HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի աշխատակիցները ծեծելով բերման են ենթարկել Դավիթ Սանասարյանին. ահազանգում է փաստաբանը

Ակտիվիստ Դավիթ Սանասարյանին ծեծելով բերման են ենթարկել: Այս մասին «Հետք»-ին ասաց Սանասարյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:

«Դեմքի շրջանում են ուժեղ հարվածել, և դա այն պայմաններում, երբ ձեռքերը ետևում ոլորված ու պահված են եղել»,- նշեց Պետրոսյանը: Փաստաբանն ասաց, որ Սանասարյանը տաքսիով տուն գնալիս է եղել, երբ ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի աշխատակիցները նրան մեքենայից հանել ու բերման են ենթարկել:

Փաստաբանը նշեց, որ այս պահին դեռևս Սանասարյանի վերաբերյալ ձերբակալման արձանագրություն կազմված չէ, սակայն նրան պատրաստվում են ձերբակալել:

«Ակնհայտ ապօրինություն է տեղի ունենում»,- նշեց փաստաբանն ու ասաց, որ այս պահին Սանասարյանին  զննության ու անձնական խուզարկության են ենթարկում:

Փաստաբանը տեղեկացրեց նաև, որ ոստիկանության հատուկ նշանակության աշխատակիցները այս պահին դեռևս գտնվում են Հատուկ քննչական ծառայությունում:

Նշենք, որ ՀՔԾ-ում վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաների առթիվ մի քանի քրեական գործ է հարուցվել և տեղի ունեցող գործողությունները որակվել են զանգվածային անկարգություն։

Ապրիլի 13-ից Երևանում բողոքի ակցիաներ են սկսվել ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։ Ապրիլի 17-ին  Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց հետո «Իմ քայլը» շարժման նախաձեռնող, ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց թավշյա հեղափոխության մասին, որը պետք է իրականացվի ցանցային եղանակով` ցուցարարները ամեն օր ժամանակավորապես «գրավելու» են կառավարական շենքեր` այդտեղ աշխատողներին կոչ անելով միանալ շարժմանը, ժամանակավորապես խափանելու են մայրաքաղաքի կենտրոնական փողոցների երթևեկությունը, իսկ երեկոյան հանրահավաք են անելու Հանրապետության հրապարակում։

Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող գործի շրջանակներում արդեն մի քանի ձերբակալված ու կալանավորված անձինք կան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter