HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ցուցարարները Գյուլբենկյան փողոցից շարժվեցին Դավիթաշեն (թարմացվող)

12:45

Ազատության պողոտայում ոստիկաններին հրահանգվում է անհատապես բերման ենթարկել ցուցարարներին, սակայն վերջիններս կարողանում են փախչել: Ոստիկանները շարունակում են մայթերը փակ պահել՝ ցուցարարներին արգելելով մոտենալ փողոցին: 

12:34

Քիչ առաջ ոստիկանությունը տեղում հավաքված ցուցարարներին զգուշացրեց, որ բոլոր ցուցարարները, ովքեր կշարունակեն գտնվել Ազատության փողոցում, կենթարկվեն պատասխանատվության: 

12:20

Քիչ առաջ Արաբկիր վարչական շրջանի Ազատության փողոցից ոստիկանները բռնությամբ, հարվածներով բերման ենթարկեցին ցուցարարների:

Ոստիկանները, ցուցարարներից ոմանց գետնին քարշ տալով, բարձրացնում էին եւ ստիպողաբար, բռնի ուժ կիրառելով` տեղափոխում 1 համարի ավտոբուս:

Ոստիկանները փակել են փողոցի մայթերը, որպեսզի ցուցարարները չկարողանան փողոցը փակել:
Վարորդները որպես աջակցություն ազդանշան են տալիս, իսկ ոմանք կայանեցին ավտոմեքենան եւ միացան ցուցարարներին:

11:30

«Իմ քայլը» շարժման ցուցարարները շրջում են Դավիթաշեն վարչական շրջանով եւ քաղաքացիներին կոչ անում իջնել շենքերից, միանալ պայքարին: Մինչեւ ցուցարարները քայլերթով շարժվում են առաջ, խաչմերուկներում նրանց դիմավորում են տասնյակ բնակիչներ:

11:06

Մինչ Արաբկիր վարչական շրջանից «Իմ քայլը» շարժման մասնակիցները կհասնեին Դավիթաշեն վարչական շրջան, մի խունբ քաղաքացիներ փակել էին Սասնա ծռեր փողոցը՝ ծափերով ողջունելով Գյուլբենկյան փողոցից միացող ցուցարարներին:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտեց փողոցը փակած ցուցարարներին եւ հայտնեց, որ 20 րոպե կսպասեն Տիգրան Պետրոսյանի արձանի հարևանությամբ, որպեսզի Դավիթաշենի այլ բնակիչներ եւս միանան քայլերթին:

10:40

Գյուլբենկյան փողոցից սկսած երթն արդեն հասել է Դավիթաշենի կամուրջ: Քայլերթի սկզբից մինչեւ այս պահը չեն դադարում տարածքով անցնող մեքենաների ձայնային ազդանշանները: Նիկոլ Փաշինյանը հայտենց, որ քիչ առաջ փակվել է Երեւան-Աբովյան ճանապարհը եւ կոչ արեց քաղաքացիներին այլ փողոցներ ևս փակել. «Որտեղ ինչ կարողանում եք, փակեք»,- ասաց նա:

10:27

Ցուցարարները քայլերթը շարունակում են Վաղարշյան փողոցով: Որպես աջակցություն վարորդները ձայնային ազդանշան են տալիս, իսկ երթն առաջնորդող Նիկոլ Փաշինյանը նրանց ողջունում և կոչ է անում միանալ իրենց պայքարին:

Մինչ ցուցարարները կհասնեին Վաղարշյան-Կոմիտաս խաչմերուկ, տարածքի բնակիչներից մեկը միայնակ փակում էր վարորդների ճանապարհը՝ հորդորելով միանալ հավաքի մասնակիցներին:

10:06

Գյուլբենկյան փողոցի ցուցարարները քայլերթով շարժվում են Սունդուկյան փողոցով՝ բնակիչներին կոչ անելով միանալ «Թավշյա հեղափոխությանը»:

10:01

Մի խումբ քաղաքացիներ փակել են Արաբկիր վարչական շրջանի Գ. Գյուլբենկյան փողոցը: Այստեղ են նաև ոստիկանական ուժերը: Ոստիկանները հորդորում են ճանապաւհը բացել, երթեւկությունը վերականգնել եւ բողոքի ակցիան իրականացնել խաղաղ եւ առանց խոչընդոտ ստեղծելու: Ոստիկանության ներկայացուցիչը «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հորդորեց բացել ճանապարհը, այլապես հավաքի մասնակիցների եւ ոստիկանների միջև բախումներ կլինեն: Փաշինյանն ասաց, որ կծանոթանա իրավիճակին եւ նոր կկարողանա քայլեր ձեռնարկել:

Պատգամավորը ցուցարարներին կոչ արեց չվախենալ: Ոստիկանները փորձեցին բերման ենթարկել քաղաքացիներից մեկին, սակայն ցուցարարները նրան շրջափակեցին մինչ ոստիկանական մեքենա հասցնելը: Նիկոլ Փաշինյանը վարորդներին հորդորեց մեքենաները կանգնեցնել եւ դուրս գալ փողոց:  

Հավելենք, որ առավոտյան որոշ վարորդներ փակել էին այս փողոցը՝ որպես բողոք Սերժ Սարգսյանի վարչապետության եւ ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի հայտարարած թավշյա հեղափոխության:

Սեդա Գրիգորյանը եւս մեքենան կայանեց փողոցի մեջտեղում եւ հրաժարվեց տեղափոխել այն, որքան էլ ոստիկանները հորդորեցին երթեւկությունը վերականգնել: «Ես խաղաղ ցուցարար եմ, էստեղ կանգնած մարդիկ իմ ընկերներն են»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ից Երևանում մեկնարկել են ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության բողոքի ակցիաները։ Թեև վարչապետի ընտրությունն ապրիլի 17-ին ԱԺ-ում արդեն կայացել է, և Սերժ Սարգսյանը 77 կողմ ձայնով դարձել է վարչապետ, բողոքի ակցիաները, որոնք առաջնորդում է Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, չեն մարում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter