Շաբաթ, 22 սեպտեմբերի

Մաշտոց-Թումանյան խաչմերուկում տեղի ունեցածի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվածներ չկան (նոր կադրեր)



Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում բերման է ենթարկվել 7 անձ և մեկ անչափահաս ներկայացվել ոստիկանություն։ Այս մասին տեղեկացանք ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանից։

Վերը նշված անձինք, ինչպես պարզվում է, ազատ են արձակվել։ Նախապատրաստվող նյութերի հիման վրա արդեն քրեական գործ է հարուցված, որի շրջանակներում ձերբակալված անձինք այս պահին չկան։

Նշենք, որ գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, և քննվում է քննչական կոմիտեի վարույթում։ Մեզ հետ զրույցում քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ բերման ենթարկված անձանց առնչությունը` տեղի ունեցած անկարգություններին հիմնավորող որևէ տվյալ ձեռք չի բերվել, և այժմ քննություն է տարվում հայտաբերելու անձանց, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել տեղի ունեցած բուն գործողություններին։

Հիշեցնենք, որ երեկ մի խումբ երիտասարդներ Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում ցուցանակներ են պոկել, վայր գցել լուսաֆորներ, քարեր նետել ոստիկանների ուղղությամբ։ Տեղի ունեցածից հետո Երևանում ապրիլի 13-ից սկսված բողոքի ակցիաներն առաջնորդող Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերով սադրանք է որակել իրադարձությունները։

Նշենք, որ դեպքին ականատես է եղել  FactorTV-ի խմբագիր Արևիկ Սահակյանը, ով անմիջապես դեպքի վայրից ուղիղ եթերի միջոցով ցուցադրել է տեղի ունեցող իրադարձությունները։ Դեպքի ականատես, ինչպես նաև տեսանյութին հետևած շատ քաղաքացիներ ևս դեպքը սադրանք են որակել ու նկատել, որ միջադեպի մասնակից անձանց գործողությունները չեն համապատասխանում Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարած խաղաղ անհնազանդության ակցիայի տրամաբանությանը։

Մենք կապ հաստատեցինք Արևիկ Սահակյանի հետ, ով դեպքի հետ կապված որոշ մանրամասներ հայտնեց։

Factor.am-ի խմբագրությունը մոտ է գտնվում դեպքի վայրին։ Սահակյանը, ձայներ լսելով, անմիջապես գնացել է այնտեղ։ «Կարծում եմ, որ դեպքի սկսվելուց 20 վայրկյան, կես րոպե կամ առավելագույնը մեկ րոպե անց արդեն այնտեղ եմ եղել»,- մեզ հետ զրույցում ասաց Արևիկ Սահակյանը։

Լրագրողը, դեպքի ժամանակ ուղիղ եթերով մեկնաբանում էր տեղի ունեցող իրադարձություններն ու խոսքում, ներողություն խնդրելով, նշում, որ իր տպավորությամբ՝ տեղի ունեցածը սադրանք է։ Մենք հետաքրքրվեցինք, թե Սահակյանի տպավորությամբ՝ ոստիկանները փորձո՞ւմ էին դեպքի մասնակիցներին բերման ենթարկել, թե թույլ էին տալիս, որպեսզի վերջիններս փախուստի դիմեն։ Սահակյանը նշեց, որ միջադեպի մասնակիցների մեջ կային նաև դիմակավորված անձինք, և ինքը չի նկատել, որ ոստիկաններն այդ անձանցից որևէ մեկին բերման ենթարկած լինեն։ Սահակյանը դեպքի վայրում միայնակ չի եղել, նրա հետ եղել են նաև խմբագրության այլ անդամներ, որոնք ևս դիմակավորված անձանց բերման ենթարելու որևէ գործողություն չեն նկատել։

«Այդ ագրեսիվ երիտասարդներն այդ պահին ինձ քաշքշում էին, հրմշտոց էր, և ես ի վիճակի չէի դա տեսնելու»,- ասաց Սահակյանը։

Վերջինս նշեց նաև, որ այն ընթացքում, երբ իրեն քաշքշել են, ոստիկանները որևէ կերպ չեն փորձել միջամտել այդ ամենին։

Սահակյանի դիտարկմամբ՝ ոստիկանները միջադեպի ժամանակ, կարծես, ցուցադրաբար սկսել են ծեծի ենթարկել որոշ երիտասարդների։

«Սկսեցին ցուցադրաբար, մահակներով ծեծի ենթարկել մի քանի երիտասարդի։ Շատ զարմանալի էր, որ երեսուն հոգով մեկին էին ծեծի ենթարկում։ Այնպիսի տպավորություն էր, որ նրանք ցանկանում էին, որպեսզի այդ կադրերը ֆիքսվեին»,- ասաց լրագրողն ու նկատեց, որ ոստիկանները սովորաբար քաղաքացիներին բերման ենթարկելիս պարզապես երկու հոգով բռնում են բերման ենթարկվողի ձեռքերից ու նրան հեռացնում։

«Տարօրինակ է նաև այն, որ երբ ոստիկանները, կարծեք թե ծեծի էին ենթարկում վերը նշված երիտասարդներին, այդ «զոհերը» փակում էին իրենց դեմքերը։ Եթե ոստիկանները ծեծում են, իրենք տեսնում են, որ այդ ամենը նկարահանվում է, տրամաբանական է, որ նրանք պիտի ցանկանային, որպեսզի իրենց դեմքը երևա։ Մինչդեռ նրանցից ոմանք, չեմ ասում բոլորը, այլ մեկ-երկուսը, որոնց ես տեսել եմ, ծածկում էին իրենց դեմքերը»,- նշեց Արևիկ Սահակյանը։

Լրագրողը նշեց, որ միջադեպի մասնակից անձինք, կարծես թե խնդիր էին դրել միտումնավոր ընդհարում հրահրել և պատմեց, որ դեպքի վայրով մեքենայով անցնող մի անձի, հայհոյել են ու հատուկ այնպիսի քայլեր կատարել․ որպեսզի վարորդը հունից դուրս գա։

Խոսելով իր աշխատանքը խոչընդոտելու մասին՝ Սահակյանը նշեց, որ միջադեպի մասնակից երիտասարդներն ի սկբզանե չեն նկատել, որ իրենց գործողությունները նկարահանվում են։

«Երբ հասկացան, որ մենք նկարում ենք, դրանից ուղղակի կատաղեցին ու փորձում էին հեռախոսը վերցնել մեր լրագրողի ձեռքից, իսկ երբ ես դրան միջամտեցի, փորձեցին հեռախոսն իմ ձեռքից ևս վերցնել»,- պատմեց Սահակյանը։

Լրագրողը նկատեց, որ Մաշտոցի պողոտայում քարեր չկան և նշեց, որ իր համար ակնհայտ է, որ միջադեպի մասնակից երիտասարդները քարերը իրենց հետ էին բերել։

Սահակյանը ընդգծեց նաև, որ չի հիշում որևէ դեպք, երբ ոստիկանները նման կայծակնային արագությամբ դեպքի վայր հասնեին, ինչպես դա արեցին երեկ։

«Տպավորություն էր, որ դեպքը չեղած՝ արդեն տեղում էին»,- ասաց Սահակյանը։

Նշենք, որ «Հետք»-ը միջադեպի վերաբերյալ նոր կադրեր է ստացել, որոնցում երևում են միջադեպի մասնակիցներից ոմանց դեմքերը։ Ստացված կադրերը ներկայացնում ենք ստորև։


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ