HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկխոսության հրավեր՝ դատավորներին

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Բանտախցից որքան հնարավոր է հեռուստացույցով իմանում եմ՝ ինչ է կատարվում  Երևանի փողոցներում: Հասկանում եմ մի բան, որ այս շարժման պատճառը, անշուշտ, կուտակված և ահռելի չափերի հասած անարդարությունն է:

Այն պարզ միտքը, որը արտացոլված է երկրի գլխավոր օրենքում` Սահմանադրության մեջ՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ներկայումս առավել քան երբևէ ակնհայտ է դառնում:

Մի քանի օր է՝ այստեղից կալանավորներին չեն տանում դատարաններ, չեմ լսում բանտ եկող-գնացող ոստիկանների մեքենաների ազդանշանները: Մինչ դատական համակարգի այս «սառեցման» պրոցեսը ուշադիր հետևում էի ներկայիս դատաիրավական համակարգի պատմությունը կերտող աղմկահարույց դատական գործընթացներին:

Բանտում 22-րդ տարին անարդար փակված` ես էլ շարունակում եմ իմ պայքարը հանուն արդարության: Դիմում եմ դատարաններ, որ մահապատժի անօրեն դատավճիռը վերանայվի, սակայն իմ ձայնը չի լսվում: Բազմաթիվ մերժումներ ունեմ: Բայց գիտակցությունը, որ իմ պայքարով այս կերպ մեկ կաթիլ էլ ես եմ ավելացնում արդարության պայքարի օվկիանոսի մեջ, ոգևորում է ինձ:

Այժմ ամփոփում եմ դատական սխալների վերաբերյալ դիպլոմային աշխատանքս: Օրեր առաջ այն փոխանցեցի գիտական ղեկավարիս, ով անցած տարի ղեկավարելով նաև ցմահ ազատազրկման վերաբերյալ կուրսային աշխատանքս`շատ արժեքավոր նկատառումներ, խորհուրդներ տվեց: Սպասում են նրա կարծիքին, որպեսզի ամփոփեմ աշխատանքս: Առաջիկայում ձեզ կներկայացնեմ որոշ հատվածներ, որոնք արդիական են մեր օրերի համար, բայց չծանրաբեռնելով գիտական վերլուծություններով:

«Արդարացումները արդարադատության հայելին են». Սերժ Ավետիսյան

Վերջերս կարդացի նաև Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժ Ավետիսյանի հարցազրույցը: Ի դեպ, պարոն Ավետիսյանը ապագա իրավաբաններին դասախոսում է նաև, նա իրավագիտության պրոֆեսոր է:

«Արդարացման դատավճիռները մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության, նրա արդար դատաքննության իրավունքի ապահովման, դատարանների անկախության դրսևորման գործուն միջոց են: Դրանք վկայում են դատավորների անկախության, անաչառության, սկզբունքայնության և պրոֆեսիոնալիզմի մասին: Արդարացումները արդարադատության հայելին են»,- հարցազրույցում ասել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժ Ավետիսյանը:

Բայց Հայաստանում մինչ օրս մահապատժի գործերով չկա որևէ արդարացման դատավճիռ: Ի տարբերություն ԱՄՆ-ի և եվրոպական երկրների, անգամ՝ Ճապոնիայի, Հայաստանում, մանավանդ տնտեսական և քաղաքական քաոսի տարիներին, ազգային անկախ դատաիրավական համակարգի ձևավորման ժամանակաշրջանում, ստացվում է, որ դատարանները երբեք չեն սխալվել մարդուն գնդակահարության միջոցով մահվան դատապարտելիս:

Իրապես, սա մեր արդարադատության հայելին է, «արդարադատության», որը ոչ մի կերպ չի ցանկանում ընդունել և ազատվել անցյալի դատական սխալների ծանր բեռից: Միգուցե պատճառն այն է, որ այսօրվա դատավորները մեղմ ասած`ավելի արդարամիտ չեն, քան 20-30 տարվա առաջվա խորհրդային ոգով ու շնչով կերտված դատավորները:

Դեռ հին Հռոմից (մ.թ.ա. VI-րդ դար) մինչև մեր օրերը եկած մի հասկացություն կա, որը կոչված է ապահովելու ժողովրդի վստահությունը դատական համակարգի հանդեպ: Այն ձևավորված է res judicata սկզբունքի տեսքով, որի էությունը հետևյալն է. օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը ճանաչվում են անհերքելի, վերջնական, ստաբիլ: Ստրկատիրական Հռոմում այս կերպ են մտածել`չի կարելի դատարանի որոշումները կասկածի տակ դնել, պետք է սահմանափակել բողոքարկման հնարավորությունը, հակառակ դեպքում, եթե անընդհատ վեր հանվեն դատական սխալները, ապա ժողովրդի վստահությունը իշխանության հանդեպ կթուլանա: Սրա հետ մեկտեղ չմոռանանք լատինական ասացվածքը՝ «errare humanum est», այն է` մարդուն բնորոշ է սխալվելը: Արդարադատություն իրականացնում են դատավորները, հետևաբար չեն կարող լինել բացարձակ երաշխիքներ, որ կայացվող դատավճիռները միշտ օրինական են, հիմնավորված և արդար: Նշված սկզբունքի և դատական սխալների ուղղման անհրաժեշտության հետ կապված աշխարհում շարունակվում են թեժ բանավեճերը:

Օրինակ՝ ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում ցույց է տվել, որ անցյալի դատական սխալների բացահայտումն ու ուղղումը միայն ամրապնդել է քաղաքացիների վստահությունը դատական համակարգի և առհասարակ` երկրի իշխանությունների հանդեպ:

Թե՛ գիտնականները, թե՛ պրակտիկ իրավաբանները, թե՛ ժողովրդավար իշխանությունները եկել են այն համոզման, որ դատական համակարգի հանդեպ վստահությունը չի կարող հիմնվել res judicata սկզբունքի վրա, երբ ժողովուրդը արդարադատությանը կասկածանքով է վերաբերվում: Դատական համակարգի վարկանիշը և առհասարակ պետական իշխանությունը տուժում է ոչնչով չարդարացված դատարանի «աստվածային»  անսխալականության պատրանքի պատճառով: Փոխարենը անցյալի դատական սխալների ընդունումը և ուղղումը միայն կամրապնդի հավատը արդարադատության հանդեպ:

Դատական սխալները լատենտ՝ թաքնված հանցավորության նման մի բան են

Արդարադատության պատմությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ դատական սխալները անմեղ մարդկանց կյանքեր են խլել: Պատմությունը պահպանել է հազարավոր անուններ: Օրինակ՝ Չիկատիլոյի հանցանքների մեջ մեղադրել ու գնդակահարել են երկու անմեղ քաղաքացու: Մահվան դատապարտված Նիկոլա Սակկոն ու Բարտոլոմեո Վանցետին հետագայում արդարացվեցել են: 130 հանրապետականներ են աքսորվել, իսկ հետո գնդակահարվել` Նապոլեոնի դեմ մահափորձ իրականացնելու կեղծ մեղադրանքով: Վիլլի Ջասպեր Դարդենի մահապատժի դատավճռի դեմ միջազգային բողոքի ակցիաներ են եղել, այդ թվում՝ Հռոմի Պապի և Անդրեյ Սախարովի կողմից: 2011թ. ԱՄՆ-ում մահապատժի է ենթարկվել Տռոյ Դեվիսը, ով մեղադրվել էր ոստիկանի սպանության մեջ, սակայն հետագայում պարզվեց, որ վկաները կեղծ ցուցմունքներ էին տվել`քննիչի ճնշման տակ: Այս անունները կարելի է երկար շարունակել:

Դատական սխալները լատենտ (թաքնված) հանցավորության նման մի բան են. հազվադեպ են բացահայտվում և գրեթե անհնար է պարզել, թե որքան անմեղ մարդիկ են հայտնվում բանտերում և պատիժ կրում չարած հանցանքների համար: ԴՆԹ փորձաքննությունը կիրառելուց ի վեր ԱՄՆ-ում հարյուրավոր ցմահ ու մահապատժի դատապարտվածներ են ազատ արձակվել բանտախցերից:

Ակնհայտ է, որ ոչ մի երկիր, որքան էլ կատարելագործված դատաիրավական համակարգ ունենա, մեկ է`ապահովագրված չէ դատական սխալներից, որոնք անուղղելի են մահապատժի առկայության դեպքում: Ողջ քաղաքակիրթ աշխարհն ընդունում է դատական սխալները և ուղղում դրանք: Սակայն միայն մահապատժից հրաժարվելը դատական համակարգը չի դարձնում առավել կատարյալ, ավելի արդար: Պահպանելով մարդու կայնքը, պետությունը պետք է ունենա գործող մեխանիզմներ բացահայտելու համար դատական սխալները, որպեսզի վաղ, թե ուշ արդարությունը վերականգնվի:

Այն ճչացող փաստը, որ անկախ Հայաստանի իշխանությունները (դատական համակարգը) 27 տարիների ընթացքում համառորեն չեն ցանկանում ընդունել գոնե մեկ դատական սխալի հավանականությունը, թույլ տված մի երկրում, որը շարունակում էր իր քաղաքացիներին մահվան դատապարտել` ղեկավարվելով Սովետական Միության անցած դարի 60-ականներին ընդունված քրեական և քրեական դատավարության օրենսգրքերով, խոսում է այն մասին, որ կամ հայաստանյան դատարանները մահվան դատապարտելիս երբեք չեն սխալվել, ինչն իրատեսական չէ, կամ էլ`այսպիսին է մեր պետության քաղաքականությունը, ինչը բնորոշ է ոչ ժողովրդավարական`բռնապետական իշխանություններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter