HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյանը՝ Արմեն Սարգսյանի հետ զրույցի և բանակցությունների մասին

«Սերժ Սարգսյանը պիտի հեռանա, ուրիշ տարբերակ չկա» : Այս մասին Հանրապետության հրապարակում հանրահավաքին հայտարարեց «Իմ քայլը» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Այսօր Հանրապետության հրապարակ էր եկել նախագահ Արմեն Սարգսյանը, որի հետ առանձնազրույց ունեցավ Նիկոլ Փաշինյանը:

Նա հանրահավաքի մասնակիցներին պատմեց զրույցի մանրամասները: «Ինքն ասաց, որ մտահոգված է իրավիճակով, ես ասացի ժողովուրդը ևս մտահոգված է, և գտել է իր մտահոգությունները փարատելու եղանակը՝ Սերժ Սարգսյանը պիտի հեռանա իշխանությունից: Ինքը հարցրեց՝ բանակցելու կարիք չկա՞, ես ասացի, որ հանրահավաքում արտահայտել եմ դիրքորոշումս, այն է՝ իշխանությունից Սերժ Սարգսյանի հեռացման պայմանները, դրա շուրջ պատրաստ ենք բանակցել»,-ասաց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ նման բանակցությունը չի կարող տեղի ունենալ կառավարական որևէ շենքում, այն հնարավոր է որևէ երրորդ չեզոք տեղում, օրինակ «Մարիոթ» հյուրանոցում: «Բանակցությունների միակ առարկան իշխանությունը փոխանցելու հարցն է, Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա, ԱԺ-ն վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին, ձևավորվում է ժամանակավոր կառավարություն, ստեղծվում են օրենսդրական երաշխիքներ, որ կարող են արտահերթ ազատ, թափանցիկ խորհրդարանական ընտրություններ լինել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Դիմելով հավաքվածներին՝ Փաշինյանը կոչ արեց իրեն լիազորել, որպեսզի ինքը հանրության անունից բանակցի: Ինչից հետո մարդիկ սկսեցին վանկարկել՝ Նիկոլ, Նիկոլ: Փաշինյանն անդրադարձավ իրեն ուղղված ձերբակալության սպառնալիքներին, որ այսօր առավոտյան հնչել են և ասաց. «Եթե ինձ ձերբակալեք, միևնույն է՝ ԱԺ հատուկ նիստ պետք է լինի, ու ես պետք է լինեմ անտեղ և երբ ելույթ ունենամ, դա է լինելու ձեր վերջին օրը»: Փաշինյանն ասաց, որ երբ այդ սպառնալիքները հնչեցին, մարդիկ ավելի շատ փողոցներ փակեցին, ուստի իրեն ձերբակալելը հակառակ ազդեցությունը կարող է ունենալ իշխանությունների համար: 

Ն.Փաշինյանը հայտարարեց, որ անհնազանդության ակցիաներն ու երթերը վաղը մեկնարկելու են Էրեբունի թաղամասից, առավոտյան 11:00-ից:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց հետո «Իմ քայլը» շարժման նախաձեռնող, ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց թավշյա հեղափոխության մասին, որը պետք է իրականացվի ցանցային եղանակով` ցուցարարներն ամեն օր Երեւանում եւ հանրապետության մարզերի քաղաքային ու գյուղական բնակավայրերում ժամանակավորապես խափանում են երթևեկությունը, փողոցներում, փակում միջպետական ճանապարհները, իսկ երեկոյան հանրահավաք անում Հանրապետության հրապարակում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter