HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Yell Extreme Park-ի ավտոմեքենան արգելափակել են․ իրավիճակը Դիլիջանում (տեսանյութ)

Տավուշի մարզից մարդկանց տարբեր խմբեր մեքենաներով եւ ոտքով շարժվում են դեպի Երեւան, իսկ Դիլիջանի ավագ դպրոցի սաները եւ նրանց ծնողները երթ են կազմակերպել քաղաքում։ 

Նրանց ուղեկցում էր ոստիկանների փոքր խումբ։ Երթի ընթացքում միջադեպեր չեն գրանցվել։ Միեւնույն ժամանակ, Դիլիջանի կենտրոնում ոստիկանությունը կանգնեցրել է Ենոքավանում գործող հայտնի զիփ-լայնի՝ Yell Extreme Park-ի բեռնատար ավտոմեքենան, որի թափքը հարմարեցված է ուղեւորներ տեղափոխելու համար։ 

Ճանապարհային ոստիկանությունը պարզել էր, որ բեռնատարի վերասարքավորումը նստարաններով՝ գրանցված չէ, ինչը 20 հազար դրամի տուգանք է ենթադրում։ Սակայն վարչական ակտը կազմելուց հետո էլ, Yell Exptreme Park-ի ավտոմեքենայի շարժը դեպի Երեւան՝ արգելվել է։ Ընկերության ներկայացուցիչը ՀԵՏՔ-ին պատմեց, որ այս արգելքը քաղաքական նպատակ ունի։

Ոստիկանությունը հրահանգեց, որպեսզի ուղեւորները իջնեն թափքից։ Ավելի ուշ ՀԵՏՔ-ը տեղեկացավ, որ Yell Exptreme Park-ի աշխատակիցները Տավուշի մարզից այդուամենայնիվ դուրս են եկել, բայց՝ Ճամբարակի տարածքով, եւ ոչ թե՝ Դիլիջանի։ Սակայն ՃՈ Սեւանի ուղեկալում նրանց կանգնեցրել են, մեքենան արգելափակված է, վարորդն ու ուղեւորները սպասում են, թե ինչ է լինելու, ինչ որոշում է կայացվելու։ 

Ի դեպ, Տավուշի մարզի տարածքում, մասնավորապես՝ Իջեւանից մինչեւ Դիլիջան ընկած հատվածում, ոստիկանության երկու-երեք ուղեկալ է դրված։ Նրանցից մեկում՝ Դիլիջանից մինչեւ ոլորաններ ընկած հատվածում, ոստիկանության մայորը փորձեց արգելել ինձ՝ լուսանկարել։ Նա պնդեց, որ լուսանկարելով՝ խախտվում է նրանց ծառայության բնականոն ընթացքը։ Լրացուցիչ որեւէ հարցի չպատասխանեց, ուղղորդելով զանգահարել ոստիկանության լրատվական ծառայություն։

Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ցույցերի 10-րդ օրն է: Առավոտյան կարճատև հանդիպում տեղի ունեցավ Սարգսյանի և ցույցերը ղեկավարող պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև, սակայն բանակցությունները ձախողվեցին: Սերժ Սարգսյանը Փաշինյանին հորդորեց չխոսել ժողովրդի անունից եւ վերադառնալ օրինականության դաշտ՝ հիշեցնելով 2008թ-ի մարտի 1-ը: Փաշինյանը կրկնեց, որ եկել է՝ քննարկելու Սերժ Սարգսյանի հրաժարականի և իշխանության խաղաղ, անցնցում փոխանցման պայմանները: Հանդիպումից մոտ մեկ ժամ անց Նիկոլ Փաշինյանը ձերբակալվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter