HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հրապարակվել են Տիրայր Մուրադյանին ծեծի ենթարկած անձանց լուսանկարները

Առավոտյան ծեծի ենթարկված «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի լրագրող Տիրայր Մուրադյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն քիչ առաջ հրապարակել է լրագրողին ծեծած անձանց լուսանկարները:

Տիրայր Մուրադյանը «Հետք»-ին հայտնեց, որ առավոտյան նկարելիս է եղել կասկածելի պահվածքով, ակնոցով և գլխարկով անձանց, որոնք իրենց հեռու են պահել երթից և տեղի ունեցողի մասին հեռախոսով հայտնել են ինչ-որ մարդկանց։ Մուրադյանի փոխանցմամբ՝ իրեն ծեծած երկու անձիք նման պահվածք են դրսևորել, ինքը լուսանկարել է նրանց, այդ իսկ պատճառով ավելի ուշ իր վրա են հարձակվել և ծեծի ենթարկել՝ հարվածներ հասցնելով ձեռքերով ու ոտքերով:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի անհետաձգելի բուժօգնության գծով տնօրենի տեղակալ, բժիշկ-անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Գագիկ Մանուկյանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց, որ լրագրողի առողջական վիճակը լավ է, քիչ առաջ հետազոտություն է անցել, վնասվածքներ և կոտրվածքներ չունի, ուղեղի ցնցում չի ստացել։ Այս պահին նա բժիշկների հսկողության տակ է: Եթե առողջական վիճակը չվատթարանա, երեկոյան հիվանդանոցից դուրս կգրվի։

Հավելենք, որ քիչ առաջ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ Տիրայր Մուրադյանին ծեծի ենթարկելու նյութերը դատախազության կողմից ուղարկվել է քննչական կոմիտե՝ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ընթացքը լուծելու նպատակով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter