Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Տիգրան Մազմանյանին ձերբակալելու որոշումը բողոքարկվել է դատարան



Քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանին ձերբակալելու որոշումը բողոքարկվել է դատարան։ Դատարանում նրա գործով բողոքի քննությունն արդեն իսկ տեղի է ունեցել, և վերջինիս փաստաբան Ռոբերտ Ռևազյանը սպասում է դատարանի որոշմանը։

Մեզ հետ զրույցում փաստաբանը նշեց, որ Տիգրան Մազմանյանը ձերբակալվել է երեկ առավոտյան։ Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող գործի շրջանակներում Մազմանյանը կասկածվում է Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով և 2251 հոդվածով նախատեսված արարքների կատարման մեջ, այսինքն` համապատասխանաբար զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը և օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը։ 

Նշենք, որ 225-րդ հոդվածի 2-րդ մասը վերաբերում է  Հանրային ռադիոյի շենք ցուցարարների մուտք գործելուն։ Հիշեցնենք, որ ապրիլի 13-ից Երևանում և մի շարք մարզերում ցույցեր են սկսվել ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։ Ապրիլի 14-ին ցույցերն ու բողոքի երթերն առաջնորդող Նիկոլ Փաշինյանը և մի խումբ քաղաքացիներ մուտք գործեցին Հանրային ռադիոյի շենք։ Ռադիոյի ղեկավարությանը նրանք առաջարկում էին ուղիղ եթեր տրամադրել իրենց, սակայն ղեկավարությունը հայտնում էր, որ տվյալ պահին նման հնարավորություն չկա և առաջարկում ավելի ուշ տրամադրել եթերը։ Տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ կոտրվել է Հանրային ռադիոյի մուտքի դուռը։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում էլ Մազմանյանը կասկածյալի կարգավիճակ ունի։ 

Ռոբերտ Ռևազյանի խոսքով՝ իրենք չեն հերքում, որ Տիգրան Մազմանյանը եղել է Հանրային ռադիոյի շենքում, սակայն վերջինս, ըստ փաստաբանի, որևէ հակաօրինական արարք չի կատարել։ Տեղի ունեցածն, ըստ Ռևազյանի, առհասարակ զանգվածային անկարգություն որակվել չի կարող: Եթե անգամ այն որակվել է անկարգություն, ապա նման իրավիճակում օրենքը սահմանում է կոնկրետ գործողություններ, որոնք կատարելու դեպքում անձին կարող է վերագրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասը։ 

Ինչպես արդեն վերը նշել ենք, 225-րդ հոդվածի երկրորդը մասը սահմանվում է հետևյալ կերպ․ «Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը»։ Այսինքն՝ նախաքննություն իրականացնող մարմինը պետք է ներկայացնի ապացույցներ այն մասին, որ Մազմանյանը կատարել է վերը նշված արարքները կամ դրանցից որևէ մեկը։

Ռևազյանի խոսքով, սակայն, քննություն իրականացնող մարմինը Մազմանյանի ձերբակալման արձանագրության մեջ նշել է, որ մի խումբ անձինք մտել են Հանրային ռադիոյի տարածք ու շարադրել այնտեղ տեղի ունեցած գործողությունները, իսկ թե Տիգրան Մազմանյանը կոնկրետ ինչ է արել, առհասարակ չկա։

«Քննիչը դատարան ներկայացել է, սակայն գոնե ակնարկ կամ փաստ Տիգրան Մազմանյանի արարքների վերաբերյալ չի հայտնել․ կասկածի նվազագույն շեմն անգամ հաղթահարված չէ»,- մեզ հետ զրույցում ասաց Ռոբերտ Ռևազյանը։ 

Փաստաբանն ավելի ուշ կհայտնի իրենց բողոքի վերաբերյալ դատարանի որոշման մասին։


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ