HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Բարերարները դարձյալ իրավապահների սարդոստայնում

Երրորդ նիստից հետո՝ դեկտեմբերի 9-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը մասամբ բավարարեց ամերիկահայ բարերար Ջորջ Նաջարյանի՝ ՀՀ գլխավոր դատախազության քննիչի որոշման դեմ ներկայացրած բողոքը (Տես նաեւ' Սփյուռքահայ բարերարները հիասթափված են Հայաստանից): Դատարանը որոշեց քրեական գործի նախաքննությունը վերսկսել եւ Ջորջ Նաջարյանին որպես տուժող ներգրավել գործում:

Գրիգոր Իգիթյանին որպես մեղադրյալի ներգրավելը եւ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելը նախաքննության մարմնին պարտավորեցնելու մասով բողոքը դատարանը մերժեց:

Եթե ՀՀ Գլխավոր դատախազությունը 15 օրվա ընթացքում չբողոքարկի, կսկսվի նախաքննությունը:

Նշենք, որ այս գործով դատական նիստերն անցնում էին հասարակական վերահսկողության ներքո: Դատարանի դահլիճը միշտ լեցուն էր. ներկա էին հայտնի մտավորականներ, բժիշկներ, հասարակական գործիչներ, լրագրողներ, ներկայացուցիչներ կային նաեւ Լեռնային Ղարաբաղից:

Նաջարյանների գործի մասին տեղյակ են Նախագահի ապարատում, ՀՀ արտգործնախարարությունում: Մեր զրույցի ժամանակ կոռուպցիայի հարցերով ՀՀ նախագահի խորհրդական Բագրատ Եսայանը նշեց, որ ինքը նույնպես զբաղվում է այդ գործով:

Բարերարները, որ հույս ունեին իրավապահ մարմինների օգնությամբ վերականգնել արդարությունը, վերջին մեկ ամսվա ընթացքում ստիպված էին դիմել նաեւ լրատվամիջոցներին: Տասնյակ հրապարակումներ եղան ինչպես հայաստանյան, այնպես էլ սփյուռքի լրատվամիջոցներում: Այնպես որ, այս գործը գլխացավանք է դարձել իշխանությունների համար: «Հետք»-ը բազմաթիվ նամակներ է ստանում, որոնցում նամակագիրներն իրենց հիասթափությունն են հայտնում մեր իրավապահ մարմիններից, դատական համակարգից եւ իշխանություններից:

2003թ. օգոստոսին ԱՄՆ քաղաքացի Ջորջ Նաջարյանի ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը դիմել է ՀՀ Նախագահին, ՀՀ Գլխավոր դատախազին եւ ՀՀ արտաքին գործերի նախարարին՝ հայտնելով, որ Հայաստանի քաղաքացի Գրիգոր Իգիթյանը խաբեությամբ տիրացել է Երեւանում Ջորջ Նաջարյանի միջոցներով ձեռք բերված հողատարածքներին, դրանց վրա կառուցված շինություններին եւ Աբովյան փողոցի վրա գտնվող ֆոտոխանութին: Այս դիմումի հիման վրա Երեւան քաղաքի դատախազությունը նախապատրաստել է նյութեր:

2003թ. դեկտեմբերին դատախազությունը Գրիգոր Իգիթյանի գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով քրեական գործ չհարուցելու որոշում է կայացրել:

Սակայն, 2004-ի մայիսին Գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցեց 1996-2003թթ. ընթացքում Գրիգոր Իգիթյանի կողմից Ջ.Նաջարյանի միջոցներով ձեռք բերված ֆոտոխանութին, «Ձորագյուղ» թաղամասում գտնվող շենքերին խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով տիրանալու առթիվ:

Բայց նույն՝ 2004թ.-ի հոկտեմբերի 9-ին ՀՀ Գլխավոր դատախազության քննչական վարչության ավագ քննիչ Ա. Նադիրյանը որոշում է կայացնում թիվ 61201004 քրեական գործով վարույթը կարճելու մասին:

Ջորջ Նաջարյանի ներկայացուցիչները դիմել են դատարան քննիչի այս որոշումը չեղյալ համարելու պահանջով: Երեք դատական նիստերից հետո դատարանը մասնակիորեն բավարարեց Ջ. Նաջարյանի ներկայացուցչի պահանջները:

Շինությունները գտնվում են Երեւանի «Ձորագյուղ» ազգագրական թաղամասի թիվ 4, 11 եւ 12 հասցեներում ( տես նկարները ) : Այն համարվում է թանկարժեք տարածք: Այստեղ մեկ քմ հողատարածքի շուկայական արժեքը ներկայումս գերազանցում է 100 դոլարը: Կառուցված շինությունները, փաստորեն, արժեն մի քանի միլիոն դոլար:

Քրեական գործի նյութերը 11 հատոր են: Այստեղ տասնյակ մարդկանց հարցաքննություններ կան, առերեսումներ, փորձաքննության արդյունքներ, տեղեկանքներ, ստացականներ, բանկային փոխանցումներ ... :

Ջ. Նաջարյանի ներկայացուցիչ Հրայր Ղուկասյանը դեկտեմբերի 9-ի դատական նիստում նշեց.«Այս քննության արդյունքում քննիչը պետք է Գ. Իգիթյանին ընդգրկեր որպես մեղադրյալ, իսկ Ջորջ Նաջարյանին՝ որպես տուժող: Գործում առկա են բոլոր ապացույցները, թե ինչպես է Գրիգոր Իգիթյանը խաբեությամբ տիրացել Ջորջ Նաջարյանի գույքին»:

Գործի նյութերից հստակ երեւում է, որ իրենց համատեղ աշխատանքը սկսելուց առաջ Գրիգոր Իգիթյանը որեւէ իրավունք չուներ վերոհիշյալ հասցեների եւ դրանց վրա կառուցված շինությունների նկատմամբ, իսկ իրականությունն այն է, որ այսօր վերոհիշյալ հասցեների հողի եւ շինությունների սեփականատեր դարձել է Գրիգոր Իգիթյանը: Թե ինչպես է նա տիրացել ամբողջ այդ գույքին, պարզ երեւում է գործի նյութերից: Սակայն քննիչների առաջ, կարծես թե, հակառակ խնդիրն էր դրված՝ ապացուցել, որ Գրիգոր Իգիթյանը դրանք խաբեւությամբ չէ ձեռք բերել:

Ջորջ եւ Քերոլայն Նաջարյանները Գիրգոր Իգիթյանի հետ ծանոթացել են 1989թ. Սպիտակում, երկրաշարժից հետո, երբ օգնություն էին բերել Հայաստան: Իգիթյանին իրենց ներկայացրել են որպես թարգմանիչ: Եւ, այդ ժամանակից սկսած, ստեղծվել են մտերիմ հարաբերություններ:

Այս մասին իրենց ցուցմունքներում նշել են թե՛ Ջորջ Նաջարյանը, թե՛ Գրիգոր Իգիթյանը:

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter