HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփան Դանիելյան

ՀՅԴ ԳՄ հայտարարությունը․ ի՞նչ է դա նշանակում

ՀՅԴ ԳՄ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ , որում կոչ է արվում Արմեն Սարգսյանի գլխավորությամբ ստեղծել  «քաղաքական խորհրդակցությունների հարթակ»։ Դրան անմիջապես հետևեց Արմեն Սարգսյանի կոչը նման հարթակի ստեղծման իր համաձայնության մասին։

Կոչերի բովանդակությունը նույնն է․ «Մինչ այդ կոչ եմ անում հանրային հավաքի մասնակիցներին՝ ցուցարարներին և իրավապահներին, հանդես բերել զսպվածություն և պատասխանատվություն: Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ մեր երկրի անվտանգությունը, կայունությունը և ազգային համերաշխությունը բոլորիս համար պետք է լինեն առաջնային ու անքննելի անհրաժեշտություն»։

Եթե ՀՅԴ-ն չլիներ իշխող կոալիցիայի երկու անդամներից մեկը, ապա այդ կոչը կարելի էր անտեսել, սակայն ՀՅԴ-ն նման պաշտոնական կոչով հանդես չէր գա, եթե այդ առաջարկը չհամաձայնեցներ իր գործընկեր կուսակցության, իհարկե` նաև Արմեն Սարգսյանի հետ։

Կոչում ասվում է․ «ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կոչ է անում խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերին, ՀՀ նորընտիր նախագահի հովանու ներքո՝ որպես պետության գլուխ և սահմանադրության երաշխավոր, ստեղծել քաղաքական խորհրդակցությունների հարթակ՝ առկա խնդիրներին համատեղ, համախոհության սկզբունքով լուծումներ գտնելու և ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով»։

Կոչի բովանդակության առնչությամբ մի շարք հարցեր են ծագում, որոնք հստակեցման կարիք ունեն։

  • «Ստեղծված իրավիճակն» առաջացել է Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելու շուրջ, և բողոքողները դեռևս այլ պահանջներ առաջ չեն քաշել։ Այս առումով պետք է հստակեցվի, թե ինչ հնարավոր «լուծումների» մասին է խոսքը։
  • «Խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի» քաղաքական խորհրդակցությունների հարթակը կոչվում է խորհրդարան, և այն արդեն իսկ գոյություն ունի։ Եթե գործող ԱԺ-ն ստեղծված իրավիճակի պայմաններում արդեն չի կարողանում կատարել իր դերը, և պահանջ է առաջացել ստեղծել նոր հարթակ, ապա այն պետք է լինի այլ՝ համալրված կազմով, որպեսզի հասկանալի լինի «նոր հարթակի» ստեղծման տրամաբանությունը։
  • Առաջարկից տրամաբանական հետևություն է պետք անել, որ երկրում ստեղծվել է նոր իրավիճակ, որի հետևանքով գործող խորհրդարանը չի արտահայտում քաղաքացիների տրամադրությունները,  և առաջացել է նոր քաղաքական հարթակ ստեղծելու պահանջ։  Ժողովրդավարական երկրներում նման իրավիճակներից դուրս գալու մեկ ելք կա՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և առաջարկվող նոր հարթակը նման զարգացման հնարավորությանը կարող է ծառայել։
  • Եթե նոր հարթակը ձևավորվում է ՀՀ նախագահի շուրջ, ապա գործադիր իշխանության ղեկավարը՝ վարչապետը, կամ դուրս է մնում այդ հարթակի քննարկումներից, կամ այնտեղ մասնակցում է որպես ՀՀԿ նախագահ, ինչը երկիմաստ իրավիճակ է ստեղծում։ Քննարկման թեմա կարող է լինել այն, որ վարչապետը հրաժարվի կուսակցության ղեկավարի պաշտոնից, ինչն ավելի հասկանալի  իրավիճակ է ստեղծում նման հարթակում ՀՀԿ-ի մասնակցության համար։
  • ՀՀ նախագահի լիազորությունների մեջ չի մտնում քաղաքական հարթակների ղեկավարումը, սակայն իր ընտրության ժամանակ ունեցած ելույթում նա նշել էր,  որ ցանկանում է զբաղվել սփյուռքի հետ հարաբերությունների զարգացմամբ, կրթության և տնտեսության ոլորտներով՝ ներդրումների նեգրավման առումով, որոնք իր սահմանադրական պարտականությունների մեջ չի մտնում։ ՀՅԴ առաջարկի տողատակերում կարելի է փորձել գտնել նաև այդ հարթակում սփյուռքի ներգրավման նպատակ` հաշվի առնելով այն, որ Սփյուռքն ակտիվորեն ներգրավվում է ներհայաստանյան քաղաքական գործընթացներին և այլևս այդ իրականության հետ պետք է հաշվի նստել։

Հասկանալի է, որ ՀՅԴ-ի հայաստանյան ղեկավարները ծանր վիճակում են հայտնվել, գտնվում են շարքերի ու սփյուռքի կառույցների քննադատության տակ ու փորձում են «փողոցի» հետ երկխոսության մտնելու միջոցով մեղմել իրավիճակը։ Մյուս կողմից` Սերժ Սարգսյանին, ըստ իր նախկին փորձառության, պետք է ինչ-որ հարթակի միջոցով «փողոցին» բերել երկխոսության դաշտ ու, ժամանակ շահելով, պարպել ըմբոստության ալիքը։ Սրանով նաեւ ցույց է տալիս, թե հաշվի է նստում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի` կողմերի միջև երկխոսություն սկսելու հանձնարարականի հետ։  Սակայն, ցանկացած նման առաջարկ պետք է լինի քաղաքական տրամաբանության սահմաններում, առանց որի նման հարթակները չեն կարողանա գործել։

Առավել ևս, որ այս տարիների ընթացքում կուսակցությունների հանդեպ կա խորը հանրային անվստահություն, և ցանկացած նախաձեռնության ողջախոհությունն ու նպատակահարմարությունը հանրային մանրակրկիտ քննադատության միջով է անցնելու։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter