն՝ անտաղանդ, բայց եթե ունենայինք քսանը՝ ութը կլինեին ամբիցիոզ, յոթը՝ անտաղանդ, եւ եթե հինգ նորմալ ռեժիսոր ունենայինք, պատկերն այլ կլիներ։

Թվում է՝ անընդհատ ինչ-որ բաներ են տեղի ունենում, կապեր են առաջանում, պրոցեսներ կան․․․ Գուցե քսան տարի հետո ավելի լավ լինի, քան հիմա․․․ Մենք կհեռանանք, ուրիշները կգան։ Սա էլ ուրիշ պրոբլեմ է, որովհետեւ փոփոխություն չկա․ եկողները չեն երեւում, մնացողները երկար են մնում ու չեն հեռանում իրենց տեղից։

Մեկնաբանություններ (1)

Աննա
Սիրուն, խորը, հետաքրքիր զրույց, ինչպես Բալկոնի մյուս զրույցները: Սիրով սպասում եմ ամեն մի զրույցին: Հյուրերը ընտրյալներ են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter