HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում ավտոմեքենաներով խուլիգանական արարքներ կատարելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ. 3 անձ ձերբակալվել է

Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ հայտնել է, որ Երևանում խուլիգանական արարքներ կատարելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Դատախազության հաղորադագրություն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

2018թ. ապրիլի 13-ից մայրաքաղաքում մեկնարկած ապօրինի հավաքին մասնակցած անձինք, ոստիկանության կողմից հավաքը դադարեցնելու մասին որոշման պայմաններում շարունակում են հակաիրավական գործողությունները:

2018 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 10-ից մինչև ապրիլի 21-ի ժամը 01:30-ը Երևան քաղաքում կազմակերպված ապօրինի հավաքի մի խումբ մասնակից անձինք նախնական համաձայնությամբ խուլիգանական մղումներով՝ խեղաթյուրված ձևով դրսևորելով իրենց ինքնահաստատման պահանջմունքը՝ արհամարհելով վարքագծի համընդհանուր կանոնները, բարոյական և իրավական նորմերը, ինչպես նաև այլ անձանց իրավունքներն ու ազատությունները, դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ, չենթարկվելով նշված հանցավոր գործողությունները դադարեցնելուն ուղղված ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, իրենց և հասարակության անդամների համար ակնհայտորեն կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը Երևան քաղաքում:

Մասնավորապես շուրջ 60  ավտոմեքենաներով, դիտավորությամբ երթևեկության կանոնների ակնհայտ խախտումներով, տևական ժամանակ անընդմեջ ավտոմեքենաների համապատասխան սարքավորումներով և ձայնային ազդանշանների միջոցներով բարձր ձայներ արձակելով լուրջ անհանգստություն  են պատճառել Երևան քաղաքի բազմաթիվ բնակիչների՝ նաև գիշերային ժամերին խախտելով նրանց անդորրը, վերջիններիս համար ձևավորելով վախի և տագնապի մթնոլորտ:

Նկատի ունենալով, որ նշված արարքներում առկա են հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու հանցագործության հատկանիշներ՝  ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել  է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնին:

Ձերբակալվել է 3 անձ, ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ առերևույթ հանցագործություն կատարած մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter