HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ»-ի հայտարարությունը Արմեն Գրիգորյանին և Լևոն Բարսեղյանին ազատությունից զրկելու վերաբերյալ

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ»-ը հայտարարություն է տարածել Արմեն Գրիգորյանի և Լևոն Բարսեղյանի ձերբակալությունների վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորև․

Խստորեն դատապարտում ենք Արմեն Գրիգորյանի և Լևոն Բարսեղյանի ձերբակալությունները

Ապրիլի 21, 2018

Այսօր ժամը 14:15-ի դրությամբ ԹԻՀԿ ծրագրերի համակարգող, քաղաքագետ, «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը բերման է ենթարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն և ձերբակալվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի (Զանգվածային անկարգությունները) 1-ին և 2-րդ մասերով և 225․1-րդ հոդվածի (Oրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը)1-ին մասով նախատեսված արարքներ կատարելու կասկածանքով։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ԹԻՀԿ գործընկեր, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ևս այսօր ժամը 17:20-ի սահմաններում բերման է ենթարկվել Գյումրիի կայարանից և տեղափոխվում է Հատուկ Քննչական ծառայություն: Այս լուրը հաստատել է նաև ՀՀ ոստիկանությունը, սակայն ժամը 21:30-ի դրությամբ որևէ տեղեկություն չկա նրա գտնվելու վայրի մասին:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակուռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության (ԹԻՀԿ) կառավարման խորհուրդը խստորեն դատապարտում է Արմեն Գրիգորյանին և Լևոն Բարսեղյանին ազատությունից զրկելու գործողությունների ոչ իրավաչափությունը և մտահոգություն հայտնում, որ այս եղանակով իշխանությունները փորձում են թուլացնել վերջին օրերին ծավալվող աննախադեպ բողոքի ցույցերը։ ՀՀ ոստիկանության բիրտ արձագանքն անընդունելի է և խիստ դատապարտելի։

ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածով երաշխավորված խաղաղ հավաքներին մասնակցությունն ու կազմակերպումը հանդիսանում է յուրաքանչյուր անձի հիմնարար իրավունքը, որն այս օրերին անհիմն ոտնահարվում է ոստիկանության, իսկ երբեմն՝ առանց համարանիշների ավտոմեքենաներով քաղաքացիական հագուստով անհայտ անձանց կողմից՝ ուղեկցվելով վայրենի ծեծերով և ոստիկանական բաժանմունքներ զանգվածաբար բերման ենթարկելով։ Բռնություններով լի այս գործողությունները կիրառվում են նաև անչափահաս անձանց նկատմամբ։ Վերը նշված անօրինականություններին անմիջական մասնակցություն են ունենում քրեաօլիգարխիկ համակարգի վառ ներկայացուցիչները, այդ թվում՝ ներկայիս և նախկին ԱԺ պատգամավորներ, որոնց վերաբերյալ տեսանյութերով ողողված է ողջ մամուլը։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ ՀՀ իշխանություններից պահանջում ենք.

  • անհապաղ ազատ արձակել Արմեն Գրիգորյանին, Լևոն Բարսեղյանին և մյուս ձերբակալվածներին,

  • դադարեցնել անհարկի բերման ենթարկումները և բռնությունները խաղաղ ցույցի մասնակիցների նկատմամբ։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակուռուպցիոն կենտրոնի կառավարման խորհուրդ

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter