HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արմեն Գրիգորյանին ձերբակալել են անօրինական հավաքներ անցկացնելու, կազմակերպելու և զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով

Այսօր բերման ենթարկված քաղաքագետ Արմեն Գրիգորյանը ձերբակալվել է։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը: 

Հիշեցնենք, որ ակտիվիստ Դավիթ Սանասարյանը «Հետք»-ին ահազանագել էր այն մասին, որ քաղաքագետ Արմեն Գրիգորյանին առևանգել են անհայտ անձինք: Գրիգորյանի հեռախոսահամարը տևական ժամանակ անհասանելի էր, սակայն մեզ հաջողվել էր կապ հաստատել նրա հետ: Վերջինս ասել էր հետևյալը․ «Ես քննչականում եմ, ինձ բերման են ենթարկել»։

Րոպեներ առաջ հաղորդագրություն տարածեց նաև Հատուկ քննչական ծառայությունը՝ հայտնելով, որ Արմեն Գրիգորյանը ձերբակալվել է զանգվածային անկարգությունների և անօրինական հավաքների վերաբերյալ ՀՀ  հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում: 

«Այսպես, քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ Ա. Գ.-ն այլ անձանց հետ միասին անտեսելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները` այդ օրենքով սահմանված կարգի խախտմամբ, 2018թ. ապրիլի 13-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում դիտավորությամբ կազմակերպել, անցկացրել և ղեկավարել է հանրային հավաք, այդ թվում՝ երթեր, առանց այդ մասին գրավոր իրազեկելու Երևանի քաղաքապետարանին:

Չնայած ոստիկանության բազմաթիվ իրազեկումներին և նախազգուշացումներին` Ա. Գ.-ն և մյուսները չեն կատարել վերը նշված օրենքով սահմանված` հավաքի խաղաղ և բնականոն ընթացքն ապահովելու իրենց պարտականությունները: Ավելին, շարունակելով անօրինական գործողությունները, Ա. Գ.-ն հավաքի մասնակիցների հետ կազմակերպել է զանգվածային անկարգություններ:

Մասնավորապես,  13.04.2018թ.-ին` ժամը 15:00-ի սահմաններում, Ա. Գ.-ն մյուսների հետ հավաքի մասնակիցներին ուղղորդել է Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի 1 հասցեում գտնվող Երևանի պետական համալսարան: Ա. Գ.-ն և անօրինական հավաքի մյուս մասնակիցները, վնասելով ԵՊՀ-ի մուտքի դռները, ներխուժել են համալսարանի շենք` այդ ընթացքում մարմնական վնասվածքներ պատճառելով համալսարանի անվտանգության աշխատակիցներին: Այնուհետև, տևական ժամանակ գտնվելով շենքում, հավաքի մասնակիցները խախտել են ԲՈՒՀ-ի բնականոն գործունեությունը, որի հետևանքով վտանգվել է հասարակական անվտանգությունը:

Այնուհետև, անտեսելով ոստիկանության օրինական պահանջը և շարունակելով անօրինական հավաքն ու զանգվածային անկարգությունները, 16.04.2018թ.-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ա. Գ.-ն հավաքի մասնակիցներին Բաղրամյան պողոտայով ուղղորդել է դեպի ՀՀ Ազգային ժողովի շենք` փորձելով ապօրինի ներխուժել այնտեղ:

Զանգվածային անկարգությունների մասնակիցները հարձակվել և փորձել են ճեղքել տվյալ վայրում հասարակական կարգի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողների շղթան: Այդ ընթացքում անօրինական հավաքի մասնակիցները բռնություն են գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ նրանց պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ:

Ա. Գ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 2251-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքների կատարման կասկածանքով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ շարունակվում են իրականացվել անհրաժեշտ քննչական և քրեադատավարական այլ գործողություններ, ինչպես նաև ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` վերը նշված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրած և հակաօրինական այլ գործողություններ կատարած մյուս անձանց հայտնաբերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է ՀՔԾ հաղորդագրության մեջ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter