HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«Ինքնագիր 8»՝ քայլերթի եւ երեկոյան ցույցի արանքում

«Վիրջինիա Վուլֆը կնոջ համար գրելու «սենյակ» էր ուզում, իսկ ահա Հայաստանում խարխլվում են գրականության «սենյակի» պատերը՝ քաղաքականության եւ շուկայի մուրճերի հարվածներից։ Գրականության «սենյակի» փոխարեն՝ «հետսովետականի» «օբշի վագոնի» տոմսերով գրականության տարածման, ընթերցող գրավելու, գովազդի, տպաքանակի, վաճառքի ու ռեյտինգի աղյուսակներում են տեղ ստանում գրողները։ Գիրքը դառնում է էլիտար-քաղքենական քիմքը շոյող «մոդա», գրողը՝ շոուբիզնեսի աստղ։ Կրթական, մշակութային, գրահրատարակչական համակարգն ամբողջովին նախագծված է նույն քաղաքական ու շուկայական սկզբունքներով՝ պետական պատվերի եւ գրականությունը գլամուրի մաս դարձնելու պրակտիկայով։

Այս պայմաններում «Ինքնագիրը» ձգտում է ստեղծել գրականության «սենյակ»՝ օազիս, որտեղ ժամանակակից գրականությունն ինքն է որոշում իր օրակարգը՝ առաջնորդվելով գրական խնդիրներով, անկախ շուկայի քմահաճույքից ու քաղաքական պատվերից»։

Վիոլետ Գրիգորյան

 

«Գյոթե» կենտրոնում այսօր տեղի ունեցավ «Ինքնագիր 8» գրական հանդեսի շնորհանդեսը։ Գրական ութերորդ հանդեսում ներառված են 33 հեղինակների գործեր։

Ինքնագիր գրական ակումբի ֆեյսբուքյան իրադարձության էջում կարդում ենք շնորհանդեսի մասին հայտարարության տեքստը․ «Վաղ առավոտյան քայլերթերի ու երեկոյան միտինգի արանքում անում ենք եւս մի կարեւոր քայլ՝ մասնակցում ենք գրական տոնի։ Ի դեպ, շնորհանդեսի տեղը շատ մոտ ա միտինգի հրապարակին, հացիվ, բանիվ ու գինիվ ՄԵՐԺԻՐ ՍԵՐԺԻՆ»։

Գրական հանդեսի շնորհանդեսին զուգահեռ արդեն վերաբացված ՊԷՆ կենտրոնի նախագահ Արմեն (Հայաստանցի) Օհանյանը խոսեց կենտրոնի գործունեության մասին եւ դրա շարքերը համալրելու համար ներկայացրեց ՊԷՆ-ի միջազգային հռչակագիրը։

«Երբ քաղաքական տեքստը դառնում է բացարձակ սուտ, եւ իշխանության գլուխ հանդիսացող առաջին մարդն անում է քաղաքական հայտարարություն եւ հետո մի քանի տարի անց, իր ասածի վրա խաչ քաշելով, բացարձակ սուտ է խոսում, ապա քաղաքական տեքստի այսպիսի անկման, զրոյացման պարագայում տեղ է բացվում նոր խոսքի համար», -մեզ հետ զրույցում նշեց Արմեն Օհանյանը։

Նշենք, որ Հայաստանում մինչ այս գործել է ՊԷՆ կենտրոնը, որը, սակայն, ակտիվ գործունեություն չէր ծավալում։ Արմեն Օհանյանի խոսքով` նախկին հայաստանյան ՊԷՆ-ի ղեկավար Աննա Հակոբյանի հետ բանակցություններ են վարել, որից հետո կապ հաստատել միջազգայինի հետ եւ սկսել գործել օրինական կերպով։

«ՊԷՆ-ի անդամ կարող է դառնալ հռչակագրին միացող ցանկացած ոք, ով որեւէ կերպ առնչվում է գրի եւ գրականության հետ՝ լրագրողներ, գրողներ, բլոգերներ, քննադատներ, ովքեր կիսում են ՊԷՆ-ի արժեքները եւ պատրաստ են պայքարել կարծիքի ազատ արտահայտման ճնշումների դեմ։ Այսինքն` միայն գրողական կազմակերպություն չի, նախեւառաջ իրավունքների պաշտպան կազմակերպություն է»,- հավելեց Արմենը։

Իրադարձությանը ներկա էին գրողներ, լրագրողներ, քննադատներ, թարգմանիչներ, մշակութաբաններ, կինոքննադատներ, մշակութային ոլորտի այլ ներկայացուցիչներ, ովքեր շնորհանդեսի ընթացքում բուռն կերպով քննարկում էին վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները։

ՀԳՎիոլետ Գրիգորյանի տեքստի հատվածը մեջբերված է «Ինքնագիր 8»-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter