HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Սարգսյան

Վանաձորում անձրևը չխանգարեց «Քայլ արա, մերժիր Սերժին» ակցիայի անցկացմանը

Մեկօրյա ընդմիջումից հետո՝ այսօր, վանաձորցիները կրկին վերսկսեցին իրենց «Քայլ արա, մերժիր Սերժին» բողոքի ակցիան: Առավոտյան քաղաքի փողոցներում ակտիվիստները նախ իրազեկման թերթիկներ բաժանեցին քաղաքացիներին՝ տեղեկացնելով երեկոյան քաղաքի գլխավոր՝ Հայքի հրապարակում նախատեսվող բողոքի ակցիայի մասին:

«Վանաձորը Սերժին ասում է՝ ոչ»: Հենց այս վանկարկումներով սկսվեց հավաքվածների բողոքի ակցիան:

Ողջույնի խոսքով հանդես գալով՝ Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշեց. «Այսօր, երբ իմացա, որ դուք հերթական անգամ ցույց եք նախապատրաստում, ես ուրախացա, որ Վանաձորում երիտասարդությունը չի հուսահատվում, ավելին, ոգևորված է և իր քաղաքական դիրքորոշումն է ներկայացնում այն համընդհանուր քաղաքացիական շարժմանը, որն այս օրերին իրականացվում է նաև Հայաստանի մյուս համայնքներում»:

Անդրադառնալով կրթության և գիտության նախարար Լ. Մկրտչյանի՝ դպրոցների աշակերտներին քաղաքական գործընթացներում ներգրավելու մասին հայտարությանը, Ա. Սաքունցը դիմեց ներկաներին.

«Դուք բոլորդ սովորում եք ուսումնական հաստատություններում կամ սովորել եք դպրոցներում: Դուք բոլորդ լավ հիշում եք, թե նախընտրական քարոզչության ժամանակ  ի՞նչ մասնակցություն են ունեցել երեխաները: Դուք հիշո՞ւմ էիք այդ ժամանակ կամ  հիշո՞ւմ եք, որ որևէ անգամ կրթության նախարարը մտահոգություն հայտնի, թե երեխաներին մի ներգրավեք քաղաքական գործընթացների մեջ: Չի՛ եղել նման բան»:

Կարևորելով երեխաների հիմնարար իրավունքների պահպանումը՝ Սաքունցը կարծիք հայտնեց.«Եթե երեխաները նախընտրում են հավաքներ իրականացնելու իրենց սահմանադրական իրավունքը, դա իրենց որոշումն է: Եվ ոչ ոք իրավունք չունի կրթական հաստատության դռները փակի: Դա կարող է լինել միայն քրեակատարողական հիմնարկներում կամ ռեժիմային հիմնարկներում, իսկ դպրոցները կամ կրթական հաստատությունները ռեժիմային հիմնարկներ չեն»:

Այս ելույթին ի պատասխան` հնչեց հավաքվածների կոչը՝ բացեք դռները:

Ա. Սաքունցը ներկաներին հորդորեց դիմել կրթական հաստատությունների ղեկավարներին, մանկավարժներին, դասախոսներին, քաղաքի մտավորականներին, ավագանու անդամներին ու ստանալ բոլորին հուզող հարցի պատասխանը՝ ի՞նչ դիրքորոշում ունեն նրանք «Քայլ արա, մերժիր Սերժին» ակցիայի նկատմամբ:

Հավաքն այսօր ավարտվեց քայլերթով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter