HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայր աթոռի ուղերձը՝ «ծայրահեղ հուզականության ու չարդարացված առավելապաշտական նկրտումների» մասին

Մայր աթոռը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք նույնությամբ.

«Մեր երկրում տեղ գտած վերջին զարգացումները ներազգային կյանքում ստեղծել են վտանգավոր ու տագնապալի իրավիճակ:

Ներկա կացության մեջ հարկ է առաջնորդվել սթափ դատողությամբ՝ զերծ ծայրահեղ հուզականությունից ու չարդարացված առավելապաշտական նկրտումներից:

Կոչ ենք ուղղում իրավապահներին ու ցուցարարներին գործել բացառապես օրինականության սահմաններում, երկուստեք դրսևորել խիստ զսպվածություն, բացառել հնարավոր սադրանքները և զերծ մնալ բախումների ու ընդհարումների հանգեցնող գործողություններից: Անթույլատրելի և աններելի են քայլերն ու գործողությունները, որոնք խաթարում են ազգային միաբանությունը, սերմանում երկպառակություն, ատելություն ու թշնամանք:

Այսօր երկխոսության հույսեր արթնացնող աննախադեպ նախաձեռնությունը, ցավոք, ընդհատվեց: Մենք հավատում ենք, որ խաղաղ ճանապարհով առկա վիճակը հաղթահարելու բոլոր հնարավորությունները դեռ չեն սպառվել: Ակնկալում ենք, որ Հայրենիքի ապագայով մտահոգ բոլոր քաղաքական ու քաղաքացիական ուժերն իրենց հետևողական ու ծանրակշիռ գործունեությամբ միջամտեն զարգացումներին և փորձեն բանակցությունների, փոխհասկացողության ճանապարհով աջակցելու խնդիրների բարվոք հանգուցալուծմանը:

Առ Աստված աղոթքով հայցում ենք, որ Հարուցյալ Տերը խաղաղ, անսասան և անվրդով պահի Հայրենի մեր երկիրը և զորացնի բարեպաշտ մեր ժողովրդի համերաշխության, հանդուրժողականության և ազգային միաբանության ոգին, Հայոց Ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակի օրը դարձնելու աղոթքի և հաշտության օր»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter