HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էջմիածնից դուրս եկած բողոքի երթը հասնում է Երևան (թարմացվող)

18։31

Այս պահին էջմիածինցիները քայլերով հասան Ծովակալ Իսակով պողոտա, որտեղ նրանց սպասում էին առավել շուտ տեղ հասած ցուցարարները։

18։00

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ Էջմիածնից մեկնարկած բողոքի քայլերթն այս պահին հասել է Երևան: Ցուցարարները մոտենում են Կենտրոնին: Նշենք, որ մոտ մեկ ժամ առաջ, երբ ցուցարարները հասել էին Փարաքար-Մերձավան գյուղերի հատված, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) բեռնատար ավտոմեքենաներով փակել էր Երևան տանող ճանապարհը: Ցուցարարները ոտքով շրջանցել են արգելքը, իսկ ավտոմեքենաները մնացել են կանգնած՝ առաջացնելով երկար խցանում: Այդ ընթացքում ոստիկանները որևէ կերպ չեն միջամտել Առաքել Մովսիսյանի գործողություններին:

16։26

Էջմիածնից սկիզբ առած քաղաքացիների բողոքի երթն այս պահին հասել է Փարաքար գյուղ: Երթի մասնակիցների թիվը մի քանի հազարի է հասնում: Նրանք շարժվում են Երևան, որպեսզի միանան Նիկոլ Փաշինյանին: Երթը ուղեկցվում է թմբուկների զարկով: «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը փակ է:

14։36

Էջմիածին -Երևան մայրուղին ամբողջությամբ փակ է, ցուցարարներին միանում են նորանոր խմբեր: Նրանք շարժվում են դեպի Երևան։

14։21

Ցուցարարների թիվը զգալիորեն ավելացել է։ Այս պահին նրանք շարժվում են դեպի Զվարթնոցի տաճար, որից հետո միանալու են Նիկոլ Փաշինյանին։

Էջմիածնի ցուցարարները, հասնելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանի տան մոտ, վանկարկում են` ՄԻԱՑԵՔ (լուսանկարում նրա տունն է)։

Այս պահին Էջմիածին քաղաքում բազմամարդ երթ է: Ցուցարարները բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: Նրանք նախ հավաքվել են քաղաքի Կոմիտասի անվան հրապարակում, այնուհետև «Քայլ արա, մերժիր Սերժին», «Միացում» և «Ոստիկանը մերն ա» կարգախոսներով շրջում են քաղաքի փողոցներով: Նրանց ուղեկցում է ոստիկանությունը:

Ոտքով քայլող ցուցարարներին մեքենաների ազդանշաններով միանում են նաև վարորդները:

Նշենք, որ թեև ուժեղ անձրև է տեղում, սակայն քայլերթը գնալով բազմամարդ է դառնում: Նրանց շարքերում են տարիքային տարբեր խմբերի մարդիկ:

Հարևան գյուղերից էլ մեքենաներով միանում են երթի մասնակիցներին։

Այսօր Երեւանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ քաղաքացիական անհնազանդության գործողությունների 9-րդ օրն է:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց հետո «Իմ քայլը» շարժման նախաձեռնող, ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց թավշյա հեղափոխության մասին, որը պետք է իրականացվի ցանցային եղանակով` ցուցարարներն ամեն օր Երեւանում եւ հանրապետության մարզերի քաղաքային ու գյուղական բնակավայրերում ժամանակավորապես խափանում են երթևեկությունը, փողոցներում, փակում միջպետական ճանապարհները, իսկ երեկոյան հանրահավաք անում Հանրապետության հրապարակում: Երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսեց քաղաքական հետագա զարգացումների մասին եւ շարադրեց շարժման ծրագրային կետերը: 

Գրիշա Բալասանյան
Դիանա Ղազարյան

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter