HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Եղվարդի քաղաքապետարանում տեղյակ չեն, որ Եղվարդ-Երևան-Եղվարդ երթուղու միկրոավտոբուսները ապրիլի 15-ից չեն աշխատում

Եղվարդ-Երևան-Եղվարդ միջմարզային շրջապտուտային երթուղին սպասարկող 269 համարի «Գազել» միկրոավտոբուսները ապրիլի 15-ից չեն աշխատում: Այս մասին մեզ հայտնեց Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկում կայանած տաքսու վարորդը: Հիշյալ խաչմերուկը 269 համարի միկրոավտոբուսների երևանյան վերջնակետն է, սակայն այնտեղ այսօր ոչ մի «Գազել» չկար, չնայած որ սովորաբար այնտեղ միաժամանակ 4-5 միկրոավտոբուս կա կայանված, որոնք աշխատանքային օրերին` 10 րոպե, իսկ ոչ աշխատանքային օրերին 20 րոպե հաճախականությամբ մեկնում են:

Եղվարդում մենք նկատեցինք, որ տեղի ավտոկայանում նույնպես 269 համարի միկրոավտոբուսները չկան: Նույն տաքսու վարորդը մեզ հայտնեց նաև, որ«Գազել»-ները չեն աշխատում Երևանում «Իմ քայլը» շարժման կազմակերպած բողոքի ցույցերի և հանրահավաքների պատճառով:

«Եղվարդից «Գազել»-ները Երևան չեն գալիս, որպեսզի այդտեղի ժողովուրդը չկարողանա մասնակցի միտինգներին, իսկ դրանից առաջ եղվարդցիները շատ ակտիվ մասնակցում էին»,- ասում է տաքսու վարորդը:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանը «Հետք»-ին հայտնեց, որ իրենք դեռ չեն կարողանում կապ հաստատել երթուղու պատասխանատուների հետ: Նա վստահեցրեց, որ նորություն ունենալու դեպքում մեզ կտեղեկացնեն: Եղվարդ-Երևան-Եղվարդ երթուղին սպասարկում է «Յոթ ընկեր» ՍՊԸ-ն, որտեղից մեր զանգերին այդպես էլ չպատասխանեցին:

Իսկ Եղվարդի քաղաքապետարանի աշխատակազմից «Հետք»-ին հայտնեցին, թե տեղյակ չեն, որ Եղվարդ-Երևան-Եղվարդ երթուղու միկրոավտոբուսները ապրիլի 15-ից չեն աշխատում, և որ բնակիչներից նման ահազանգ չեն ստացել:

Հարկ է նշել, որ վերջին օրերին Երևանի մի շարք փողոցների փակ լինելը չէր կարող խոչընդոտ հանդիսանալ Եղվարդից Երևան ժամանող միկրոավտոբուսների համար, քանի որ այդ երթուղու մեջ մտնող ճանապարհները ցուցարարների կողմից չեն արգելափակվել: 269 համարի «Գազել»-ները Եղվարդից գալիս են Զովունի գյուղ, այնուհետև Եղվարդի խճուղիով շարժվում են դեպի Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկ կամ այլ կերպ ասած` Ֆիզիկայի խաչմերուկ: Այսինքն՝ կարող ենք եզրակացնել, որ տաքսու վարորդի խոսքերը իսկապես իրականություն են և միկրոավտոբուսները միտումնավոր չեն երթևեկում, որպեսզի տեղի բնակիչները չկարողանան գալ ցույցերին:

Միկրոավտոբուսների փոխարեն այժմ մի քանի թեթև մարդատար ավտոմեքենաներ են գործում 24 կմ երկարությամբ այդ երթուղով, ուղեվարձը կազմում է 400 դրամ, իսկ այդ երթուղով աշխատող 12 «Գազել»-ների ուղեվարձը 150 դրամ էր:

Մեկնաբանություններ (2)

Տալիե
Հարգելիներս իսկ դուք տեղյակ եք,որ արդեն 2օր է, մինչև 16։30 դպրոցներնում են փակում երեխաներին և ուսուցիչներին, որպեսզի չմասնակցեն ցույցերին։ Իսկ ինչ վերաբերում է երթուղայինի չաշխատելուն պետք չէ զարմանալ։ Չէ որ Եղվարդի քաղաքապետը՝ նույն ինքը Նորայր Սարգսյանը նույնպես սերժական է...;
Զառա
Այո իրավացի եք. Եղվարդ - Երևան երթուղին ապրիլի 15-ի 12:00-ից չի աշխատում: Դե քանի որ > դրա համար էլ այս վիճակն է: Ուզումա ճանապարհն էլ փակի իրա մուսռներով մեկա ցույց գնացողը գնալու է: Այս պարագայում տուժում են նրանք, ովքեր կապ չունեն այս ամենի հետ ու չեն կարողանում աշխատանքի հասնել և արդեն 2 օր բացակայում են մեր շաաատ ղեկավարության պատճառով!!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter