HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը․ պահանջում ենք իշխանություններից զերծ մնալ մարտիմեկյան գործելակերպից

Քիչ առաջ Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«2018 թ․-ի ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետով պաշտոնավարման դեմ զանգվածային պոռթկումը, որի առանցքը և շարժիչ ուժը երիտասարդությունն է, համակել է ամբողջ Հայաստանը։ Բողոքի այս ցույցերը կրում են բացառապես խաղաղ, ժողովրդավարական բնույթ։ Ինչպես 1988-ին և 2008-ին, այսօր ծավալվող գործընթացը նույնպես քաղաքական հասունության և քաղաքացիական գիտակցության բարձրացման դպրոց է հանդիսանում նոր սերնդի համար, որը նաև հայրենիքի վաղվա պաշտպանն է։ Սա ինքնին մեծագույն արժեք է Հայաստանի համար, և աններելի հանցանք կլինի բիրտ ուժով այս զարթոնքը ճնշելը։

Պոռթկումը ճնշելու նպատակով իշխանությունը գնաց անխոհեմ և չափազանց վտանգավոր քայլի։ Ձերբակալվեցին շարժման առաջնորդները և հարյուրավոր ակտիվիստներ, ձեռնարկվում են ոստիկանական պատժիչ գործողություններ, գործի են դրվում կրիմինալ բանդաները, որոնք հարձակումներ են կատարում խաղաղ ցուցարարների վրա։

Նման գործողությունները հիշեցնում են իշխանության գործելաոճը 2008թ․-ի մարտի 1-ից առաջ։ Երբ զանգվածային բողոքի ակցիաների մասնակիցներից հարկադրաբար մեկուսացվում են շարժման առաջնորդները, իշխանությունը կանխամտածված ստեղծում է գործընթացները անկառավարելիության հուն տեղափոխելու պայմաններ։ Իսկ երբ երկրի փաստացի ղեկավարը նաև հրապարակայնորեն սպառնում է ցուցարարներին մարտի 1-ի կրկնությամբ, այդ պահից սկսած նա ըստ էության ստանձնում է թե՛ 2008 թ․-ի մարտի 1-ի ոճրագործության, և թե՛ ապագա հնարավոր վտանգավոր զարգացումների պատասխանատվությունը։

Կոնգրեսը պահանջում է իշխանություններից զերծ մնալ մարտիմեկյան գործելակերպից, անմիջապես ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին, բողոքի ակցիաների մյուս կազմակերպիչներին և ակտիվիստներին, և իրավիճակը կարգավորել բացառապես քաղաքական, խաղաղ մեթոդներով։

Հայ Ազգային Կոնգրեսը իր անվերապահ աջակցությունն է հայտնում ժողովրդավարության հաստատման համար ոչ բռնի, սահմանադրական, խաղաղ ճանապարհով պայքարող ժողովրդին»։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter