ՈՒրբաթ, 25 մայիսի

Նիկոլ Փաշինյանը հրապարակեց շարժման հետագա ծրագիրը



Այսօր` Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ սկսված քաղաքացիական անհնազանդության գործողությունների 8-րդ օրը, Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ «Իմ քայլը» շարժման նախաձեռնող, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ իշխանությունները երկխոսության առաջարկ են արել եւ ստացել իր մերժումը, քանի որ «Սերժ Սարգսյանը քաղաքական դիակ է, իսկ դիակի հետ չեն երկխոսում»: Փաշինյանի խոսքով` իրենք պատրաստ են քննարկել միայն Սերժ Սարգսյանի հրաժարականի ժամկետները եւ դրա հետ կապված պայմանները: Նա հավաստիացրեց, որ ժողովուրդը վրեժխնդիր չի լինի, եթե Սարգսյանը օր առաջ բացի իր աչքերը եւ հրաժարական տա. «Դա օգուտ կլինի իրեն եւ Հայաստանի Հանրապետությանը»:

Ապա Նիկոլ Փաշինյանը խոսեց քաղաքական հետագա զարգացումների մասին եւ շարադրեց շարժման քայլերը կամ ծրագրային կետերը.

  1. Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից:
  2. Ազգային ժողովը վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին:
  3. Ձեւավորվում է ժամանակավոր կառավարություն:
  4. ՀՀ օրենսդրությամբ վարչապետի ընտրությունից 20 օր հետո ԱԺ-ն պիտի հավանություն տա կառավարության ծրագրին: Ըստ քաղաքական համաձայնության` ԱԺ-ն չի ընդունում ժամանակավոր կառավարության ծրագիրը, եւ տեղի են ունենում ԱԺ արտահերթ ընտրություններ:

Փաշինյանն ասաց, որ այս դրույթները պատրաստ են քննարկել Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ, որպեսզի ապահովվի իշխանության անցնցում փոխանցումը ժողովրդին: «Արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է լինեն 100 տոկոսով մաքուր, արդար եւ թափանցիկ»,- հայտարարեց Փաշինյանը: Նրա խոսքով` որեւէ մեկը չպիտի կասկածի այդ ընտրությունների արդյունքներին` անկախ, թե որ քաղաքական կուսակցությունը քանի տոկոս ձայն կհավաքի: «Հիմա եւ այսուհետ ընտրություններում պիտի հաղթի ժողովուրդը»,- ծրագրային քայլերի մասին խոսքի ամփոփմանն ասաց Փաշինյանը:

Շարժման ընթացքի առնչությամբ նա եւս մեկ անգամ շեշտադրեց, որ կարեւորը խնդրի խաղաղ հանգուցալուծումն է: Նման պահանջով արդեն հանդես են եկել ինչպես միջազգային կազմակերպություններ` ԵԱՀԿ, ԺՄԻԳ, այնպես էլ Հայաստանի եւ Սփյուռքի անվանի ներկայացուցիչներ, մտավորականներ, որոնց թվում` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն: «Մենք ընդգծում ենք, որ սա խաղաղ, ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն է, եւ պետք է տեղի ունենա բաց ձեռքերի տրամաբանության շրջանակներում: Թող ողջ աշխարհը տեսնի, որ սա խաղաղ քաղաքական պրոցես է: Որեւէ ուժային լուծում չի կարող լինել»,- ասաց Փաշինյանը:

Նա նկատեց, որ ոստիկանության հաղորդագրություններն այս կամ այն օրինազանցության մասին կապ չունեն իրականության հետ, շարժման որեւէ անդամ չի կարող բռնությոն կիրառել, հակառակը` նրանց նկատմամբ է բռնություն կիրառվում, հարյուրավոր քաղաքացիներ բերման են ենթարկվում: Փաշինյանի տվյալներով` երեկ վարչական ձերբակալություն է իրականացվել 125, այսօր 300-ից ավելի քաղաքացիների նկատմամբ:

«Ուզում եմ իշխանությունը մի բան հասկանա` գործադրված որեւէ բռնություն ոչ միայն չի կասեցնում շարժումը, այլեւ ուժեղացնում է ժողովրդական ցասման ալիքը»,- ասաց նա:

Անդրադառնալով օրվա ընթացքում եղած ահազանգերին այն մասին, որ գեներալ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանի մտերիմները ծեծել են Այգեշատ գյուղի այն բնակիչներին, որոնք ցանկացել են միանալ ցուցարարներին, իսկ Նորք-Մարաշում վարչական ղեկավարի մերձավորները ահաբեկել են բողոքի ակցիայի մասնակիցներին, Նիկոլ Փաշինյանը վերջնագիր ներկայացրեց Հայաստանի բոլոր գեներալներին ու քաղաքապետ Տարոն Մարգարյանին` ասելով, որ ամեն մի նման քայլ արժանի հակահարված կստանա` չնայած այն բանին, որ ինքը չի ցանկանում կրքեր բորբոքել:

Իր ելույթը Նիկոլ Փաշինյանը ամփոփեց` շնորհակալություն հայտնելով շարժման մեջ ընդգրկված կանանց, քանի որ «ոչ մի քաղաքական գործընթաց Հայաստանում կանանց նման ներգրավվածություն չի ունեցել»:

Վաղը քաղաքացիական անհնազանդության ակցիաները կշարունակվեն ինքնաբուխ ձեւով: Ինքը` Նիկոլ Փաշինյանը, ժամը 11:00-ին քայլարշավը սկսելու է Նոր Նորքի 7-րդ զանգվածում գտնվող «Նոր տուն» խանութի տարածքից:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ