HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Դատավորները կշարունակեն «սեփական միջոցներով» լրացնել բյուջեի բացը

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ավելի քան 5 մլն 700 հազար դրամի էլեկտրաէներգիայի պարտք ունի եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ե. Գլադունչիկից զգուշացում է ստացել հոսանքն անջատելու մասին: Պարտքերը կուտակվել են 1999թ.-ից եւ շարունակում են ավելանալ, որովհետեւ բյուջեով արված հատկացումները երբեւէ չեն բավականացնում էլեկտրաէներգիայի տարեկան ծախսերին: 2004թ.-ին Կենտրոն դատարանին էլեկտրաէներգիայի համար բյուջեով 1մլն 184 հազար դրամ էր հատկացվել: Մինչդեռ, ինչպես տեղեկացնում են դատարանից, միայն ձմռան 3 ամիսների ծախսը կազմել է 1մլն 300 հազար դրամ:

Կենտրոն դատարանը պարտք է նաեւ ԱրմենՏելին, որի հետ պարտքի մարման ժամանակացույց է կազմվել՝ պարտավորվելով մինչեւ 2005թ.-ի դեկտեմբերը մարել պարտքը: «2004թ.-ի մայիսից սկսեցինք դատավորներից գումարը հավաքել ու մարել hեռախոսային պարտքը, մոտ 300 հազար դրամով էլ փոխհատուցեց ՀՀ կառավարությունը, միջքաղաքային հեռախոսազանգերի համար դեռեւս պարտք ենք 2մլն 500 հազար դրամ»,-հայտնեցին դատարանից: Կենտրոն դատարանի 19 հեռախոսների համար միայն տարեկան բաժանորդավարձը կազմում է 741 հազար դրամ: Մինչդեռ, նրանց ասելով, բյուջեով ոչ միայն բաժանորդավարձը ամբողջական չէր հաշվարկված, այլեւ րոպեավճարի, միջքաղաքային ու բջջային զանգերի համար գումար չէր նախատեսվել: Այնուամենայնիվ, դրանք ծախսեր են, որոնցից խուսափելն անհնարին է:

Յուրաքանչյուր դատավոր պետք է կազմակերպի իր աշխատանքը, որը նշանակում է հանձն առնել գրասենյակային եւ կոմունալ ծախսերը՝ նաեւ օգնականի ու քարտուղարի համար: Բացի այդ, ապահովել իրեն բաժին հասած համակարգչի անխափան աշխատանքը, հոգալ թղթի, փոստային ծանուցումների եւ այլ ծախսերի մասին: Կենտրոն դատարանում հաշվարկել են, որ 1 դատավորին ամսական բաժին է ընկնում 300 ծանուցագիր, որը 120 դրամով հաշվարկած՝ կազմում է 43.500 դրամ: Կենտրոն դատարանի 9 դատավորների հաշվարկով տարեկան փոստային ծախսը կազմում է 4,5 մլն դրամ, որը բյուջեով նախատեսված չէր, սակայն կատարվել է:

Այդպես ընդունված է, որովհետեւ դատարաններն իրենց տարեկան բյուջեի հայտը կազմում են ոչ թե փաստացի ծախսերից ելնելով, այլ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության նախատեսած բյուջեի սահմանում: Դատավորների ասելով, բյուջեում ճիշտ են հաշվարկված միայն աշխատավարձերը, իսկ մնացյալ ծախսերի հաշվարկը՝ հեռախոսավարձը, դատական ծանուցումները, կոմունալ վճարները, չեն ֆինանսավորում այն տրամաբանությամբ, որ դատարանի նախագահը պարտավոր է կազմակերպել դատարանի աշխատանքը:

Երբեմն դատավորները խախտում են չգրված համաձայնությունը: Ամռանը պարտքի պատճառով երկար ժամանակ անջատված էին ՀՀ վերաքննիչ ու վճռաբեկ դատարանների հեռախոսները, եւ դատարանում չէին շտապում մարել պարտքերը: Վճռաբեկ դատարանի պարտքը «ԱրմենՏելին» կազմում էր 1մլն 757 հազար դրամ, ՀՀ քաղ. գործերով վերաքննիչ դատարանինը՝ 52,7 հազար դրամ:

ՀՀ կառավարությունը տարվա կեսին հարկադրված եղավ վերանայել դատարանների նկատմամբ իր բյուջետային քաղաքականությունը: Սեպտեմբերի 2-ին ընդունած թիվ 1204-Ա որոշումով կառավարությունը պահուստային ֆոնդից 5,5 մլն դրամ հատկացրեց դատարանին' կապի ծառայությունների դիմաց վճարելու համար: Հիշյալ որոշումով փոխհատուցվել են նաեւ Երեւան քաղաքի 4 առաջին ատյանի՝ Էրեբունի եւ Նուբարաշեն, Կենտրոն եւ Նորք-Մարաշ, Աջափնյակ եւ Դավթաշեն, Ավան եւ Նոր Նորք դատարանների եւ մարզային 5 դատարանների՝ Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Վայոց ձորի, Տավուշի հեռախոսի պարտքերը:

Իհարկե, սա չի նշանակում, թե մյուս դատարաններին, որոնք պարտքեր չեն կուտակել, հատկացված բյուջեն բավարարել է: Վիճակը նույնն է գրեթե բոլոր դատարաններում, միայն մի տարբերությամբ, որ որոշ դատարանների նախագահների ասելով, իրենք հարցը լուծում են ժամանակին, որպեսզի պարտքեր չկուտակվեն: Գործնականում «հարցի լուծման» երկու տարբերակ է կիրառվում՝ դատավորները պարտավորվում են հավաքել գումարը, եւ երկրորդ տարբերակը՝ համագործակցությունն է էլեկտրացանցի, ջրմուղ-կոյուղու եւ այլ հիմնարկների աշխատակիցների հետ: Երկուսն էլ անթույլատրելի տարբերակ են, որովհետեւ պետականորեն բյուջեում կատարված թերհաշվարկը, փաստացի իրավիճակը չնախատեսելը դատավորին արտոնում է կաշառք վերցնել ու համագործակցել այլ օղակների հետ, իհարկե, որոշակի պարտավորությունների դիմաց: Սա ընդունված աշխատաոճ է, եւ բյուջեն կազմողները, որոնք կրճատում են պարտադիր ծախսերը, դրանով, փաստորեն, բնական են համարում այս աշխատաոճը: «Հենց դա էլ նկատի են ունենում մտովի»,-ասում են դատավորները՝ այլ բացատրություն չտեսնելով, թե ինչու պետք է կառավարությունը պարզ թվաբանական հաշվարկը նկատի չունենա բյուջե կազմելիս:

ՀՀ վճռաբեկ դատարանի գլխավոր հաշվապահ Գոհար Հարությունյանի ասելով՝ դատարաններին հատկացված 2005թ.-ի տարեկան բյուջեն հաշվարկված է իրական ծախսերի վրա: 2005թ.-ի բյուջեի նախագծում, նրա հավաստմամբ, բոլոր դատարանների համար հաշվարկված են շենքերի պահպանման, փոստային, էլեկտրաէներգիայի, հեռախոսների բաժանորդային ու միջքաղաքային ծախսերը: Նրա կարծիքով, հատկացված բյուջեն պետք է գոհացնի, որովհետեւ նախորդ տարվա համեմատությամբ ֆինանսական հատկացումները բավականին աճել են: Նախորդ տարիներին կապի գումարը քիչ էին հատկացնում, միջքաղաքային հեռախոսավճար բյուջեով չէր նախատեսվում, փոստային ծախսերը շատ քիչ էին, իսկ 2005թ.-ի բյուջեի նախագծում ծախսերը բավարարվել են փաստացի հաշվարկներով:

Եթե փոստային ծախսերի խնդիրը 2005թ.-ի բյուջեով կարելի է լուծված համարել, ապա նույնը չի կարելի ասել ջեռուցման եւ կոմունալ մյուս վճարների մասին: «Դատարանների ներկայացրած հայտերը հիմնականում բավարարվել են, միան æրմուղ-կոյուղու ու գրասենյակային ծախսերն են մնում անբավարար»,-հայտնեց Գոհար Հարությունյանը: Այսինքն՝ գրենական պարագաների եւ տնտեսական անհրաժեշտ գնումների ձեռքբերումը հաջորդ տարի դարձյալ դատավորների պարտականությունների մասը կկազմի: Որպեսզի պատկերացնենք, թե ինչպիսին է այս պահանջը՝ ներկայացնենք Ավան եւ Նոր-Նորք համայնքի 1-ին ատյանի դատարանի օրինակով, որը 2,5 մլն-ի գրասենյակային ու տնտեսական ապրանքների հաշվարկ է ներկայացրել՝ թղթից, կարիչից, դակիչից սկսած մինչեւ լամպ, ավել, դույլ, փոշու շոր, օճառ, մաքրող հեղուկներ եւ այլն:

Բյուջեով նախատեսված գումարները թերեւս կբավարարեն այն դատարաններին, որոնց զբաղեցրած շինությունները վաղուց քայքայված վիճակում են եւ առանձնակի հոգածություն ու ծախսեր չեն պահանջում, ինչը չի կարելի ասել միջազգային չափանիշներին համապատասխան դատարանների նորակառույց շենքերը պահպանելու համար: Նորակառույց դատարաններից մեկում հաշվարկել են, որ բյուջեում ջրի համար նախատեսված գումարով 1 աշխատակցին 10լ ջուր է բաժին ընկնում, որը նա կարող է ծախսել մեկ օրում: Բյուջեի նման հատկացումներով թե ինչպես են պահպանելու շինությունները, միայն տվյալ դատարանի նախագահին է հայտնի: Առայժմ նորակառույց են Մալաթիա-Սեբաստիա եւ Ավան եւ Նոր-Նորք համայնքի 1-ին ատյանի դատարանները: 2005թ.-ի հունվարից նորակառույցներ են տեղափոխվելու վերաքննիչ դատարանները, տնտեսական դատարանը, Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի նորամուտը նախատեսված է մայիս ամսին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանինը՝ աշնանը:

Դատարաններ կան, որոնց բյուջեում վառելիքի եւ ջեռուցման ծախսերի տողը դատարկ է՝ Արաբկիր, Կենտրոն, Արմավիրի եւ Սյունիքի մարզի համայնքների առաջին ատյանի դատարաններ: ՀՀ վճռաբեկ դատարանի գլխավոր հաշվապահ Գոհար Հարությունյանը հայտնեց, որ նշված դատարանները ջեռուցվում են հոսանքով, եւ հաշվարկը կատարված է էլեկտրաէներգիայի համար:
«Դատարանը ջեռուցվում է էլեկտրական սալիկներով՝ տեներով, մեզ միայն էլեկտրաէներգիայի համար է բյուջեով գումար նախատեսված, դա ջեռուցման ծախս չի կարելի համարել»,-հայտնեցին Կենտրոն դատարանից:

Ի տարբերություն իշխանության մյուս ճյուղերի, օրինակ՝ օրենսդրի, դատարանները ոչ միայն գումար պահանջող են, այլեւ՝ բյուջեն հարստացնող: Դատարանները 2003թ.-ին պետբյուջե են փոխանցել 641 մլն 936 հազար դրամ, 2004թ.-ի առաջին կիսամյակում՝ 473մլն 177,3 հազար դրամ: Կենտրոն դատարանի հաշվեհամարով միայն քաղաքացիական գործերով 2004թ.-ի սկզբից մինչ օրս 24,5 մլն պետտուրք է մուծվել պետբյուջե: Քրեական գործերով տուգանքները եւ այլ տուգանքների հանրագումարը կազմում է ավելի քան 5 մլն դրամ:

Դատարանին հատկացված բյուջեի հաշվարկները խոսում են այն մասին, որ գործադիր իշխանությունը դեռեւս մտադիր չէ ապահովելու դատարանների անկախությունը եւ կանխելու կաշառակերությունը, քանի որ փաստաթղթով դատավորին պարտավորեցնում է սեփական հատկացումներով լրացնել բյուջեի բացը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter