HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանուշ Խառատյան․ «Բարձր արվեստը փոքր դահլիճներից դուրս եկավ և հրապարակ մտավ»

Բավական եղավ ազատության շունչը զգացվի՝ բարձր արվեստը փոքր դահլիճներից դուրս եկավ և հրապարակ մտավ: 

Ձերբակալել և անհայտ եք պահում Նիկոլ Փաշինյանին որ ի՞նչ անեք, այսօր հրապարակում հարյուր հազար Նիկոլ Փաշինյան կար:

Այսօրվա բոլոր դիմադրող գործողությունները և երեկոյան հանրահավաքը բարձրաձայն, մեծ ապտակ էին Սերժ Սարգսյանի կառավարությանը և Արա Բաբլոյանի Ազգային ժողովին: Երկու դեպքում էլ գրում եմ անձնավորած, որովհետև իրականում կառավարություն չկա, այն Սերժ Սարգսյան է, բայց մեծ հաշվով Սերժ Սարգսյան է նաև Ազգային Ժողովը: Վերջինիս  «բարձարախոս» ՀՀԿ-ականները, բարգավաճները և դաշնակները միանգամից լռել են, հավանաբար ՍՍ-ի հրահանգով: Ուրեմն առավել ևս այդ կառույցները չկան, կա մի համատարած Սերժ Սարգսյան: Ուրեմն ապտակը այդ համատարած Սերժ Սարգսյանին էր: Ապտակից զատ նաև լավ դաս էր: Դաս էր՝ ուսուցանելու համար, որ լռեցնելը հարցի լուծում չի, այլ խնդիր է, որ ասելիք չունեն: Նրանք սովոր են միայն սպառնալիքների լեզվին և որոշումների տակ ստորագրելուն՝ վերբալ լեզուն վերապահելով միայն ՍՍ-ին: Սպառնալիքների լեզվին այս օրերին փոխարինում են լֆիկա-շմայսական դիմակավորված բանդաները, իսկ ՍՍ-ն խոսելու ոչ ցանկություն, ոչ կամք, ոչ ժամանակ ունի, նա ղեկավարում է ժողովրդին ճնշելու գործողությունները:

Այսօր փողոցում առկա քաղաքացիների թիվն անսահման մեծ էր, ընդ որում փողոց էին դուրս եկել նաև Նիկոլ Փաշինյանի  «խաղաղ դիմադրության» ուսուցումը չանցածները՝ մերկ ձեռքերով, լուռ չընկրկելով, ամեն գնով բռնության սադրանքներից խուսափելով: Դե, գնացեք Հանրապետության հրապարակում հենց հիմա  «Կռունկ» երգողների վրա կրակեք: Այսօր ամբողջ օրը Երևան քաղաքի փողոցներում ոստիկանների հետապնդումներից փախչելով, «բերման» ենթարկվելով, ոստիկանական պատերը ճեղքելով հրապարակ են եկել, փայլուն ու գրագետ, չհոգնեցնող գործնական հռետորությամբ իրենց բողոքն են արտահայտել, փորձել են կազմակերպել իրենց վաղվա օրը և հիմա «Կանչե կռունկ» են երգում: Դուք մեդալներ և կոչումներ տվեք արմենչիկներին և գնացեք կրակեք բարձր արվետի այս ազնիվ մարդկանց վրա: Բավական եղավ ազատության շունչն զգացվի՝ բարձր արվեստը փոքր դահլիճներից դուրս եկավ և հրապարակ մտավ: Չհասցրիք ցածրարժեք սերիալներով և արմենչիկներով խեղդել մեր ժողովրդի իրական արժեքները: Ձեր հրապարակային միջոցառումներին երգում են սինթետիկ ռաբիզի արմենչիկները, մեր ժողովրդի նվաճած հարթակներում՝ Կոմիտասի մշակած փայլուն ժողովրդական իրական երգերը: Մինչ գրում էի՝ հիմա, այս պահին էլ երգում են «Բինգյոլի ճամփան»: Եվ ինչպե~ս են երգում: Գնացեք կրակեք Կոմիտասի վրա:

Ձերբակալել և անհայտ եք պահում Նիկոլ փաշինյանին որ ի՞նչ անեք, այսօր հրապարակում հարյուր հազար Նիկոլ Փաշինյան կար: Հարյուր հազարին ձերբակալելու և տեղերն անհա՞յտ եք պահելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter