Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Լրագրող Տիրայր Մուրադյանին ոստիկանները բռնել ու մի քանի րոպե անց բաց են թողել




«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանին ոստիկանները Երևան-Աբովյան մայրուղուց բռնի ուժով նստեցրել են ավտոմեքենան և տարել են Աբովյան քաղաքի ուղղությամբ, սակայն ճանապարհի կեսից լրագրողին բաց են թողել:

Լրագրողը Երևան-Աբովյան մայրուղում իրականացնում էր իր աշխատանքը՝ նկարահանելով այնտեղ տեղի ունեցող գործողությունները, մասնավորապես ցուցարարների կողմից մայրուղու փակումը և ոստիկանների գործողությունները: Նկարահանելու պահին նրան են մոտեցել մի քանի ոստիկաններ և հորդորել են դադարեցնել նկարահանումները: Տիրայր Մուրադյանը ոստիկաններին ասել է, որ ինքը լրագրող է և իրականացնում է իր մասնագիտական գործունեությունը, սակայն ոստիկանները չեն լսել լրագրողի հորդորները և նրան բռնի ուժով նստեցրել են քաղաքացիական ավտոմեքենայի մեջ և տարել են Աբովյան քաղաքի ուղղությամբ:

Լրագրողի պատմելով՝ ճանապարհին ոստիկանները մի քանի զանգ են կատարել՝ համոզվելու համար, որ ինքը լրագրող է, չնայած որ Տիրայր Մուրադյանը կրելիս է եղել լրագրողի վկայական: Այնուամենայնիվ, ճանապարհի կեսից լրագրողին բաց են թողել:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կատարվածը հանցագործություն է, քանի որ խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական գործունեությունը:

Ավելի ուշ, Տիրայր Մուրադյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ինձ ոստիկանները վերջը տաքսով ուղարկեցին նույն տեղը, որտեղից բռնությամբ վերցրել էին: Իրենց քաղաքացիական մեքենայի գազն էր պրծել: Տեսանյութը կգցեմ մի քիչ հետո, կապի խնդիր կա»:

Հիշեցնենք, որ նախօրեին կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց իր մասնագիտական գործունեությունը կատարելու պահին քաղաքացիական հագուստով անձինք հարձակվել էին Տիրայր Մուրադյանի վրա և ծեծի ենթարկել նրան: Այդ դեպքի առթիվ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ