Հինգշաբթի, 26 ապրիլի

Հետագա ծրագրերի մասին Փաշինյանը կխոսի հանրահավաքի ժամանակ (թարմացվող)



19:41

Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց հանրահավաքը: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ներքաղաքական կյանքում բեկում եղավ: «Մենք այսօր ցույց տվեցինք, որ հայ ժողովուրդը հաղթական ժողովուրդ է: Այս շարժումը հազարավոր մարդկանց աջակցությունն ունի, որովհետև սա ազնիվ շարժում է»,- հայտարարեց նա:

18:35

Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ «Լուսավոր Հայաստան»-ի գրասենյակից, սակայն չմանրամասնեց, թե «Ելք» խմբակցության պատգամավորների հետ ինչ քննարկում է ունեցել: «Որևէ հարցի շուրջ չենք բանակցել»,- ասաց Փաշինյանը եւ խոստացավ ծրագրերի մասին առավել մանրամասն խոսել 19:00-ին տեղի ունենալիք հավաքի ընթացքում:

18:04

Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ինչպես նախկինում էր ասել՝ բռնության կիրառման դեպքում իրենք կլինեն հրապարակում, և հավելեց՝ իրենց մոտեցումներում ոչինչ չի փոխվել: «Մենք ինչ ասել ենք, մեր խոսքի տերն ենք»,- ասաց նա:

Մարուքյանը չցանկացավ պատասխանել հարցին` արդյոք միանալո՞ւ են պայքարին, թե` ոչ: Հիշեցնենք, որ 19:00-ին հանրահավաք է հայտարարված:

18:01

«Լուսավոր Հայաստան» կուսակցության գրասենյակում այս պահին քննարկում են կամակերպել «ԵԼՔ» խմբակցության բոլոր պատգամավորները` բացի Արտակ Զեյնալյանից: Սակայն հայտնի չէ, թե կոնկրետ ինչ հարցերի շուրջ են պատգամավորները խորհրդակցում:

17:35

Նիկոլ Փաշինյանը վերադարձավ Բաղրամյան պողոտա, որտեղ նրան դիմավորեցին «Ելք» դաշինքի անդամներ Էդմոն Մարուքյանը եւ Արամ Սարգսյանը: 19:00-ին հայտարարվեց հանրահավաք: 

16:59

«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը Ֆրանսիայի հրապարակի հարթակից հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը շուտով կմիանա ցուցարարներին:

16:31

Ոստիկանների եւ ցուցարարների հետ բախումներից հետո` քիչ առաջ, Բաղրամյան պողոտա բերվեց ջրցան մեքենան: Այն կայանվել է ոստիկանական ուժերի հետեւում:

16: 21

Նիկոլ Փաշինյանի կինը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ Փաշինյանն այս պահին «Նաիրի» բժշկական կենտրոնում է: Կնոջ փոխանցմամբ` փշալարերից քերծվել են պատգամավորի ձեռքերը, որոնք վիրակապել են, եւ նա խոստացել է քիչ ուշ միանալ Բաղրամյան պողոտայում գտնվող ցուցարարներին:

16: 20

Ոստիկանությունը դիմել է հանրահավաքի մասնակիցներին հետեւյալ հայտարարությամբ. «Բաղրամյան պողոտայում Ձեր կողմից ղեկավարվող հավաքի մասնակիցների բռնի գործողությունների արդյունքում կոպտորեն խախտված է հասարակական կարգը: Ոստիկանության բոլոր նախազգուշացումները, պահանջները և սահմանափակիչ այլ գործողությունները այլևս անարդյունավետ են, ուստի ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով՝ ոստիկանությունը Ձեզանից պահանջում է դադարեցնել հավաքը:

Հավաքի վայրում Ձեր բացակայության կամ Ձեր կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքում սահմանված ողջամիտ ժամկետի ավարտից հետո Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ»:

16:15

Ոստիկաններն այդպել էլ չեն հեռացրել փշալարը, որը ցուցարարներին բաժանում է ոստիկանական ուժերից:

16:10

Այս պահին Բաղրամյան պողոտայում իրավիճակը հանդարտվել է: Այլեւս բախումներ չկան ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Բախումներից հետո պողոտա են ժամանում շտապօգնության մեքենաները՝ վիրավորներին առաջին բուժօգնություն ցուցաբերում կամ հիվանդանոց տեղափոխում: Ցուցարարները չեն լքել պողոտան:

16:05

Ոստիկանության հատուկ գործողությունից հետո Բաղրամյան պողոտա են ժամանում շտապ օգնության մեքենաներ եւ քաղաքացիներին տեղափոխում են հիվանդանոցներ: Շուշան Հարությունյանը եւս վնասվածք է ստացել եւ սպասում է շտապ օգնության մեքենայի ժամանմանը: Ասում է` բախնան ժամանակ ցուցարարների ութերորդ շարքում էր: Շուշանի ոտքի մեջ պայթուցիկի մնացորդ է մտել եւ մի քանի տեղից վնասել:

16:02

«Հետքի» թղթակիցը Բաղրամյան պողոտայից հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը վնասվածք է ստացել եւ նրան տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն: Պայթուցիկ նյութից վնասվածք է ստացել նաեւ շարժման անդամ, Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը:

16:00

Համաձայնություն ձեռք բերվեց ոստիկանության եւ ցուցարարների միջեւ` վերջիններս երեք քայլ ետ են գնում, իսկ ոստիկանությունը չի կիրառում գազային հատուկ միջոցը:

15:52

Ոստիկանությունը զգուշացրեց ցուցարարներին, որ որոշում է կայացվել ցույցը ցրելու մասին: 

15:42

Բաղրամյան պողոտայում անորոշ իրավիճակ է: Նիկոլ Փաշինյանը չի երեւում ցուցարարների առաջին շարքերում, մի շարք քաղաքացիներ վնասվածքներ են ստացել կիրառված հատուկ միջոցներից: Նրանց մոտեցել են շտապօգնության մեքենաներ:

15: 24

Ոստիկանական պատնեշը ցուցարարները կարողացել են ճեղքել, սակայն ոստիկանները փշալարերով փակել են փողոցը: Ցուցարարները բացականչում են` ոստիկա´ն, միացի´ր: Ի պատասխան` ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց: Հավաքվածները բացականչեցին` ամոթ:

15:23

Այս պահին բախում է տեղի ունենում ցուցարարների և ոստիկանների միջև: Ցուցարարները փորձում են անցնել արգելապատնեշը և մոտենալ ԱԺ-ի շենքին, սակայն ոստիկանները բռնի կերպով արգելում են ցուցարարներին առաջ շարժվել:

15:19

Նիկոլ Փաշինյանը ցուցարարների հետ փորձում է ճեղքել ոստիկանական արգելապատնեշը, սակայն նրանց դեռևս չի հաջողվում:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշեց, որ պատգամավորներին թույլ կտա առաջ շարժվեց և մոտենալ ԱԺ-ին, սակայն Փաշինյանը Օսիպյանին ասաց, որ իր առջև նախապայմաններ դնել պետք չի, ինքը, միևնույն է, գնալու է ԱԺ լրագրողների և ցուցարարաների հետ միասին: Պատգամավորը ցուցարարներին հարցրեց, թե ով է այսօր իր մոտ ընդունելության, ցուցարաները միաձայն գոչեցին՝ «ես»:

Փաշինյանը Օսիպյանին հորդորեց բացել արգելապատնեշտները, սակայն նա հրաժարվեց` նշելով, որ անձամբ պատգամավորներին կուղեկցի ԱԺ-ի շենք, սակայն այս արգելապատնեշտները չի բացի: «Դուք չեք կարող ինձ ասել` որտեղից անցնեմ, պարոն Օսիսպյան»,-ասաց պատգամավորը:

«Դուք տանում եք բախման, պարոն Փաշինյան»,-ասաց Վալերի Օսիպյանը: Բաղրամայան պողոտայում կենտրոնացված են հարյուրավոր ոստիկաններ և ոստիկանական ուժեր:

15:07

Ցուցարարները Ֆրանսիայի հրապարակից շարժվում են դեպի Բաղրամյան պողոտա՝ խորհրդարանի շենք: Ինչպես հայտնեց Նիկոլ Փաշինյանը, իրենք՝ ԱԺ չորս պատգամավորներով, առջևից գնում են աշխատանքի՝ Ազգային ժողով, իսկ իրենց հետևից գնում են իրենց գործատուները՝ ցուցարարները:

14:13

Ցուցարարները այժմ հավաքվել են Ֆրանսիայի հրապարակում եւ սպասում են Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ հասկանալու, թե որն է լինելու իրենց հաջորդ քայլը:

Ոստիկանական ուժերը փակել են Մելիք-Ադամյան փողոցը: Կարմիր բերետավորները փակել եւ հսկում են ՀՀԿ գլխավոր գրասենյակ տանող ճանապարհը: Հարակից այգու տարածքում կայանել են ոստիկանական ավտոբուսներ, որոնցում եւս կենտրոնացված են ոստիկանական ուժեր:

13:27

Ուսանողները հայտնեցին, որ չեն վերադառնալու Աբովյան պուրակ, որտեղ ուսանողների մեկ այլ խումբ դասադուլ է անում եւ, անհրաժեշտության դեպքում, կրկին կվերադառնան Բաղրամյան պողոտա: Այս պահին նրանք դեռեւս Բաղրամյան պողոտայում են: «Իմ քայլը» շարժման անդամ Դավիթ Սանասարյանը նշեց, որ հավաքվածները պետք է հանդարտ սպասեն, եւ ոստիկանները քայլ առ քայլ հետ կգնան ու կբացեն պողոտան:

13:01

Ոստիկանական ուժերը փակել են Պարոնյան փողոցի այն հատվածը, որը դեպի Սերժ Սարգսյանի առանձնատուն է տանում: Ցուցարարներն այս պահին Լեոյի փողոցով շարժվում են դեպի Սարյան:

12:27

«Իմ քայլը» շարժման անդամները քիչ առաջ փակեցին «Հաղթանակ» կամուրջը, ինչպես երեկ հանրահավաքի ընթացքում հորդորել էր շարժումը գլխավորող Նիկոլ Փաշինյանը: Ցուցարարները վարորդներին կոչ են անում միանալ իրենց եւ պայքարել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ:

11:57

Ցուցարարներն այս պահին փակել են Խանջյան փողոցը Գրիգոր Լուսավորիչ փողոցին միացնող թունելը: Մեքենաները շրջադարձ են կատարում եւ վերադառնում:

11:46

Ցուցարարները «Դասադուլ», «Միացեք», «Քայլ արա, մերժիր Սերժին» վանկարկելով` մտան Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարան: Բարձրանալով համալսարանի հարկերով` նրանք դասադուլի կոչ հնչեցրին, իսկ ոմանք բուֆետի պատին փակցված պաստառից ջնջեցին Սերժ Սարգսյանի դեմքը:

11:31

«Իմ քայլը» շարժման հարյուրավոր ցուցարարներ այս պահին փակել են Երեւանի ամենաբանուկ փողոցներից մեկը՝ Խանջյան փողոցը: «Մի րոպե էս փողոցը պետք ա փակվի»,- ասաց Փաշինյանը: 

Ցուցարարները պատշգամբներից նայող քաղաքացիներին «Միացեք» վանկարկելով կոչ էին անում միանալ պայքարին:

10:48

Հարյուրավոր ցուցարարներ Մաշտոցի պողոտայով քայլերթով միացան Երևանի պետական բժշկական համալսարանի մոտ դասադուլ անող ուսանողներին: Ցուցարարները ծափողջյուններով ողջունեցին այն երիտասարդներին, ովքեր կարողացել են վաղ առավոտից փակ պահել այս փողոցները: Ցուցարարները վանկարկում են «Միացեք» եւ կոչ անում համալսարանի պատուհաններից նայող ուսանողներին իջնել լսարաններից եւ իրենց միանալ: 

Հերացի փողոց ժամանեցին մեծ թվով ոստիկաններ ու կարմիր բերետավորներ, փորձեցին հեռացնել ճանապարհը փակած ուսանողներին: 

Հերացի փողոցում այս պահին ոստիկանական ուժեր են կենտրոնացրել ու ցուցարարներին արգելում են առաջ շարժվել: Ոստիկանները որքան էլ փորձեցին արգելել ցուցարարաներին առաջ շարժվել, նրանք ճեղքեցին ոստիկանական պատնեշը եւ առաջ շարժվեցին:

10:42

Ցուցարարները քայլերթով շարժվելիս նկատեցին, որ Երեւանի պետական հենակետային բժշկական քոլեջի դռները փակ են, ուսանողները մնացել են ներսում, եւ նրանց արգելում են միանալ ցույցին: Մի խումբ ցուցարարներ եւ Նիկոլ Փաշինյանը բռունցքներով հարվածեցին քոլեջի դռանը եւ պահանջեցին այն բացել: Ցուցարարները մտան քոլեջ եւ ներսում գտնվող ուսանողներին դասադուլի կոչ արին: «Որեւէ մեկը չի կարող մեր երեխաների վրա դուռ փակել»,- ասաց Փաշինյանը:

10:30

Փաշինանյանը ցուցարարներին հորդորեց չբախվել ոստիկանների հետ, եթե սափրագլուխները ակտիվանան, նրանց պետք է չեզոքացնել: Սափրագլուխ ասելով` պատգամավորը նկատի ունի օլիգարխների թիկնազորների աշխատակիցներին: Փաշինյանը կոչ արեց եւ խնդրեց գործարարներին չներքաշվել քաղաքական այս գործընթացի մեջ, քանի որ իրենց կռիվն ու պայքարը Սերժ Սարգսյանի դեմ է:

10:20

«Հետքի» թղթակիցը հաղորդում է, որ լարված իրավիճակ է մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ: Այստեղ երիտասարդները խափանել են մետրոպոլիտենի աշխատանքը, մոտ 30 րոպե է` գնացնքերը չեն կարողանում շարժվել:  

10:16

Հարյուրավոր ցուցարարներ Մաշտոցի պողոտայով շարժվեցին Բաղրամյան պողոտա՝ «Միացեք», «Քայլ արա, մերժիր Սերժին» վանկարկելով: 

Ոստիկանական պատնեշին մոտենալով` Փաշինյանը քաղաքացիներին կոչ արեց որեւէ հարցով ոստիկաններին չդիմել, քաղաքական հարցեր չքննարկել, նրանք արդեն որերոդն օրն է` լարված ծառայություն են իրականացնում: «Խնայեք մեր ոստիկաններին եւ նրանց առողջությունը: Ողջունում ենք ձեզ մեր սիրելի ոստիկաններ»,- ասաց Փաշինյնաը: Ցուցարարները ծափ տվեցին: 

Պատգամավորը ներողություն խնդրեց ոստիկանների ընտանիքներից, որ իրենց պատճառով արդեն քանի օր է լարված ծառայություն են իրալանացնում: Փաշինյանը հայտնեց, որ քիչ ատաջ փակվել է նաեւ Բաղրամյան-Օրբելի խաչմերուկը:

10:06

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունը տեղեկացնում է, որ մետրոպոլիտենի գնացքները «Բաղրամյան» կայարանում կանգառներ չեն կատարի կայարանի շարժասանդուղքների մեքենասարքերում առաջացած տեխնիկական կարգավորման աշխատանքներով պայմանավորված: Պատճառվող անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

10:00

Ֆրանսիայի հրապարակից մինչեւ Ամիրյան փողոց ճանապարհը փակ է: Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարյուրավոր ցուցարարների ուղեկցությամբ Ֆրանսիայի հրապարակից շարժվեց Մաշտոցի պողոտայով եւ միացավ Ամիրյան փողոցը փակած ցուցարարներին: Պողոտայով անցնելիս Փաշինյանը քաղաքացիներին կոչ արեց միանալ իրենց ակցիային եւ քաղաքացիներից ներողություն խնդրեց պատճառված անհանգստության համար, սակայն նշեց, որ սա քաղաքական ակցիա է ընդդեմ Սերժ Սարգսյանի եւ Հայաստանի ադրբեջանցման:

Պողոտան փակ է Ամիրյան փողոցից մինչ Ֆրանսիայի հրապարակ: Քայլերթի ընթացքում ցուցարարները աղբամաններով եւ նստարաններով փակում են նաեւ մոտակա խաչմերուկները: Փաշինյանը հավաքվածներին ծափերով ողջունեց եւ ասաց, որ հպարտանում է նրանցով: «Ելք» դաշինքի անդամ, պատգամավոր Արարատ Միրզոյանը հավաքվածներից ոմանց կոչ արեց մնալ Ամիրյան փողոցում, իսկ Փաշինյաըւ եւ այլ ցուցարարներ այս պահին վերադառնում են Մաշտոցի պողոտայով: Փաշինյանը ուղիղ եթերով ակցիային հետեւող քաղաքացիներին կոչ արեց փակել նաեւ Խանջյան փողոցը:

9:50

«Հետքի» թղթակիցը հաղորդում է, որ մետրոյի գնացքը «Մարշալ Բաղրամյան» կայարանում չի կանգնում, հայտարարվել է, թե դա տեխնիկական խնդիրների պատճառով է: Ուսանողները չորս կողմից շրջափակել են Կորյուն-Աբովյան խաչմերուկը: Հիշեցնենք, որ «Իմ քայլը» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել գործադուլ, դասադուլ իրականացնել և մայրաքաղաքում երթևեկությունը կաթվածահար անել:
8:30

Այսօր առավոտյան 8:15-ից «Իմ քայլը» շարժման անդամները խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսել: Մասնավորապես` ցուցարարները փակել են Ամիրյան փողոցը: Փողոցի խաչմերուկում նրանք նստել են ասֆալտին, նստարաններ են դրել, աղբարկղ եւ մոտեցող մեքեննաներին հորդորում են իրենց միանալ:

Ցուցարարները չեն բացում փողոցը, որքան էլ ոստիկանները պնդում են, թե ակցիայի մասնակիցների գործողություններն իրավաչափ չեն:

Տասնյակ ուսանողներ դասադուլ են սկսել եւ փակել են Երիտասարդական մետրոյից դեպի բժշկական համալսարան տանող ճանապարհը:

Առավոտյան մի խումբ ցուցարարներ էլ պառկել էին մետրոյի Բարեկամության կայարանի կառամատույցի եւ վագոնի մեջտեղում՝ կաթվածահար անելով մետրոյի աշխատանքը:

Երեւանի տարբեր թաղամասերում ցուցարարները փակել են  փողոցներ՝ նստելով մեքենաների առջեւ, արգելելով նրանց տեղից շարժվել:

Հիշեցնենք, որ երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, «Իմ քայլը» շարժման նախաձեռնող Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց քաղաքացիական անհնազանդության գործողությունների պլանը, որն այսօր արդեն իրագործում են շարժման անդամները:  
Դիանա Ղազարյան, Սեդա Ղուկասյան

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ