HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանը խիստ անթույլատրելի է որակել factor.am-ի գլխավոր խմբագրի աշխատանքի խոչընդոտումը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խիստ անթույլատրելի է որակել Երևանի Թումանյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում factor.am կայքի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյանի մասնագիտական գործունեության խոչընդոտումը: 

Արևիկ Սահակյանի փոխանցմամբ՝ որոշ անձինք ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը փորձել են ծեծել, քաշքշել, պոկել իր լրագրողական վկայականը, վնասել օպերատորի տեխնիկան։ Ըստ լրագրողի՝ տարածքում գտնված ոստիկանները չեն կանխել իր նկատմամբ ոտնձգությունը։ 

Հիշեցնենք, որ երեկ գիշերը անկարգություններ էին տեղի ունեցել Թումանյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում: Մի խումբ երիտասարդներ վնասել էին տարածքի ցուցանակները, գովազդային վահանակները, լուսաֆորը, քարեր շպրտել ոստիկանների ուղղությամբ: factor.am կայքի խմբագրությունը միջադեպի անմիջական հարեւանությամբ է, եւ կայքի գլխավոր խմբագիրն ու օպերատորը կարողացել են նկարահանել եւ ուղիղ հեռարձակում իրկանացնել դեպքի վայրից, որի ընթացքում էլ անկարգություն անողները խոչընդոտել են նրանց աշխատանքը: 

Այսօր դատախազությունը քրեական գործ է հարուցել այդ փաստի կապակցությամբ: Գործողությունների մասնակիցներին դատախազությունը ներկայացնում է որպես բողոքի հավաքի մասնակիցներ, թեև, հիշեցնենք, ականատեսներից շատերը կարծում էին, որ նշված անկարգությունները բողոքի ցույցերի հետ կապ չունեին՝ հաշվի առնելով այդ պահին հավաքի ավարտված լինելն ու այդ գործողությունների՝ բողոքի ակցիաներին ոչ հատուկ ագրեսիան: Նիկոլ Փաշինյանը ևս հերքել էր բողոքի ակցիաների և անկարգությունների կապը՝ դրանք անվանելով «հնդկական կինո»:  

Պաշտպան Արման Թաթոյանն ասել է, որ լրագրողների բնականոն աշխատանքի ապահովումը հատկապես կարևոր է զանգվածային այնպիսի միջոցառումների ժամանակ, երբ տեղի են ունենում հանրային նշանակության իրադարձություններ։ Ուստի, լրագրողի մասնագիտական աշխատանքի խոչընդոտելու ցանկացած դեպք պետք է անհապաղ կանխվի, իսկ խոչընդոտած անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության խիստ միջոցների: 

Դեպքի վերաբերյալ հրապարակված տեղեկությունները Պաշտպանի աշխատակազմն ամփոփել և ուղարկել է քրեական հետապնդման մարմնին։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter