HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հմայակն անվասայլակով է միացել քայլերթին

Նորայր Շողիկյան

Անվասայլակով տեղաշարժվող Հմայակ Մարգարյանն ամեն կերպ փորձում է հետ չմնալ արագ ընթացող բողոքի ցույցից, իսկ դժվար անցանելի տեղերում նրան օգնում են քայլերթի մասնակից քաղաքացիները։

Ապրիլի 13-ից սկսված հանրահավաքներին ու երթերին Հմայակը սկզբում հետևել է լրատվամիջոցներով, հետո որոշել միանալ փողոցում իրենց բողոքն արտահայտող քաղաքացիներին։

«Երկրորդ օրն է, որ մասնակցում եմ ցույցերին ու կմասնակցեմ մինչև վերջին վայրկյանը, քանի դեռ ամբողջ ազգը մեկ մարդու նման կանգնած է»,- ասում է Հմայակը։

Արդեն 10-րդ օրը շարունակվող քայլերթերին հենաշարժողական խնդիրներ ունեցող մի շարք քաղաքացիներ են մասնակցում։ Հմայակի խոսքով, սահմանափակ հնարավորություններ ունենալ ու անվասայլակով տեղաշարժվելն ակցիաներին մասնակցելուն չեն խանգարում։

«Իմ կարգավիճակն ինձ ոչնչով չի կաշկանդում։ Անկախ նրանից՝ քայլեմ, թե չքայլեմ, պետք է շարունակեմ պայքարել, որպեսզի վերջ տանք երկրում տիրող ամենաթողությանը»,- նշում է Հմայակ Մարգարյանը։

Հաշմանդամություն ունեցող Հմայակը մարզիկ է։ Նա չի ցանկանում նշել, թե ինչով է զբաղվում, սակայն ասում է, որ այդ հանգամանքը վախով պայմանավորված չէ։ 

«Արդեն ամեն ինչ կորած է, էլ ինչի՞ց վախենամ։ Ոչնչից ու ոչ մեկից չեմ վախենում»,- նշում է նա։

Անվասայլակով տեղաշարժվող Հմայակը չգիտի, թե ինչպես կվերջանա իրենց պայքարը, բայց ցանկանում է, որ այն հաղթական ավարտ ունենա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter