Լրագրողները հաղթեցին. առայժմ
Դեկտեմբերի 1-ին ՀՀ վերաքննիչ դատարանը նոր կազմով' Վարդան Ավանեսյանի նախագահությամբ, քննեց «Հետաքննող լրագրողներ»-ի հայցն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի: Այն դատական երկու ատյաններում մերժվել էր, եւ ՀՀ Վճռաբեկ դատարանը բեկանեց վերաքննիչի վճիռը' հայցը ետ ուղարկելով նոր կազմով քննության: Դատական առաջին նիստը նշանակվել էր նոյեմբերի 24-ին, սակայն հետաձգվել էր քաղաքապետարանի ներկայացուցչի բացակայության պատճառով: Դեկտեմբերի 1-ի նիստին էլ քաղաքապետարանը չէր ներկայացել:
Այդուհանդերձ, նիստը կայացավ, եւ «Հետաքննող լրագրողները» պնդեցին քաղաքապետարանի անգործությունն անվավեր ճանաչելու եւ պահանջված տեղեկությունները տրամադրելու մասին հայցապահանջը: Կազմակերպության նախագահ Էդիկ Բաղդասարյանը դատարանից խնդրեց բավարարել հայցը, որպեսզի այն «իր պարտականությունները չկատարող պաշտոնյային պատժելու նախադեպ դառնա»: Վերաքննիչ դատարանը, լսելով հայցվոր կողմի հիմնավորումները, որոշեց հայցն ամբողջությամբ բավարարել' «անվավեր ճանաչել Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի անգործությունը եւ պարտավորեցնել տրամադրել 1997-2003թթ. Օպերայի եւ բալետի պետական թատրոնի հանրային այգում հողահատկացումների մասին որոշումները»:
Մեկնաբանել