HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու կարգը

Գլխավոր դատախազությունը ժամեր առաջ հայտնել էր ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի ձերբակալման մասին: 

«Հետք»-ը ներկայացնում է պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու կարգը:

ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված է, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: 

Սակայն նույն հոդվածի նույն մասով սահմանված է նաև, որ պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել 72 ժամից ավելի: 

Գլխավոր դատախազությունը իր հաղորդագրության մեջ նշում է՝ «հիշյալ պատգամավորները բռնվել են հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման պահին, որոնք դրսևորվել են այն բանում, որ նրանք «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգի խախտմամբ ապրիլի 13-ից կազմակերպել և անցկացրել են հավաքներ՝ անտեսելով լիազոր մարմնի՝ Երևանի քաղաքապետարանի կողմից սահմանված սահմանափակումները»: 

ՀՀ Սահմանադրության՝ 96-րդ հոդվածի 2-րդ մասում շարադրված է նաև, որ պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը:

Ազգային ժողովի կանոնակարգի 108-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գլխավոր դատախազը պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր է ներկայացնում ԱԺ նախագահին: Այդ մասին ԱԺ նախագահը անմիջապես տեղեկացնում է միջնորդագրում նշված պատգամավորին, իսկ դրա անհնարինության դեպքում հանդես է գալիս հայտարարությամբ: Միջնորդագրին կցվում է պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:

Ըստ ԱԺ կանոնակարգի նույն հոդվածի 2-րդ կետի՝ միջնորդագիրը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում: Այստեղ հարկ ենք համարում ևս մեկ անգամ շեշտել, որ օրենքը սահմանում է՝ «առաջիկա հերթական նիստերում»: Այսինքն՝ ստացվում է, որ ըստ ԱԺ կանոնակարգի՝ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագիրը չի կարող քննարկվել ԱԺ արտահերթ նիստում: Սակայն քանի որ Սահմանադրությունը գերակա է բոլոր օրենքների նկատմամբ, ապա 72 ժամվա ընթացքում պետք է ԱԺ հատուկ նիստ գումարվի և քննարկվի գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագիրը:

Քննարկման ժամանակ մինչեւ քսանական րոպե տեւողությամբ ելույթներով հանդես են գալիս գլխավոր դատախազը եւ միջնորդագրում նշված պատգամավորը, որոնց կարող են հարցեր տրվել: Այնուհետև հաջորդում է մտքերի փոխանակություն և միջնորդագրում նշված պատգամավորին եւ գլխավոր դատախազին եզրափակիչ ելույթի համար հատկացվում է մինչեւ 20 րոպե: 

Եթե միջնորդագրում նշված պատգամավորը հարցի քննարկման սկզբում Ազգային ժողովի նիստից անհարգելի պատճառով բացակայում է, ապա հարցը քննարկվում է առանց նրա մասնակցության:

Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ:

Ազգային ժողովի նախագահը պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում եւ հրապարակում է անհապաղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter