Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Կարմիր բերետավորները փորձել են «ստորացնել» ցուցարարին ՝ ծեծի ենթարկելով նրան



Այսօր առավոտյան Մանկավարժական համալսարանի մոտից կարմիր բերետավորները բերման են ենթարկել, այնուհետև մեքենայի մեջ ծեծել են Վարդան Համբարձումյանին, ով մասնակցում է «Մերժիր Սերժին» շարժման փողոցի փակման ակցիաներին: Ոստիկանները հարվածներ են հասցրել Վարդանի մարմնի տարբեր հատվածներին, այնուհետև թքել են վրան և սեռական հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին: Վարդան Համբարձումյանը դեղագետ է, սովորել և աշխատում է Օքսֆորդի համալսարանում: Նա «Հետք»-ին պատմեց դեպքի մանրամասները, որը ներկայացնում ենք ստորև.

«Առավոտյան ժամը ութի կողմերը փակել ենք Տիգրան Մեծ փողոցը՝ Մանկավարժական համալսարանի հարող հատվածից: Հետո փակել ենք դեպի Խանջյան տանող հատվածը: Մենք խաղաղ կերպով իրացրել ենք մեր իրավունքը: Միանգամից կարմիր բերետավորները եկան ու սկսեցին բոլորիս քաշքշել, տեղաշարժել Սանիտեկի աղբամանները: Բացում էին փողոցը, այդ ժամանակ ես պառկեցի գետնին, որ մեքենաները չանցնեն: Ինձ դուրս հանեցին ու գցեցին մայթի վրա: Ես նորից գնացի, որ պառկեմ, ինձ բերման ենթարկեցին կարմիր բերետավորները:

Չորս կամ հինգ հոգի էին, ինձնից հաղթանդամ: Ձեռքերիս ձեռնաշղթա հագցրին ու քաշ տալով մտցրեցին իրենց մեքենան: Մեքենան դեռ չէր շարժվել, ինձ սկսեցին ծեծել: Մարմնիս վրա ամբողջովին կապտուկներ են: Ինձ գցել էին գետնին ու հարվածում էին ոտքով, այլանդակ սեռական բնույթի հայհոյանքներ էին ասում իմ հասցեին, ու երեք անգամ թքեցին դեմքիս: Իրենց ասելով՝ ստորացնում ենք քեզ: Չասացին, թե ինչու են բերման ենթարկում: Ընկերներիցս մեկին ասել են, թե ինձ խելոք չեմ պահել, դրա համար:

Ճանապարհին հեռախոսս վերցրեցին գրպանիցս ու ամբողջ ընթացքում երկու կարմիր բերետավոր նստել էին վրաս: Երբ հասա ոստիկանություն, թուլության նոպա սկսվեց մոտս: Միանգամից թուլացա ու պահանջեցի, որ շտապ օգնություն կանչեն: Քսան րոպե համոզում էի, որ շտապ օգնություն կանչեն: Ի վերջո՝ կանչեցին: Փաստաբան չի եղել կողքիս, ինձ իմ իրավունքները բացարձակ չեն բացատրել: Խուզարկել են ինձ, պայուսակիս մեջ ուսանողական քարտս էր, որտեղ անձնական տվյալներս գրված էր, լրացրեցին իրենց մոտ: Երկու ժամ պահելուց հետո շտապ օգնության բժիշկն ասաց, որ հոսպիտալացման կարիք կա: Ինձ տարան Էրեբունի բժշկական կենտրոն»,- պատմում է Վարդանը:

Այս պահին Վարդան Համբարձումյանը դուրս է եկել հիվանդանոցից և գնում է միանալու ցուցարարներին:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. John Smith14:52 - 18 ապրիլի, 2018
Let them do whatever they are good at, but be sure, this way they are proving themselves and to the world why the protests started in the first place...good job government..good job...
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ