Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Նոր Կյանքի գյուղապետ Գարիկ Սարգսյանին բերման են ենթարկել Արտաշատի ոստիկանական բաժանմունք



Երևան-Երասխ ավտոճանապարհի Արտաշատի վարչական տարածքից ոստիկանները բերման են ենթարկել Նոր Կյանք համայնքի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գարիկ Սարգսյանին, ով այսօր Արարատից Երևան ժամանող ավտոերթի մասնակիցներից էր:

Ոստիկանությունը արգելափակել էր ավտոերթի ճանապարհը, այնուհետև գործողություններ սկսել ակցիայի մասնակիցների դեմ: Ոստիկանները փորձում էին էվակուացնել Գարիկ Սարգսյանի ավտոմեքենան, սակայն տեղում հավաքված քաղաքացիները թույլ չէին տալիս: Այնուամենայնիվ, ոստիկանները բռնի ուժ կիրառեցին քաղաքացիների նկատմամբ, ոմանց բերման ենթարկեցին, իսկ Գարիկ Սարգսյանի ավտոմեքենան էվակուատորի միջոցով տեղափոխեցին Արտաշատի ոստիկանական բաժանմունք: Քաղաքացիական հագուստով անձանցից մեկը հարվածեց «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Արուս Հակոբյանին, որը տեղում իրականացնում էր իր մասնագիտական գործունեությունը:

«Հետք»-ի հետ զրույցում Գարիկ Սարգսյանը փոխանցեց, որ մինչև էվակուացնելը իրենց ավտոմեքենայի մոտ BMW մակնիշի առանց համարանիշների սպիտակ ավտոմեքենա է կայանել, որտեղից դուրս են եկել քաղաքացիական հագուստով անձինք և մետաղյա իրեր են նետել իրենց մեքենայի ուղղությամբ, որից հետո նստել են մեքենան և հեռացել տարածքից:

«Այնտեղի ոստիկանները հանցավոր անգործություն ցուցաբերեցին, չկանգնեցրին այդ մեքենայի ընթացքը, իսկ այն մետաղյա իրերը, որոնց վրա կարող էին պահպանված լինել այդ անձանց մատնահետքերը, ոստիկանները տշելով հեռացրին դեպքի վայրից»,- պատմեց Նոր Կյանքի համայնքապետը:

Սարգսյանը նշեց, որ հանցագործության մասին երկու հաղորդում է ներկայացրել ոստիկանության 1-02 ծառայություն. առաջինը` ազատ տեղաշարժի սահմանափակման վերաբերյալ, իսկ մյուսը` ավտոմեքենային գույքային վնաս հասցնելու մասին: Ի դեպ, էվակուացված մեքենան GG տաքսի ծառայության մեքենաներից է, որը Գարիկ Սարգսյանը վարձել էր առավոտյան ավտոերթին մասնակցելու համար:

Գարիկ Սարգսյանը պատմեց նաև, որ Արարատի մարզի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ նախապես բանավոր համաձայնություն էր ձեռք բերվել Արարատ քաղաքում նախատեսված հանրահավաքի փոխարեն առանց որևիցե խախտման դեպի Երևան ավտոերթ անելու մասին:

«Նրանք համաձայնել են այդ առաջարկին, և մենք սկսել ենք շարժվել Երևանի ուղղությամբ, սակայն արդեն Արտաշատի վարչական տարածքում նրանք արգելափակել են մեզ՝ խոչընդոտելով մեր ազատ տեղաշարժի իրավունքը»,- ասաց Նոր Կյանքի գյուղապետը:

Այս պահին Գարիկ Սարգսյանը, նրա հայրը, եղբայրը, քույրը և տաքսու վարորդը գտնվում են Արտաշատի ոստիկանական բաժանմունքում և դուրս չեն գալիս ավտոմեքենայից: Կատարվածի մասին Սարգսյանը ահազանգել է փաստաբաններին և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ