HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Քայլ արեք, գտեք Գազել». եղվարդցիների պահանջով Եղվարդ-Երևան երթուղին վերսկսել է աշխատանքը

«Քայլ արեք, գտեք Գազել», «քայլ արա, մերժիր Սերժին» վանկարկումներով այսօր բողոքի ակցիա է տեղի ունեցել Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում: Քաղաքապետարանի շենքի դիմաց հավաքված ցուցարարները պահանջել են վերականգնել ապրիլի 15-ից աշխատանքը դադարեցրած Եղվարդ-Երևան-Եղվարդ թիվ 269 միջմարզային երթուղին:

Քաղաքապետարանի դիմաց ցուցարարներին դիմավորել է Եղվարդի քաղաքապետի տեղակալ Կարեն Հարությունյանը, ով հավաստիացրել է, որ Երևան մեկնող միկրոավտոբուսները վաղվանից վերսկսելու են բնականոն աշխատանքը: Բացի այդ, ցուցարարները պահանջ են դրել, որպեսզի 5 օր շարունակ միկրոավտոբուսները ուղևորներին անվճար սպասարկեն, այսինքն՝ ճիշտ այնքան ժամանակ, որքան «Գազել»-ները չեն գործել: Բողոքի ակցիայի մասնակից Գարիկ Գևորգյանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց, որ ցուցարարների այդ պահանջը ևս ընդունվել է:

Քաղաքապետարանի դիմացից ցուցարարները երթով շարժվել են առաջ և փակել են Եղվարդ-Երևան մայրուղին: Բողոքի ակցիայի մասնակիցները պնդել են, որ «Գազել»-ները այսօրվանից վերսկսեն աշխատանքը, և ինչպես փոխանցեց Գարիկ Գևորգյանը առաջին «Գազել»-ը արդեն իսկ դուրս է եկել երթուղի և մեկնել Երևան: Դրանից հետո ցուցարարները բացել են մայրուղին, սակայն չեն հեռացել տարածքից:

Բողոքի ակցիան ուղեկցում են ոստիկաններ, ովքեր Գարիկ Գևորգյանի հաղորդմամբ՝ ոչ մի կերպ չեն խոչընդոտել խաղաղ ակցիային:

Հիշեցնենք՝ երեկ հոդված էինք հրապարակել այն մասին, որ Կոտայքի մարզի խոշոր համայնքներից Երևան ժամանող տրանսպորտային երթուղիները ցույցերի օրերին դադարեցրել են աշխատանքը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter