HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դավիթ Սանասարյանն իրեն ձերբակալած քննիչին բացարկ է հայտնել՝ նշելով, որ վերջինիս աշխատասենյակում Սերժ Սարգսյանի նկարն է փակցված

Քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանին այսօր կեսգիշերին ձերբակալելու որոշում է կայացվել: «Հետք»-ը զրուցվել է Սանասարյանի պաշտպաններից Կարեն Մեժլումյանի հետ:

-Պարո՛ն Մեժլումյան, ի՞նչ արարք կատարելու կասկածանքով է Դավիթ Սանասարյանը ձերբակալվել:

Դավիթը կասկածվում է Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասով և 225.1 հոդվածով նախատեսված արարքների կատարման մեջ: Այսինքն` Զանգվածային անկարգություններ կազմակերպելը, զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը և օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը և անցկացնելը, հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության ներկայացուցչի օրինական որոշմանը չենթարկվելուն ուղղված կոչերը:

-Ի՞նչ հիմնավորումներ է ներկայացնում նախաքննություն իրականացնող մարմինը:

Ձերբակալել են գիշերը` ժամը 02:05-ին, թեև բերման էին ենթարկել ժամը 11:40-ի սահմաններում: Ձերբակալեցին հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա այն դեպքում, երբ ձերբակալման արձանագրության մեջ նշված է, որ ապրիլի 13-ից 16-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների համար է ձերբակալվում: Փաստերը խեղաթյուրված են: Ապրիլի 22-ին չէր կարող հանցանք կատարելու մեջ անմիջական կասկած լիներ: Ապօրինի ձերբակալություն է` քաղաքական դրդապատճառներից ելնելով:

-Ձերբակալման վերաբերյալ ի՞նչ առարկություններ են ներկայացվել:

Դավիթ Սանասարյանը ձերբակալման արձանագրության վերջում հայտարարություն է արել, որ ձերբակալումը, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է, որ այն ուղղված է իր քաղաքական գործունեության դեմ և որ ինքը  ձերբակալվել է Սերժ Սարգսյանի անմիջական ցուցումով: Հայտարարել է նաև, որ իրեն ձերբակալում են, որպեսզի չկարողանա ժողովրդի հետ մասնակցել սահմանդրությամբ իրենց տրված քաղաքացիական անհնազանդության ակցիաներին: Սանասարյանը նաև քննիչին բացարկ է հայտնել, քանի որ նրա աշխատասենյակի պատին Սերժ Սարգսյանի նկարն էր փակցված: Դավիթ Սանասարյանը նշեց, որ որևէ օրենքով պարտականություն չկա, որ Սերժ Սարգսյանի նկարը պետք է քննիչի աշխատասենյակում փակցված լինի, որ պետական բյուջեն նույնպես նման միջոցներ չի նախատեսում, հետևաբար քննիչը, հնարավոր այլ նկարներից ընտրելով հենց Սերժ Սարգսյանի նկարն ու այն իր պատին փակցնելով, ցույց է տալիս, որ նրա հետ այնպիսի հարաբերությունների մեջ է, որ չի կարող օբյեկտիվ լինել: Ես էլ այս պահին ձերբակալման արձանագրության դեմ բողոքն եմ նախապատրաստում, որպեսզի բողոքարկենք ձերբակալման որոշումը:

-Ձեր վերը նշված խոսքից կարելի՞ է ենթադրել, որ Հայաստանում վերջին օրերին տեղի ուենցած իրադարձությունները դուք որակում եք ոչ թե զանգվածային անկարգություն, այլ քաղաքացիական անհնազանդություն:

Միանշանակ այս ամենը քաղաքացիական անհնազադության դրսևորում է: Զանգվածային անկարգության նշույլ անգամ չկա: Անգամ ձերբակալման արձանագրության մեջ, որտեղ բազմաթիվ փաստեր խեղաթյուրված են, հնարավոր չէ տեսնել զանգավածային անկարգության դրսևորումներ:

-Դավիթ Սանասարյանի մյուս փաստաբանը` Ինեսսա Պետրոսյանը, մեզ հետ զրույցում հայտնել է, որ Սանասարյանին բերման ենթարկելիս ծեծի են ենթարկել: Այս մասով ի՞նչ է արվում կամ արվել:

Դա արձանագրվել է, ասացին, որ այսօր նրա մոտ դատաբժիշկ կուղարկեն: Տեղի ունեցածի մասին տեղյակ է պահվել նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին: Երբ Դավիթ Սանասարյանին տեղափոխում էին ՁՊՎ, ասացին, որ գրասենյակից այցելելու են նրան:

-Արդեն մի քանի ահազանգեր կան, որ այս օրերին ձերբակալված կամ կալանավորված անձանց բերման ենթարկելու արձանագրություններ չեն կազմվել: Դավիթ Սանասարյանի դեպքում իրավիճակն ինչպիսի՞ն է:

Առհասարակ խախտումները բազմաթիվ են եղել: Դավիթ Սանասարյանին բերման են ենթարկել Ոսիկանության հատուկ նշանակության գումարտակի աշխատակիցները, որոնք սև զգեստ են կրում և դիմակավորված են, մինչդեռ բերման ենթարկելու արձանագրությունը կազմել են այլ անձինք: Բերման ենթարկելու արձանագրությունը պետք է կազմեն այն անձինք, որոնք բերման են ենթարկել, այլ ոչ թե ոստիկանության այլ աշխատակիցներ: Այսինքն` ունենք իրավիճակ, որ արձանագրությունը կազմել է անձ, որը բերման չի ենթարկել: Մենք պահանջեցինք, որպեսզի այն անձինք, որոնք իրականում բերման են ենթարկել Դավիթին, տան իրենց անունները, սակայն վերջիններս հրաժարվեցին անուններ տալ:  Այդ դիմակավորված անձինք գտվում էին Հատուկ քննչական ծառայությունում, և նրանց մեջ էր նաև այն անձը, ով բերման ենթարկելիս Դավիթ Սանասարյանի նկատմամբ բռնություն է կիրառել:

-Դավիթը ցուցմունք տվե՞լ է:

-Ո՛չ, ցուցմունք չի տվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter