Շաբաթ, 22 սեպտեմբերի

Ակնաշենցիները ևս դժգոհ են իշխանություններից. «Այդքան մարդ ա երկրից գնում, բա ու՞ր ա այդ տնտեսական աճը»



Արմավիրի մարզի Ակնաշեն համայնքում միջին և ավագ տարիքի մի խումբ տղամարդիկ հավաքվել և նարդի էին խաղում՝ ձեռքի հետ էլ քննարկելով երկրի քաղաքական վիճակը: Նրանք նշեցին, որ հետևում են «Իմ Քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների բողոքի ակցիաներին: Տեղեկատվություն հիմնականում ստանում են երիտասարդների միջոցով՝ համացանցից, քանի որ հեռուստաընկերությունները խեղաթյուրված են ներկայացնում իրականությունը կամ առհասարակ տեղեկություն չեն տրամադրում:

Ռուբիկ Վաղարշակյանը մասնակցել է Արցախի ազատամարտին: Ասում է, որ այսօրվա իշխանավորներն իր նմանների հաշվին են հանգիստ նստած իրենց «փափուկ աթոռներին»:

Նա վստահ է, որ Հայաստանում գլոբալ փոփոխություններ կլինեն, եթե բողոքի ակցիաները կրեն համազգային բնույթ: Իսկ նման բողոք և համախմբվածություն նկատել է միայն անկախության տարիներին: Վաղարշակյանը թեև վստահ չէ, որ որևէ փոփոխություն կլինի, սակայն քաջալերում է պայքարող երիտասարդներին: Ասում է, որ չի ցանկանում նրանց «կոտրել», բայց լճացած իշխանավորները չեն թողնի, որ նրանք առաջ գնան:

Ռուբիկ Վաղարշակյանը լսել էր վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանի ելույթը: Վերջինս ասել էր, թե վերջին տարիներին երկիրը տնտեսական աճ է գրանցում, ավանդատուների թիվը հասնում է 1 միլիոնի և այլն:

«Մեր երկիրը լավ տեղ ա, բայց իշխանություններից բոլորն են զզվել: Օրական, այդքան մարդ ա երկրից գնում, բա ու՞ր ա այդ տնտեսական աճը: Մի քանի մեծահարուստ իրենց բիզնեսն ունեն, աճ են գրանցում, բա մնացա՞ծը: 7 մլրդ դոլար ա լինում պետական պարտքը, ո՞վ պետք ա փակի: Ես ու դու չպիտի՞ փակենք, դրա լավը էլ ո՞րն ա: Մենակ խոսում են էլի, մեջն ինչ կա»,- ասում է Ռուբիկը:

Ինչ վերաբերում է 1 մլն ավանդատուներին, գյուղացիները կատակով նշում էին, թե հավանաբար Սերժ Սարգսյանը վարկառուների թիվը շփոթել է ավանդատուների թվի հետ, կամ՝ խորհրդային տարիներից բանկերում պահվող ավանդատուների մասին է ասել, որը ոչ մի կապ չունի այսօրվա մարդկանց սոցիալական վիճակի հետ: Ավելին՝ այդ ավանդները մինչ օրս չեն էլ ստացել:

«Ես օրվա հացի կարոտ եմ, փող ունե՞մ, որ ավանդ դնեմ: Այսօր ո՞ր գյուղացին կարա ավանդ դնի, պարտքերի տակ ճռռում ա: Մտի խանութ, պարտքերի ցուցակը մետրից անցնում ա: Հատկապես գյուղերում ահավոր վիճակ ա: Ամեն գյուղում կարող ա 2-3 մարդ ավանդ ունենա, այն էլ՝ ոչ բոլոր գյուղերում»,- նշում է Ռ. Վաղարշակյանը:

Նրա խոսքերով՝ մեր երկրում հասարակությունը խիստ բևեռացված է: Կան շատ հարուստներ և աղքատներ: Իսկ հարուստները չեն ցանկանում, որ չունևորները լավ ապրեն, տնտեսություն զարգացնեն: Որպես օրինակ՝ վկայակոչում է պաշտոնյաների հարյուրավոր հեկտարներով հողատարածքները, ջերմոցային տնտեսությունները: Հենց նրանք են գյուղացու ապրանքը դարձնում «ջրի գին»:

«Հարուստները հիմա էլ թվերով չեն խոսում փողի մասին, ասում են՝ քանի՞ տոննա փող ունես: Եթե ասես թվերով գրի 1 մլն, չի կարողանա գրել, բայց փողատեր ա: Մարդիկ հիմա փողոց դուրս չեն գալիս, որովհետև հիասթափված են: Տեսանք` ինչ եղավ, ժողովուրդը գնաց Ծառուկյանի հետևից, հետո նա հետ կանգնեց: Ժողովուրդը զզվում ա այսօրվա ղեկավարներից, բայց հիասթափված ա բոլորից: Արտագաղթը հենց դրա մասին ա վկայում: Առանց ամաչելու խոսում են, թե պայքարում են կաշառակերության դեմ, բայց խոսքը չավարտած կաշառքի մասին են մտածում: Մի լավ բան ասա, ես էլ ասեմ՝ ճիշտ ես, լավ բան ա»,- հավելում է Ռուբիկը:

Տնտեսական զարգացումն իր և ընտանիքի անդամների, մերձավորների մաշկի վրա չի զգում նաև ակնաշենցի Աշոտ Բարսեղյանը:

«Ոչ մեկ գյուղացու մասին չեն մտածում, մենակ իրենց մասին են մտածում: Այս երկրում ոչինչ չի փոխվի դեպի լավը, գնալով ավելի է վատանում: Օրինակ, անցյալ տարի ավելի լավ էր, քան այս տարի: Գյուղացու ապրանքը չի ծախվում, էժան ա, դրա լավը ո՞րն ա»,- ասում է Աշոտը:

Զրուցեցինք նաև ակնաշենցի մի քանի երիտասարդների հետ: Նրանք նշեցին, որ արդեն պայմանավորվում են խմբերով ևս միանալ ցուցարարներին: Հակառակ դեպքում` մտածելու են երկրից գնալու մասին:

Հիշեցնենք, որ երեկ` ապրիլի 17-ին, Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց հետո «Իմ քայլը» շարժման նախաձեռնող, ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց թավշյա հեղափոխության մասին, որը պետք է իրականացվի ցանցային եղանակով` ցուցարարները ամեն օր ժամանակավորապես «գրավելու» են կառավարական շենքեր` այդտեղ աշխատողներին կոչ անելով միանալ շարժմանը, ժամանակավորապես խափանելու են մայրաքաղաքի կենտրոնական փողոցների երթևեկությունը, իսկ երեկոյան հանրահավաք են անելու Հանրապետության հրապարակում: 


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (1)
1. Ashot14:35 - 20 ապրիլի, 2018
Գարնան թեժ սեզոնին նստած նարդի են խաղում, դրա համարել չեն զգում աճը: Ամբողջ օրը ասում են միսը, կաթնամթերքը թանկացելա էտ մարդը ասումա էժանա: Մարդկանց թվումա, թե աճի դեպքում պիտի բերեն ամեն մեկին 3000դոլլար փող տան ամիսը: Մարդկանց պետքա բացատրել, որ էտ աճ անողը իրանք են: Էտ մեծ ջերմողներում հարյուրավոր մարդիկ են աշխատում ու իրանց արտադրածը արտահանվումա էտ մարդիկ զգում են աճը: Իսկ սենց նարդի խաղացողները իրանք ոչ մի բան չեն անում ուրիշների արածինել անուն են դնում:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ