Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Կոտայքի մարզի խոշոր համայնքներից Երևան ժամանող տրանսպորտային երթուղիները ցույցերի օրերին դադարեցրել են աշխատանքը



Կոտայքի մարզի մի շարք խոշոր համայնքներից վերջին մի քանի օրերին Երևան ժամանող տրանսպորտային երթուղիները չեն գործում, իսկ տրանսպորտի նախարությանը ուղղված մեր հարցերից կարող ենք եզրակացնել, որ ստեղծված իրավիճակը չի վերահսկվում գերատեսչության կողմից:

Ապրիլի 18-ին, երբ «Հետք»-ը հոդված էր հրապարակել այն մասին, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքից Երևան ժամանող 269 համարի միկրոավտոբուսները ապրիլի 15-ից չեն աշխատում, բազմաթիվ ընթերցողներ հայտնեցին, որ միջմարզային շատ այլ երթուղիներ նույնպես չեն գործում, և հատկանշական է, որ բոլոր ահազանգերը Կոտայքի մարզից էին:

Այնուամենայնիվ, մենք հետաքրքրվեցինք նաև հանրապետության մյուս մարզերից Երևան ժամանող երթուղիներով, որոնք, սակայն ապրիլի 19-ի դրությամբ բնականոն աշխատում են: Այս պահին մեզ հասած բոլոր ահազանգերը բացառապես Կոտայքի մարզից են:

Այսպես, արդեն երեք օր է, ինչ չեն գործում Աբովյան-Երևան 259 և 261 համարի միջմարզային ավտոբուսային երթուղիները: Մեզ հետ զրույցում աբովյանցի ուսանող Գեմա Աղաջանյանը նշեց, որ սա առաջին դեպքը չէ, երբ «մայրաքաղաքում լարվածության պատճառով տրանսպորտը չի գործում»:

«Քաղաք հասնելու միակ միջոցը Աբովյանից Առինջ հասնելն է, իսկ հետո նոր այնտեղից Երևան: Շատերը կան, որ Աբովյանից Երևան հասնելու համար 1500-2000 դրամ են ծախսում»,- պատմում է Գեման:

Աբովյանցի մեկ այլ ուսանող Ռուբեն Բանուչյանը, ով մասնակցում է բողոքի ակցիաներին, նշում է, որ տաքսիներ էլ կան, որոնք Աբովյանից 4 հոգու տեղափոխում են՝ յուրաքանչյուրից 400 դրամ վերցնելով:

Նշենք, որ թիվ 259 երթուղին սպասարկում է պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ն, որի տնօրեն Արթուր Դալլաքյանը երեկ «Ազատության» հետ զրույցում նշել էր, որ 259 երթուղու աշխատանքները դադարեցնելու որոշումը ինքն է կայացրել.

«Ելնելով անվտանգության և փողոցների փակ լինելու հանգամանքից՝ իմ կողմից որոշում կայացվեց երթուղին ժամանակավորապես դադարեցնել, մինչև հասկանանք՝ ինչ է տեղի ունենում»,- ասել էր Դալլաքյանը:

Ապրիլի 16-ից չի գործում նաև Չարենցավան-Երևան 275 համարի միկրոավտոբուսային երթուղին, որը նույնպես սպասարկում է «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ն: Չարենցավանցի ուսանող Տաթև Խաչիկյանը պատմում է, որ իրենց քաղաքի բնակիչները Երևան ուղևորվելու համար կրկին օգտվում են տաքսիներից: Նա մասնավորապես դժգոհեց անհատ վարորդներից, ովքեր, օգտվելով ստեղծված իրավիճակից, ուղեվարձի բարձր գներ են սահմանում:

Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը «Հետք»-ի հետ հեռախոսազրույցում փոխանցեց, որ Չարենցավան-Երևան երթուղու չգործելու վերաբերյալ դիմել են տրանսպորտի նախարարության համապատասխան վարչություն, որտեղից հայտնել են, թե խնդիրը տեխնիկական է, և ամենաուշը մինչև վաղը երթևեկությունը կվերականգնվի:

Մենք կապվեցինք նաև տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանի հետ, ով հայտնեց, որ իրենց գերատեսչությունը կապի մեջ է երթուղիները սպասարկող ընկերությունների հետ, որոնց հորդորվել է «ուղևորների տեղափոխման գործընթացը հնարավորինս առանց խոչընդոտների կազմակերպել»:

Մեր այն դիտարկմանը, թե տրանսպորտի նախարարությունը պետք է ոչ թե հորդորի այդ ընկերություններին, այլ պահանջի վերսկսել աշխատանքները, նախարարության մամուլի խոսնակը չկարողացավ պատասխանել:

Իսկ մեր այն հարցին, թե ինչ պատասխան են ստացել սպասարկող ընկերություններից, Անահիտ Առաքելյանը նշեց.

«Ճիշտն ասած` չգիտեմ, թե ամեն փոխադրող ինչ է պատասխանել, բայց մեր պաշտոնական դիրքորոշումը իրենց փոխանցվել է»:

Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանին հարց ուղղեցինք, թե հնարավո՞ր է, որ երևանյան ցույցերի պատճառով է երթուղու աշխատանքը դադարեցվել, որպեսզի չարենցավանցիները չկարողանան մասնակցել դրանց, Հակոբ Շահգալդյանը պատասխանեց. «Չեմ կարող գուշակություններով զբաղվել»:

Հանրահավաքի օրերին իրենց աշխատանքը դադարեցրել են նաև հետևյալ երթուղիներով աշխատող միկրոավտոբուսները.

Հրազդան-Երևան թիվ 278 երթուղի (սպասարկող՝ «Վի Լայն» ՍՊԸ),

Երևան-Բյուրեղավան-Նուռնուս թիվ 258 երթուղի (սպասարկող՝ «Դավիթ երթուղային տաքսի» ՓԲԸ),

Արգել-Նոր Հաճն-Երևան 253 համարի երթուղի (սպասարկող՝ «Մէգամեկ» ՍՊԸ),

Գողթ-Գառնի-Երևան թիվ 265 երթուղի (սպասարկող՝ «Մանեկ» ՍՊԸ),

Գողթ-Գառնի-Երևան թիվ 284 երթուղի (սպասարկող՝ «Ս. Գեղարդ» ՍՊԸ):

Գետաշեն-Ակունք-Երևան թիվ 267 երթուղի (սպասարկող՝ «Սմարտսովթ» ՍՊԸ)

Նշված բոլոր ուղղություններով մարդիկ կրկին օգտվում են տաքսիների ծառայություններից:

Ի դեպ, Գողթ-Գառնի-Երևան երթուղու դիսպետչեր Լյուդվիգ Մովսիսյանի հետ զրույցում հարցրինք, թե ինչն է պատճառը, որ միկրոավտոբուսները չեն աշխատում, նա պատասխանեց՝ «վերևից չեն թողնում գա, մնացածից տեղյակ չեմ»:

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (1)
1. yura20:17 - 19 ապրիլի, 2018
Արա Գագո՝ իսկականից որ HELLO CITI !!
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ