HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ես մեռնում եմ, իմ դեղը չեն տալիս ...

Արամ Մարտիրոսյանը ապրում է Երեւանի արվարձաններից մեկում:

50 տարեկան է եւ արդեն տասներկու տարի տառապում է թոքախտով: Չի աշխատում: 20 տարի վարորդ աշխատած Արամը ստանում է 4 հազար դրամ թոշակ: Նույն տան մեջ ապրում են նրա մայրը, քույրը եւ քրոջ որդին: Վերջինս նույնպես հիվանդ է թոքախտով' վարակվել է: Արամին հանդիպեցինք, երբ նոր էր դուրս եկել Աբովյանի հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսերից: 54 օր նա հիվանդանոցում էր. այդքան է տեւում բուժման մեկ կուրսը: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նա պետք է շարունակեր դեղեր ընդունել, սակայն միջոցներ չունի. թոշակը չի բավականացնում նույնիսկ օրական մեկ հաց գնելուն:

«Եթե դեղերն առնեմ, օրը 4000 դրամ է գալիս: Հաշվեք՝ տարեկան ինչքա՞ն է լինում, որտեղի՞ց պիտի տամ: Մի հատ քրջոտ ավտո ունեի, ծախեցի: էն մի թոքս չկա, էս մեկն էլ կեսն է մնացել: Ի՞նչ պիտի անեմ, մի քանի ամիս էլ դիմանամ, պիտի մեռնեմ, էլի»,-ասում է ամեն ինչի նկատմամբ անտարբեր դարձած Արամը:

Արամը պատմեց, թե ինչ է իրականում կատարվում Աբովյանի հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսերում: Պարզվում է՝ նույնիսկ այնտեղ նա անվճար չէր կարողանում ստանալ իրեն հասանելիք դեղորայքը. «Նրանք իմ անունով դուրս են գրում դեղը, հետո նույն դեղը ծախում են: Գոնե խիղճ ունենան, 400-ով տան, 800-ով են տալիս»:

Ես զարմացած ասում եմ՝ դա անվճար դեղ է, հնարավոր չէ, որ վաճառեն, եւ որ այդ հիվանդանոցը, ասում են, լավ վիճակում է.

«Բայց որ դեղ չկա, ինչո՞վ է լավ: Ինձ վրա էդ դեղերը դուրս գրվեց, բայց ես դրանք չեմ տեսել: Դուրս գրվեց, թե ես ստացել եմ: Բայց էդ դեղերի կեսից ավելին ես փողով եմ առել: 180 հազար վրես փող է նստել, ես որտեղի՞ց տամ, 12 տարվա հիվանդ եմ, էդքան տարի էլ չեմ աշխատել: Էսօր 80 տարեկան մերս 2 հատ գուլպա է վերցնում, գնում է գյուղերում ծախելու, մի կտոր հաց է բերում, որ ինձ պահի: Իսկ հիվանդանոցի պրոֆսորը ինձ ասում է՝ եկող տարի լավ կլինի, դեղ կլինի: Եկող տարի ո՞վ սաղ կմնա, որ դեղ ստանա, հիմա նաղդ ստացել ես, հիմա դրանք տուր: Գոնե դեղերն իրանց գնով տան, Ռուսաստանի գնով տան: Օրական երկու անգամ սրսկվում եմ. 2400 դրամ է նստում իմ վրա: 900 դրամ տալիս եմ երեք հատ պիրազինամիդին, մյուս դեղը 400 դրամ արժե, ասեղը հաշվի, բուժքույրի ծախսը, հլա հաշվի՝ ինչքա՞ն է լինում»:

«Մի դեղ կա՝ կեսը 800-ով առա, կեսը՝ 1200-ով: Դիսպանսերի բաժնի վարիչ Էդմոնին ասում եմ՝ գլխավոր բժշկին ինչու՞ չասացիր: «Ի՞նչ ասեմ-,ասում է,-դեղ չունեմ, ես ո՞նց ասեմ՝ ունես, տուր: Հետո էլ ասում է՝ գիտե՞ս, մի հատ ծանոթ տղա ստացել է, նրանից առ: Երկրորդ անգամ հիվանդը ծախեց ինձ վրա»,-շարունակում է պատմել Արամը:

Հարցիս' ինչու՞ չբողոքեցիր գլխավոր բժշկին, պատասխանում է. «Հիմա գնամ, ասեմ՝ էս դեղերը վրես դուրս են գրել, էս ո՞նց պիտի լինի, էդ մի բժիշկն է, էդ էլ որ հետս թարսվեց, ի՞նչ պիտի անեմ: Այնտեղ տաք տեղ է, ձմեռը գնում եմ, պառկում եմ: Էդ էլ ասեմ, կարող է էլ չթողնեն, ձմեռը չթողնեն էնտեղ անցկացնեմ»:

Արամին հարցնում եմ՝ իսկ հիմա որ գրենք այս ամենի մասին, կարո՞ղ է Ձեզ այլեւս չթողնեն հիվանդանոց. «Գրում եք՝ գրեք, չեն թողնի՝ չեն թողնի: Էս ազգը բա սե՞նց էր, Ռուսաստանում էի աշխատում, թե ինչու՞ եկա այստեղ: Ես մեռնում եմ, ինքն իմ դեղը չի տալիս, որ գոնե կյանքս մի տարի երկարի: Գոնե իր գնով տուր, քեզ ձրի տալիս են, գոնե ինձ մի քիչ էժան տուր: Եթե 400-ով տար, մի երկու ամիս էլ կարող է երկար ապրեմ»,-ասաց Արամը:

Արամին ասում եմ, որ տարբեր միջազգային կազմակերպություններ տուբերկուլյոզի դեմ պայքարի ծրագրեր են իրականացնում Հայստանում, երբեւէ հանդիպե՞լ են իր հետ. «Ձեզ պես էլի մի երկու հոգի եկան, իմպրտնի խոսեցին, նկարեցին, թողին գնացին, ինչի համար՝ չիմացա, գալիս նայում են, գնում, բայց ի՞նչ է փոխվում դրանից իմ կյանքում. ոչ մի բան: Ու՞մ ենք մենք հետաքրքրում, վերջացած մարդիկ ենք: Սրսկելու ասեղը ի՞նչ է, բերում են, ասում են՝ 50 դրամ է, տուր: Գնում ես իրենցից ուզում ես, ասում են՝ չունենք, հետո քույրը բերում է քո վրա ծախում: 120 հատ ամիկացին եմ մենակ գնել, կեսը՝ 1000 դրամով, կեսը՝ 800-ով, հաշվի, թե ինչքա՞ն եղավ»:

Դիսպանսերում բուժման կուրս անցնելուց հետո Արամի վիճակը թեթեւանում է: Բուժվելու համար նա վաճառել է իր «Ռաֆ» մակնիշի մեքենան, քույրը վաճառել է ունեցած երկու գոճին, եւ այլեւս փող չունեն, հետեւաբար նաեւ՝ բուժվելու հնարավորություն. «Երբ բուժվում եմ, լավ եմ զգում: Եթե շարունակեմ, մի քիչ լավ կլինի, բայց ո՞նց շարունակեմ»,-ասում է Արամ Մարտիրոսյանը՝ ձեռքը օդի մեջ թափ տալով:

Հ.Գ. Հոդվածն արդեն պատրաստ էր, երբ իմացանք, որ Արամը եւ նրա քրոջ որդին նորից բուժման կուրս են անցնում Աբովյանի հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսերում: Եվ որպեսզի այնտեղ խնդիրներ չունենա հոդվածում փոխել ենք նրա անունը:


Լուսանկարը' Օնիկ Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter