HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դավիթ Սանասարյանն ու ևս 16 անձ բերման են ենթարկվել

Քիչ առաջ  Ամիրյան փողոցից բերման են ենթարկվել ակտիվիստ Դավիթ Սանասարյանն ու ևս 16 անձ, որոնք քայլում էին փողոցում ու քաղաքացիներին  կոչ անում ընդվզել ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության:

Քաղաքացիներն իրենց ակցիան սկսել էին Աբովյան փողոցից ու հասել Ամիրյան: Նրանք  Աբովյանում կանգնել էին փողոցի վրա, և այնտեղ եղած մեքենաները հնարավորություն չունեին երթևեկելու: Սանասարյանն ու  մյուսները վարորդներին դիմում էին «քայլ արա,  մերժիր Սերժին», «դեմ ես սերժին, սիգնալ տուր» կոչերով, և վերջիններս, ի նշան համերաշխության, միացնում էին մեքենաների ազդանշանները:

Սանասարյանն իրենց  բողոքի ակցիան Ֆեյսբուքի իր էջի միջոցով ցուցադրում էր ուղիղ եթերում: Երբ ակցիայի մասնակիցներն Ամիրյան փողոցում էին, մի խումբ ոստիկաններ նրան և բողոքի ակցիայի մյուս մասնակիցներին բերման ենթարկեցին: Նա տևական ժամանակ ոստիկանական մեքենայում ևս չէր դադարեցրել ուղիղ եթերի հեռարձակումը, սակայն հեռակապի միջոցով մեքենայում գտնվող ոստիաններին հրահանգեցին Սանասարյանի ձեռքից վերցնել հեռախոսը՝ նշելով, որ վերջինս ուղիղ եթերում է:

Մեզ չհաջողվեց կապվել Սանասարյանի հետ. վերջինիս հեռախոսահամարն այս պահին անհասանելի է:

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ից Երևանում մեկնարկել են ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության բողոքի ակցիաները։ Թեև վարչապետի ընտրությունն ապրիլի 17-ին ԱԺ-ում արդեն կայացել է, և Սերժ Սարգսյանը 77 կողմ ձայնով դարձել է վարչապետ, բողոքի ակցիաները, որոնք առաջնորդում է Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, չեն մարում։

Երեկ երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել այսօր առավոտյան ժամը 08:15-ից փակել հանրապետության հնարավոր բոլոր փողոցները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter