HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ոստիկանները արգելափակել են Արարատից Երևան ժամանող ավտոերթի ճանապարհը

Երևան-Երասխ ավտոճանապարհի Արտաշատ քաղաքի վարչական տարածքում ոստիկանները արգելափակել են Արարատ քաղաքից ավտոերթով Երևան ժամանող մեքենաների ճանապարհը: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, ով նույնպես ավտոերթի մասնակիցներից է:

Արդեն մոտ երկու մեկ ժամ է, ինչ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքող ավտոերթի մասնակիցները մնացել են ոստիկանների շրջափակման մեջ: Գարիկ Սարգսյանի փոխանցմամբ՝ ոստիկանները դեռևս ոչ մի օրինական պահանջ չեն ներկայացրել իրենց, այդ իսկ պատճառով նրանք դուրս չեն գալիս և փակված են մնացել մեքենաների մեջ:

«Մենք ոչ մի անօրինական բան չէինք անում, ճանապարհ չենք փակել, մյուս մեքենաների երթևեկությանը չենք խոչընդոտել, ընդամենը երթով, մեկ գծով շարժվում էինք դեպի Երևան՝ միանալու մեր հայրենակիցներին: Հիմա մեքենաների մեջ փակված սպասում ենք, թե հետագայում ինչ կլինի»,-պատմում է Նոր Կյանքի գյուղապետը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գարիկ Սարգսյանի խոսքով՝ ավտոերթին մասնակցում էր մոտ 15 ավտոմեքենա:

Այսօր Երեւանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ քաղաքացիական անհնազանդության գործողությունների 9-րդ օրն է: Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց հետո «Իմ քայլը» շարժման նախաձեռնող, ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց թավշյա հեղափոխության մասին, որը պետք է իրականացվի ցանցային եղանակով` ցուցարարներն ամեն օր Երեւանում եւ հանրապետության մարզերի քաղաքային ու գյուղական բնակավայրերում ժամանակավորապես խափանում են երթևեկությունը, փողոցներում, փակում միջպետական ճանապարհները, իսկ երեկոյան հանրահավաք անում Հանրապետության հրապարակում: Երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսեց քաղաքական հետագա զարգացումների մասին եւ շարադրեց շարժման ծրագրային կետերը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter