HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Սարգսյան

Զարուհի Փոստանջյանն իր «Ընդվզիր» ակցիայով Վանաձորում միացել է «Քայլ արա» ակցիայի մասնակիցներին

Դեռ երեկվանից Վանաձորում սկսված «Քայլ արա» բողոքի ակցիան այսօր շարունակվեց մինչև երեկո: Ողջ օրվա ընթացքում ակցիայի մասնակիցները երթեր իրականացրին քաղաքի տարբեր փողոցներով՝ վանաձորցիներին կոչ անելով միանալ իրենց: Երթերն ու բողոքի ակցիաները Վանաձորում պարբերաբար ուղեկցվում էին ոստիկանների հետ բախումներով ու վիճաբանություններով:

Օրվա երկրորդ կեսին ակցիայի մասնակիցները նախ նստացույց իրականացրին Հայքի հրապարակում, ապա ցանկացան տեղափոխվել Լոռու մարզպետարանի ու Վանաձորի քաղաքապետարանի մուտքերի մոտ: Դա, սակայն, տեղի ոստիկանների կողմից չթույլատրվեց:

Որոշ ժամանակ Վանաձորի քաղաքապետարանի մուտքի դռները փակվել էին և ներսից ու դրսից վերահսկվում էին ոստիկանների կողմից: Դռները բացվեցին միայն այն ժամանակ, երբ քաղաքապետարանի աստիճանահարթակներին նստած երիտասարդները ոստիկանների միջամտությամբ հեռացան այդտեղից:

Այսօր ակցիայի մասնակիցներին միացավ «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը՝ իր «Ընդվզիր» ակցիայով: Նա նախ ելույթով հանդես եկավ Լոռու մարզպետարանի մոտ: Դիմելով ոստիկաններին, վերջինս նշեց. «Այս խաղաղ անզեն հավաքները և ընդվզումը նաև ձեզ համար է: Մենք ետ ենք ընկել համաշխարհային գործընթացներից և այսօր, երբ մեր սահմանը չենք կարող պաշտպանել ու օրական տալիս ենք մեկ զոհ, դա այն պատճառով է, որ մենք չունենք արդի, ժամանակից պետականություն և համապատասխան տեխնիկայով զինված ուժեր: Դա ղեկավարության մեղքն է: Եթե ղեկավարությունը լիներ ազգային, այլ ոչ թե բռնազավթիչ, մենք ունենալով շուրջ 30-ամյա անկախ պետականություն՝ կունենայինք ոչ միայն ժամանակակից զրահատեխնիկա, այլ նաև ազատագրած կլինեինք մեր հայրենիքի սուրբ հողերը»:

Ապա շարժման մասնակիցները շրջեցին Վանաձորի փողոցներով: Զ. Փոստանջյանը վանաձորցիներին համազգային ընդվզման կոչ արեց: Օրվա ավարտին բողոքի ակցիայի մասնակիցները հեռացան հրապարակից՝ խոստանալով կրկին փողոց դուրս գալ վաղ առավոտից՝ Վանաձորին կից միջպետական ճանապարհը փակելու որոշմամբ:

Մեկնաբանություններ (1)

Գոռ
Հանեք դուրս շպրտել հանցագործությունների հեղինակ մարզպետ կոչված հանցագործին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter