Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Արմեն Գրիգորյանը բերման է ենթարկվել սրճարանից՝ օտարերկրյա լրատվամիջոցներից մեկին հարցազրույց տալիս



«Հետք»-ը զրուցել է Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող զանգվածային անկարգությունների վերաբերյալ գործով այսօր ձերբակալված քաղաքագետ Արմեն Գրիգորյանի փաստաբան Հերիքնազ Տիգրանյանի հետ։

-Տիկի՛ն Տիգրանյան, ի՞նչ հանգամանքներում են Արմեն Գրիգորյանին բերման ենթարկել։

-Արմենին բերման են ենթարկել սրճարանից, այն ժամանակ, երբ վերջինս օտարերկրյա լրատվամիջոցմներից մեկի լրագրողին հարցազրույց տալիս է եղել։ Բերման ենթարկելու վերաբերյալ արձանագրություն չի եղել, ինչը դատավարական խախտում է։ Նրան միանգամից տարել են Հատուկ քննչական ծառայություն։

-Գրիգորյանին բերման են ենթարկել դիմակավորված անձինք։ Նրա նկատմամբ վերաբերմունքը բերման ենթարկելիս ինչպե՞ս է եղել։

-Ըստ Արմենի հայտարարության՝ իր նկատմամբ ֆիզիկական բռնություն չի եղել, ՀՔԾ-ում հարգալից վերաբերմունք են ցուցաբերել։

-Գրիգորյանը կասկածյալի կարգավիճակում ցուցմունք տվե՞լ է։

-Ո՛չ, նա օգտվեց իր լռելու իրավունքից․ որևէ ցուցմունք չի տվել։ Այսօր կազմվեց ձերբակալման արձանագրություն, սակայն ձերբակալման որոշում չի եղել, այսինքն՝  անմիջական կասկածը ծագել է հենց ՀՔԾ-ում։ Հատուկ քննչական ծառայությունում տարբեր քրեական գործեր են հարուցվել այս օրերին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, և այդ  բոլոր դեպքերը ընդգրկված են Արմեն Գրիգորյանին առաջադրված կասկածանքի մեջ, քանի որ տեղի ունեցած գործողությունները որակվել են զանգվածային անկարգություններ, այլ ոչ թե բողոքի ակցիա կամ հանրահավաք։ Ամեն տեղ ֆիքսվում է հետևյալը՝ բռնության կոչեր են արվել ոստիկանների նկատմամբ, կոչեր են արել չենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, հաղթահարել ոստիկանների օրինական դիմադրությունը։ Այսինքն՝ շեշտվում է, որ կազմակերպիչների գործողություննները ուղղված են եղել ոստիկանների աշխատանքը խոչընդոտելուն, որի հետևանքով գույք է վնասվել, իբրև թե համալսարանում անվտանգության աշխատակիցմներն են վնասվել, ովքեր հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին։

-Հավաքների ընթացքում հարթակներից շարունակ հայտարարվել է այն մասին, որ ոստիկանների նկատմամբ հարգալից վերաբերմունք դրսևորվի։

-Այո՛, իրականությունն ամբողությամբ խեղաթյուրվել է։ Փաստերը ներկայացվում են բոլորովին այլ տեսանկյունից։ Այն, ինչին մենք ականատես ենք եղել, այլ ռակուրսով են ներկայացվում։


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ