HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակն «իր քայլն» անում է հատուկ հարմարանքով

Նորայր Շողիկյան

Հենաշարժողական խնդիրներ ունեցող Արտակ Դավթյանը տեղաշարժվում է հատուկ հարմարանքով, սակայն միայնակ միացել է Երևանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ արդեն 7-րդ օրը շարունակվող ցույցերին, քանի որ դժգոհ է իշխանություններից։

«Սերժին չեմ համարում լեգիտիմ վարչապետ և ուզում եմ, որ ժողովուրդը լինի այս երկրի տերը»,- ասում է Արտակը։

20-ամյա երիտասարդին հաշմանդամություն ունենալը չի խանգարում հանրահավաքներին ու երթերին մասնակցել: «Մարդու մտքին տեղ լինի»,- ասում է նա։

Արտակի նման ցույցերին մասնակցում են բազմաթիվ այլ երիտասարդներ, որոնց պատկերացումներն ապագայի մասին տարբեր են, բայց նպատակը մեկն է՝ շարժումը հասցնել հաղթական ավարտի։

Հանրահավաքին միացած երիտասարդների մի մասը ապագա լրագրող-ուսանողներն են։ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսն արդեն մի քանի օր դասադուլ է հայտարարել։ Ուսանողների մի մասը ակցիայի մասնակիցների, մյուսները` ակցիան լուսաբանողների շարքերում են։

«Սկզբում ցույցերին չէի հավատում, որովհետև տեսնում էի, որ ամեն անգամ փորձում են ինչ-որ բան անել, բայց միշտ ճնշում են հավաքների մասնակիցներին ու ինչ-որ բան չի ստացվում։ Բայց այս անգամ հասկացա, որ ամեն ինչ այլ կերպ է կազմակերպված, ու Փաշինյանն էլ ուրիշ ձևով է առաջնորդում ժողովրդին»,- ասում է Աննա Սահակյանը։

Ուսանողուհին վստահ չէ, թե ինչպես կավարտվեն իրադարձությունները, բայց համոզված է, որ դրանք շատ բան կփոխեն ոչ միայն քաղաքացիների, այլև՝ իր կյանքում։ Իսկ որպես ապագա լրագրող հույս է հայտնում, որ լրատվամիջոցները կսկսեն ամեն ինչ ավելի օբյեկտիվ լուսաբանել։

Աննայի այն տեսակետին, որ այս ակցիան մյուսներից տարբերվում է, համամիտ է նրա կուրսընկերուհի Սոնա Գրիգորյանը։ Նա ասում է, որ բողոքի ակցիային մասնակցող քաղաքացիները գիտեն, թե ինչ գաղափարի համար են հավաքվել։

«Քանի որ այս ցույցն իր գաղափարական արժեքներով տարբերվում է, կարծում եմ՝ ինչ-որ դրական արդյունքի կհասնենք»,- նշում է ապագա լրագրողը։

18-ամյա Հասմիկ Ռաֆայելյանը ապրիլի 13-ին սկսված ցույցերից ու հանրահավաքներից միայն մեկ սպասում ունի: «Շարժումից ակնկալում եմ Սերժ Սարգսյանի իշխանության անկումը»,- ասում է Հասմիկը և մյուս ուսանողներին և ուսանողական կառույցներին հորդորում՝ իրենց դիրքորոշումը հայտնել Սերժ Սարգսյանի կառավարման դեմ ուղղված այս հանրահավաքների վերաբերյալ։

Ակցիայի մասնակից ուսանողներին միավորում է նաև Հայաստանում իրենց ապագան կառուցելու ցանկությունը։ 22-ամյա Ռուբեն Բանուչյանն իր կյանքը պատկերացնում է բացառապես այն Հայաստանում, որն, իր խոսքով, այս օրերին կերտում են փողոցային պայքարի արդյունքում։

«Պայքարը տևական գործընթաց է, որը չի ուղեկցվում տեղային ինչ-որ փոքրիկ հաղթանակներով ու պարտություններով։ Ես չգիտեմ այս շարժման վերջն ինչ կլինի, բայց վստահ եմ, որ գալու է մի օր, երբ մենք ապրելու ենք ժողովրդավար Հայաստանում»,- ասում է Ռուբեն Բանուչյանը։

Արդեն 7-րդ օրը շարունակվող ցույցերին ու դասադուլին միացած ուսանողների վերաբերյալ առայժմ հայտարարություն է տարածել միայն Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողական խորհուրդը։ Համալսարանի ռեկտորը ուսխորհրդի նախագահի` իրեն ուղղված նամակին պատասխանել է, որ, հաշվի առնելով ստեղծված բացառիկ դեպքը, ուսանողների բացակայությունների վերաբերյալ բացառիկ միջոցներ կկիրառվեն, որի առթիվ անհանգստանալ պետք չէ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter